Ինչպե՞ս կարող է Վատիկանը նպաստել մեր «հետպատերազմական խնդիրների» լուծմանը

Ինչպե՞ս կարող է Վատիկանը նպաստել մեր «հետպատերազմական խնդիրների» լուծմանը

Իտալիան կարծես թե դառնում է հայկական կրոնական եւ քաղաքական էլիտաների սիրելի երկիրը։ Բանն այն է, որ այժմ միանգամից մի քանի նշանակալի պատվիրակություն է գտնվում Իտալիայում՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր պատվիրակության հետ, հոկտեմբերի 5-ից, պետական այցով, Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը, ով կրկին հոկտեմբերի 5-ին էր մեկնել Իտալիա (զուգադիպությունները մի քիչ շատ են, այնպես չէ՞), նույնպես բավական մեծ պատվիրակությամբ, որի կազմում նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է: Մեկնել է մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կազմակերպած «Մարդիկ՝ որպես եղբայրներ, եւ երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները՝ երկխոսության մեջ» խորագրով համաժողովին եւ միջեկեղեցական աղոթքին։ Իտալիայում են նաեւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը քաղաքական դաշտ մտնելու հավակնություններ ունի:

Եթե նախագահ Արմեն Սարգսյանի դեպքում ամեն բան հասկանալի է, քանի որ «он же президент, который гуляет сам по себе», ապա կաթողիկոսի պատվիրակության կազմում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ներկայությունը բավական հետաքրքիր է։ Կաթողիկոսի եւ իր շքախմբի մասնակցությամբ նշված միջոցառման կրոնական-եկեղեցական բովանդակությունը մեզ առանձնապես չի հետաքրքրում, եւ այն այնքանով է ուշագրավ, որ կարող է մեր խնդիրների բարձրաձայնման համար հավելյալ լսարան լինել` ոչ ավելին, իսկ զուտ կրոնական հարցերի մասին առնվազն «բարեպաշտ հավատացյալները» կարող են խոսել։

Սակայն, դատելով Մայր Աթոռի եւ ՄԻՊ-ի գրասենյակի հրապարակած պաշտոնական հաղորդագրություններից, կարելի է եզրակացնել, որ Արման Թաթոյանն ունի այդ պատվիրակության կազմում բավական հումանիստական եւ կարեւոր առաքելություն՝ խոսել արցախյան 44-օրյա պատերազմի եւ դրա հետեւանքների մասին, ներկայացնել ճշմարտությունը, բարձրաձայնել Ադրբեջանում պահվող եւ ռազմաքաղաքական սակարկությունների առարկա դարձած հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, ահազանգել Ադրբեջանում հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին։

Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ վերջին շրջանում Մայր Աթոռը բավական հետաքրքիր գիծ է որդեգրել արցախյան 44-օրյա պատերազմի մասին ճշմարտությունը իր ունեցած հնարավորություններով աշխարհի կրոնական լսարանին ներկայացնելու հարցում, ինչի ապացույցը նաեւ վերջերս Մայր Աթոռում տեղի ունեցած միջեկեղեցական համաժողովն էր։ Իսկ որ կա անհրաժեշտություն՝ ներկայացնելու ճշմարտությունը եւ այդկերպ գոնե ինչ-որ առումով ադրբեջանական քարոզչությանը դիմագրավելու, դա ապացուցեց այդ համաժողովի շրջանակներում բրիտանական Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի` կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ արտահայտած այն միտքը, որ, ավաղ, բրիտանական միջավայրում շատերը եւ նաեւ իշխանությունները արցախյան խնդրի մասին շարունակում են մտածել այն կերպ, ինչ կերպ ադրբեջանական քարոզչությունն է հրամցնում` իրեն ներկայացնելով իբրեւ զոհ: Մինչդեռ իրականությունը լրիվ այլ է։

Կաթողիկոսի այս այցի շրջանակներում հետաքրքրական էր ՄԻՊ Արման Թաթոյանի եւ Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հանդիպումը, որի ընթացքում Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է փոխանցել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները եւ հիմնավոր ապացույցներ, որոնք փաստում են այդ վերաբերմունքի մասին:

Ընդգծել է՝ հրատապ է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները վերադարձվեն Հայաստան, շեշտել, որ կոպիտ կերպով ոտնահարված են միջազգային պահանջները, եւ նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ Հայաստանի ՄԻՊ-ն անդրադարձել է նաեւ պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջեւ ճանապարհներին, որով վտանգվել են մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում եւ Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել եւս տեղի են ունենում սահմանաբնակ քաղաքացիների, կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ եւ այլ հանցավոր արարքներ։

Իհարկե, կարող է տպավորություն ստեղծվել, թե Վատիկանն այն պետությունը չէ, որը կարող է ինչ-որ բան անել այս հարցերի հետ կապված, սակայն պետք չէ մոռանալ, որ նույնիսկ «մկան շեռն էլ ջաղացին օգուտ է», եւ բացի այդ՝ խոսքն ավելի քան մեկ միլիարդ լսարան ունեցող կաթոլիկ եկեղեցու ղեկավար մարմնի եւ մի պետության մասին է, որն իր ուրույն հարաբերություններն ու ազդեցության լծակներն ունի Ադրբեջանում (հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող ընտանիքի՝ Ալիեւների կողմից ստեղծված տարբեր հիմնադրամների՝ Վատիկանի հետ բավական հաջող համագործակցության փորձ կա)։