Դատարանը կասեցրել է «Թիմ»-ի եւ «Վեոն»-ի միավորման գործընթացը

Դատարանը կասեցրել է «Թիմ»-ի եւ «Վեոն»-ի միավորման գործընթացը

Մենք երեկ գրել էինք, որ «Յուքոմ» ընկերությունը դիմել է դատարան՝ «ԹԻՄ» ՍՊԸ-ի դեմ՝ անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այն է՝ «Թիմ» ՍՊ ընկերությանը «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման շուրջ բանակցություններ վարելը և «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման բանակցող գործարքը կնքելն արգելելու պահանջով: Երեկ մենք գրել էինք, որ դատարանը՝ վրիպակների պատճառով հետ է վերադարձրել հայցադիմումը, առաջարկելով ուղղել վրիպակները։

Այսօր մենք տեղեկացանք, որ հայցն արդեն նորից է ներկայացվել դատարան եւ դատարանն այն վարույթ է ընդունել։ Ավելին՝ մասնակիորեն բավարարել է հայցվորի պահանջը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ 

Ըստ այդմ՝ դատարանը «արգելել է «Թիմ» ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարք եւ գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները»։ «Թիմ»- ի եւ «Վեոնի» միջեւ բանակցությունները եւս արգելելու պահանջը դատարանը մերժել է։ 
Սա նշանակում է, որ 6 ամսով արգելանք է դրվել Թիմի եւ Վեոնի՝ Բիլայնի ձուլման գործընթացի վրա, ինչը շատ բարդացնում է Եսայան եղբայրների գործը, որոնց ընկերությունը, ըստ էության, չի կարող այդ ամբողջ ընթացքում գործել, իսկ իրենք աշխատողներ են ընդունել, ծախսեր են արել։ Բացի այդ, մենք գրել էինք, որ Արդշինբանկը մերժել է 60 միլիոն դոլարի վարկային գծի բացումը։ Այժմ բանակցություններ են ընթանում այլ բանկերի հետ, ինչի մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր նաեւ «Թիմ»-ի սեփականատեր Ալեքսանդր Եսայանը։ 

Նկատենք, որ, ըստ մասնագետների, այս պրոցեսում կասկածելի շտապողականություն է դրսեւորել ՏՄՊՊՀ-ն՝ թույլատրելով «Թիմ»-ի կողմից «Վեոնի» բաժնետոմսերի գնումը։ Եւ այդ շտապողականության մեջ նրանք տեսնում են պետական բարձրաստիճան այրերի շահագրգռությունը։