Պուտինին գոնե առերևույթ սիրելու ժամանակը

Պուտինին գոնե առերևույթ սիրելու ժամանակը

Արդեն մի քանի օր է, ինչ մամուլն աչքի անցկացնելիս նկատում եմ, որ ընդհուպ հակառուսական կեցվածք ունեցող և ավանդական արևմտամետ լրատվամիջոցներն են սկսել ՌԴ նախագահի գովքն անել: Խեր լինի… Որ թերթը բացում ես՝ «Պուտինը Ալիևին մերժեց», որ կայքը կտտացնում ես՝ «Պուտինը Թուրքիային երես չի տալիս», «Ալիևը նեղված է Հայաստանին ռուսական ռազմական օգնությունից», «Ադրբեջանը հանձնվեց», «Ռուսաստանը չի ների Թուրքիա-Ադրբեջան մերձեցումը» և այլն: Հաշվի առնելով ՀՀ ԱԳՆ-ի և անձամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի քրոնիկ լռակյացությունն այս հարցերում՝ կարելի է նույնիսկ պնդել, որ այդ գերատեսչության պարտականություններն իր վրա է վերցրել արևմտամետ մամուլը և օրվա կուրսին համապատասխան պուտինյան երգեր է երգում:

Հայտնի չէ նաև ՀՀ կառավարության տեսակետը, որին, ճիշտ է, ոչ Ռուսաստանում և ոչ էլ Արևմուտքում չեն սպասում, բայց, ըստ իս, կարող էր բավականին կարևոր լինել «օրվա կուրսը» հասկանալու առումով: Ի մասնավորի՝ Պուտինի հետ կարող էր հեռախոսազրույց ունենալ նաև Փաշինյանը և, ի տարբերություն Ալիևի, որն ասել է, թե Թուրքիան է Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը, հայտարարեր, որ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանի թիվ մեկ դաշնակիցը Ռուսաստանն է: Ես դեռ հույս ունեմ, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի աշխատակազմերը «սողանցք» կգտնեն Պուտինի բազմազբաղ գրաֆիկի մեջ և կկարողանան մի կարճատև մոսկովյան այց կազմակերպել Փաշինյանի համար՝ ի նշանավորումն տավուշյան դեպքերի բարով-խերով հանգուցալուծման: Հակառակ պարագայում մի հեռախոսազանգն էլ բավական է, այլապես ստացվում է, որ Պուտինը Ալիևի հետ շփվում է, իսկ Փաշինյանի հետ՝ ոչ:

Այսուհանդերձ ճիշտ չի լինի, եթե ասենք, որ ՀՀ կառավարությունն ընդհանրապես չի մասնակցում «ռուսամետության» այս զարթոնքին, որ նկատվում է հայաստանյան հակառուսական մամուլում: Ավելին ասեմ, տպավորություն ունեմ, որ ՀՀ իշխանություններն իրենց  ԶԼՄ-ներին առաջ են տվել ու իրենք հետևներից մարշ ածելով գալիս են: Ի՞նչ արժեր, օրինակ, ամենածայրահեղ հակառուսական ուժի՝ «Սասնա ծռերի» նկատմամբ «դատարանային» հաշվեհարդարը՝ խմբավորման անդամների համար պետական մեղադրողի կողմից ցմահ պատժաժամկետ կիրառելու պահանջի տեսքով: Կրեմլում, բնականաբար, իմացան այդ մասին, և դա կգրեն Նիկոլ Փաշինյանի հաշվին, որպես «անառակ որդու» վերադարձի վկայություն: Այդպիսի մի վկայություն է նաև սորոսական տականքի դեմ Հայաստանում սկսված բողոքի ալիքը, ինչին Փաշինյանը չի փորձում ընդդիմանալ և թույլ է տալիս, որ այն լիարժեք տարածվի: Զգացվում է, որ այս ճակատում Մարգարիտա Սիմոնյանն իսկապես բացել է Փաշինյանի աչքերը և նրան ճիշտ ճանապարհ հուշել: Բա ի՞նչ էիք կարծում, մեր պետական կառույցներում բուն դրած սորոսական կարկառուն տականքներն իզո՞ւր էին թռչում Մարգարիտա Սիմոնյանի դեմքին…

