Ինչպես կարելի է հասնել խաղաղության՝ ըստ թուրք փորձագետի

Ինչպես կարելի է հասնել խաղաղության՝ ըստ թուրք փորձագետի

«Խաղաղության գործընթացը կարևոր գիծ է և հնարավորություն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ միասին լինելու տեսանկյունից»։ Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է թուրք փորձագետ Էմրե Դիները։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության, երբ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, Էմրե Դիները նշեց, որ տեղյակ է այդ մասին, սակայն ասաց, որ ամենակարևորը պետք է լինի խաղաղության գործընթացի վերջնական արդյունքը։

«Եթե ուզում ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա պետք է կենտրոնանալ միայն խաղաղ բանակցությունների գործընթացի վրա։ Կարևոր չէ, թե ինչ են երբեմն ասում Երևանից, Անկարայից կամ Բաքվից։ Հասկանում եմ, դա շատ դժվար է շարքային քաղաքացիների համար։ Պետք չէ ականջալուր լինել ամեն ինչին։ Երեք երկրները պետք է մտածեն միայն խաղաղության հասնելու մասին։ Հայերն ու ադրբեջանցիները պետք է բանակցեն բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ։ Ոչ ոք չի ասում, որ գործընթացը հեշտ է, բայց անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել, որովհետև ոչ ոք չի կարող մեկուսացված ապրել առկա խնդիրների պատճառով։ Ընդ որում՝ երկխոսությունն էլ չպետք է լինի ինքնանպատակ»,- ասաց թուրք փորձագետը։

Դիներն ընդգծեց, որ իրենք հավատում են խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում և վկայակոչեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ տարածաշրջանում խաղաղ գոյակցելու անհրաժեշտության վերաբերյալ։