Մարզպետը «ո՛չ կասկած, ո՛չ այլ մտորումներ այս պահին չունի»
Այսօր՝ մարտի 27-ին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չհայտարարված նախընտրական քարոզարշավի շրջանակներում ացելելու են Արմավիրի մարզ, կլինեն մի շարք համայնքներում, հանդիպումներ կունենան տեղի բնակչության հետ։ Թե կոնկրետ որ համայնքներ են այցելելու, մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը չցանկացավ բացահայտել, կարծես պետական գաղտնիք էր բացահայտում։ Ասաց, որ համայնքների հարցում դեռ վերջնական որոշում չկա։
Մինչդեռ, մեր տեղեկություններով, մարզպետն անձամբ է զբաղվում Նիկոլ Փաշինյանի այցը կազմակերպելով, եւ ինչպես անցած շաբաթ Արագածոտնի մարզում էին մարդկանց «հավաքել», այնպես էլ այստեղ են երեկվանից սկսել «հավաքագրումները»։ Սակայն Մաթեւոսյանը վստահեցրեց, որ այցով ոչ թե ինքը, այլ «վարչապետի պրոտոկոլն» է զբաղվում։ Պարզ է, որ անվտանգության խնդիրներից ելնելով են գաղտնի պահում վարչապետի այցելության երթուղին։ Բայց հարց է ծագում՝ ինչպե՞ս են նախընտրական քարոզարշավ անելու, չէ՞ որ ընտրողների հետ հանդիպումները պետք է գոնե նախապես հայտարարվեն, որ մարդիկ մասնակցելու հնարավորություն ունենան։
Արմավիրի մարզպետից հետաքրքրվեցինք նաեւ՝ ճի՞շտ է, որ մարզում վերջին օրերին իշխանական կուսակցությունն իր գրասենյակները վերաբացելու ակտիվ աշխատանքներ է սկսել, եւ դրանք որպես նախընտրական շտաբներ պետք է ծառայեն։ Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՔՊ վարչությունը որոշեց, որ ֆինանսական խնայողության նպատակով փակում է տարածքային գրասենյակները։ Իսկ 2021-ի հունիսին նախանշված ընտրություններին ընդառաջ, ամենուրեք վերաբացում են դրանք, աշխատակիցներ են ընդունում, նոր տարածքներ են վարձակալում՝ նախընտրական աշխատանքները, ըստ էության, սկսել են։ Սակայն մարզպետը, չգիտես ինչու, վրդովվեց մեր հարցից՝ ես ի՞նչ կապ ունեմ կուսակցական գրասենյակների կամ շտաբների հետ։ «Ես ո՛չ նախկինում եմ զբաղվել գրասենյակների փակելով, ո՛չ էլ հիմա բացելով եմ զբաղված»,- ասաց նա։ Հարցրինք՝ ինքն իշխող թիմի անդա՞մ չէ, թե՞ որոշել է չմասնակցել ընտրություններին։
«Ընտրությունները նախ պետք է որոշել, թե ինչ կարգով պիտի անցկացվեն՝ համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական։ Երբ ԱԺ-ն նման որոշում կընդունի եւ այդ որոշումը կհրապարակի, այդ ժամանակ, երբ ամեն ինչ հաստատ կլինի, ու երբ ինձ կառաջարկեն մասնակցել, սիրով կմասնակցեմ»։ Այսինքն, մարզպետն էլ չի հավատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը եւ կասկածում է, որ ընտրությունները կլինեն։ «Ես ո՛չ կասկած, ո՛չ այլ մտորումներ այս պահին չունեմ, կարծում եմ, որ մեզ պետք են ընտրություններ»։ Հիշեցրինք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն օրերս հստակեցրեց, որ փակ համամասնական ընտրակարգով են ընտրության գնալու՝ հրաժարվելով ռեյտինգայինից, սակայն մարզպետի համար, հավանաբար, բարդ հարց էր, եւ նա հայտարարեց, որ մենք խանգարում ենք իրեն, ու անջատեց հեռախոսը։
Կարծիքներ