Հետաքրքիր է, որ իրենց հակառուսական «դայլայլը» մեղմացրել են նաև Սծյոպիկ Սաֆարյանի, Արման Բաբաջանյանի, Դանիել Իոննիսյանի և Արթուր Սաքունցի կարգի սորոսական գրանտակերնեը, որոնք ոչ ոքի չէին խնայի առանց Արևմուտքի հրամանի: Մինչդեռ նրանք Պուտինին և ռուսական 102-րդ ռազմակայանը մոռացած՝ քննադատում են ՀՀ վարչապետին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու համար: Նրանց կողմից Փաշինյանին քննադատելը նոնսենս է, իհարկե, բայց չի բացառվում, որ Կրեմլում, այդ մասին լսելով, կսկսեն մտածել, որ Նիկոլ Վովաևիչը, հավանաբար, «փոխում է մասնագիտությունը», իսկ ավելի ստույգ՝ «օրիենտացիան» և կողմնորոշվում դեպի ավանդական դաշնակիցը: Իսկ թե ինչու են սորոսականներն օգնում Փաշինյանին «ռուսամետ» դառնալու հարցում, կարծես հասկանալի է: Նրանց համար ավելի լավ է Հայաստանում ունենալ արտաքուստ ռուսական կողմնորոշմամբ  սորոսական վարչապետ, քան թե, Աստված չանի, գա մի նոր իշխանություն և իրենց յոթն ու քառսունքը մի տեղ անի:

Ինչով կպսակվի Պուտինի աչքը մտնելու Փաշինյանի այս նոր նախաձեռնությունը, դժվար է ասել: Ամեն ինչ կախված է այն բանից, թե կդիմանա՞, արդյոք, Փաշինյանը հետագա փորձություններին, որ կառաջադրի Կրեմլը՝ նրա հավատարմությունն ստուգելու համար: Զորօրինակ՝ Ռուսաստանի հանգույն արգելել բոլոր կասկածելի ՀԿ-ների գործունեությունը, սորոսականներին վռնդել պետական շենքերից, ԼԳԲՏ քարոզչությունը հռչակել քրեական հանցագործություն, գրողի ծոցն ուղարկել բոլոր այն դդում նախարարներին, որոնք զբաղված են Հայաստանն ու հայ ժողովրդին Սորոսի ամենակուլ երխն ուղարկելու գործով: Փաշինյանի հետագա պաշտոնավարումը, կարծում ենք, այսպիսի բաներով է պայմանավորված լինելու: Սահմանադրական կարգը տապալած և երկրի ինքնիշխանությունը դրսի ուժերին դե ֆակտո վաճառած ղեկավարները, սովորաբար, պաշտոնավարում են այնքան, որքան կամենում են այդ ուժերը:

Դիցուք մենք, որ վերջին տարիներին կռվախնձոր էինք ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Փաշինյանի խելամիտ կառավարման շնորհիվ կրկին հայտնվել ենք թուրքական զնդանի և ռուսական մուրճի արանքում: Եվ մեր ընտրությունը մեծ չէ՝ կամ թուրքական չափորոշիչներ կամ ադապտացում հայ-ռուսական միանգամայն «նոր տիպի» հարաբերություններին: Երկուսն էլ մի բան չեն, բայց Փաշինյանը, կարծես, վատագույնին է հակված՝ թուրքական չափորոշիչներին, ինչի մասին նույնիսկ պաշտոնապես է հայտարարել՝ պաշտպանելով Հայաստանի կրթական համակարգը թուրքական ռելսերի վրա տեղափոխելու դդում ծրագիրը: