Կողմնակալ հումանիտար վերաբերմունք

Կողմնակալ հումանիտար վերաբերմունք

Հակոբյան Աննան սեպտեմբերի 6-ից Կիևում մասնակցում է «Առաջին տիկնանց և ամուսինների» ամենամյա գագաթաժողովին։ Դա «ցնցող» նորություն է, քանի որ տիկնոջ այցը, կարելի է, ասել գաղտնի է պահվել` այն բացահայտվել է գագաթնաժողովի կայքի հրապարակումից: Ռուսական տելեգրամյան ալիքների ասելով` տիկինը դատարկ չի մեկնել Կիև. նա հումանիտար բեռ է տարել իր հետ: Որքան հիշում եմ՝ հումանիտար բեռ էր ուղարկում Ուկրաինային նաև մեր թշնամին՝ Ադրբեջանը: Փաստորեն տիկնոջ ամուսնու, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, և Ադրբեջանի ղեկավարի դիրքորոշումներն այդ հարցում համընկնում են: Դեռևս միջնադարյան Եվրոպայում ձևակերպվել էր այն բանաձևը, ըստ որի, որևէ երկրի թշնամու բարեկամը չի կարող լինել նաև իր բարեկամը: Բայց, ինչպես երևում է, ժամանակները փոխվել են և մեր երկրում առողջ դատողությունը լեթարգիական քնի մեջ է: Համենայն դեպս, ՀՀ կառավարության առանձնասենյակներում ու միջանցքներում:

Իսկ ինչպիսի՞ն է ուկրաինական դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտությանը: «Տիկնանց և ամուսինների» գագաթաժողովի նախորդ օրը դա ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վլ. Զելենսկու գրասենյակի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը: Ճիշտ է, պարոն Արեստովիչն արդեն կես տարի է, ինչ լքել է խորհրդականի պաշտոնը քաղաքական բնույթի սխալ հայտարարության պատճառով, բայց չի դադարում լինել ուկրաինական իսթեբլիշմենթի (վերնախավի) ներկայացուցիչը: Նույնիսկ ասվում է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում նա ներկայանալու է որպես Վլ. Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությանը ձևական ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ: Ընդ որում, նշանակություն չունի, թե կպահպանվի արդյոք իշխող կուսակցությունը, թե նրան կփոխարինի մեկ այլ կուսակցություն: Եվ վերջապես ներկայացնեմ մեր խնդիրների առումով Արեստովիչի կարծիքը: Ահա այն. «Ադրբեջանցիները հազարավոր պահանջների միջոցով բոլոր տեսակի լուծումներ են առաջարկել։ Հայաստանը կարող է ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի փոխշահավետ առաջարկները, դուրս գալ ՀԱՊԿ-ից և միանալ այլ քաղաքական դաշինքների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին»:

Փաստորեն, Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել են փոխշահավետ առաջարկներ: Որքան տեղյակ եմ, Ադրբեջանի նախագահ Իլհամի կարծիքով ողջ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, ինչին ձգտում է նրա երկիրը: Իսկ Թուրքիայի տեսակետն էլ «Զանգեզուրի միջանցք» կոչվածն Ադրբեջանին զիջելն է: Որքան է այն փոխշահավետ Հայաստանի տեսակետից՝ Արեստովիչի հետ մեկտեղ կարող է իմանալ նաև միայն Նիկոլը: Ուրիշ հարց, որ դեռևս կես տարի առաջ խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արեստովիչն Ուկրաինայի համար փոխշահավետ չէր համարում նույնիսկ Ղրիմի մնալը Ռուսաստանի կազմում: Նույնիսկ Ղրիմի, քանի որ այն անցել է Ռուսաստանի կազմ ոչ թե պատերազմի, այլ տեղի բնակչության համարյա համատարած ցանկության հետևանքով: Ինչը և կյանքի է կոչվել հանրաքվեի միջոցով: Բայց, ինչպես ցույց է տվել կյանքը, այն, ինչը փոխշահավետ չի կարող լինել ուկրաինական տեսակետից, կարող է այդպիսին լինել նիկոլական տեսակետից:

Վերադառնալով Նիկոլի կնոջը՝ ասեմ, որ նա այսօր մի քանի տողով և լուսանկարով ֆեյսբուքում ներկայացրել է իր այցը «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդեսին: Սակայն ոչինչ չի ասել հումանիտար բեռի մասին, ինչի մասին դեռևս նախորդ օրը անորոշ գրել էին հայկական կայքերը` առանց տանողի անձը նշելու: Ինչը նշանակում է, որ այդ ընտանիքը դեռևս զգուշանում է ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ իր դիրքորոշումը բացահայտելու առումով: Չնայած, որքան էլ զարմանալի հնչի, մեկ-երկու օր առաջ իտալական La Repubblica պարբերականի լրագրողին տրված հարցազրույցում ընտանիքի հայրը բացահայտ ներկայացրել էր իր քաղաքական դիրքորոշման ողջ հակառուսականությունը: Ի դեպ, այդ ընտանիքը որևէ ձևով չի արտահայտել իր վերաբերմունքը ռուսական ենթակայության տակ անցած՝ Դոնբասի արևելյան մասի գնդակոծումների հետևանքով այնտեղ բնակվող երեխանների մահվան վերաբերյալ: Էլ չասած` հումանիտար բեռներ Դոնբաս չի ուղարկել։