«Յուքոմը» հաստատեց. Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը

«Յուքոմը» հաստատեց. Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը

Ինչպես մենք գրել էինք,«Յուքոմ» ընկերությունը դիմել է դատարան՝ «ԹԻՄ» ՍՊԸ-ի դեմ՝ անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այն է՝ «Թիմ» ՍՊ ընկերությանը «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման շուրջ բանակցություններ վարելը և «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման բանակցող գործարքը կնքելն արգելելու պահանջով: Երեկ մենք գրել էինք, որ դատարանը՝ վրիպակների պատճառով հետ է վերադարձրել հայցադիմումը, առաջարկելով ուղղել վրիպակները։

Այսօր մենք տեղեկացանք, որ հայցն արդեն նորից է ներկայացվել դատարան եւ դատարանն այն վարույթ է ընդունել։ Ավելին՝ մասնակիորեն բավարարել է հայցվորի պահանջը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ 

Ըստ այդմ՝ դատարանը «արգելել է «Թիմ» ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարք եւ գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները»։ «Թիմ»- ի եւ «Վեոնի» միջեւ բանակցությունները եւս արգելելու պահանջը դատարանը մերժել է։

«Յուքոմ» ընկերությունը քիչ առաջ հաղորդագրությւոն է տարածել՝ նշելով․

«Ի պաստասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ ս. թ. օգոստոսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարանը բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ապահովման միջնորդությունը մասնակի՝ այն մասով, որ արգելել է «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռք­բեր­ման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները:

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարան ընդդեմ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ խնդրելով հաստա­տել, որ առկա պայմաններում «ԹԻՄ» ՍՊԸ կողմից «Վեոն Արմե­նիա» ՓԲԸ բաժնե­տոմ­սերի ձեռքբերման բանակցային գործընթացում «Յուքոմ» ՓԲԸ պատ­կանող չբացահայտված տեղեկատվության օգտագործումը և «ԹԻՄ» ՍՊԸ հիմ­նա­­դիրների կող­մից «Յուքոմ» ՓԲԸ հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորություն­ների խախ­տումը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն, ինչպես նաև պարտավորեցնել «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը:

Նշենք, որ «Յուքոմ»-ը միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց, մասնավորապես, «ԹԻՄ» ՍՊԸ-ին արգելել վարել բանակցություններ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման վե­րա­բերյալ գործարքի կնքման շուրջ, ինչպես նաև կնքել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժ­նետոմսերի ձեռքբերման բանակցվող գործարքը (ստորագրել գործարքը և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունք­ները):

Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ «Յուքոմ»-ը ձեռնպահ է մնում հետագա տեղեկատվության տրամադրումից, սակայն գործի հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն հանրությանը: