Բաց նամակ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին

Բաց նամակ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՊՏՀ ուսանողներն ու մի շարք այլ շահառուներ պաշտոնական նամակով դիմել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ բուհի ռեկտորի նախկին ժ/պ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի չեղարկման խնդրով։ 

Ինչպես հայտնի է, օգոստոսի 21-ին նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Ռ․ Հայրապետյանը հրաժարական կներկայացնի, ինչին հաջորդեց ուսանողների և շրջանավարտների կողմից կազմակերպված ստորագրահավաքը՝ ի աջակցություն ռեկտորի։ Ստորագրահավաքը, որի մասնակիցների թիվը հատել է 1900-ի սահմանը, առցանց տիրույթից տեղափոխվեց նյութական իրականություն․ ուսանողները 11 աշխատանքային ժամվա ընթացքում հավաքագրեցին 255 ստորագրություն։ 

Հազարավոր ուսանողների անունից հանդես եկող այս 255 պատվիրակներն Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում անդրադառնում են հարազատ բուհում ստեղծված անառողջ դրությանը, բարեփոխումների գործընթացի անարդարացի ընդհատմանը, ակադեմիական ոլորտում առկա համակարգային խնդիրների պատճառով Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ խտրական և ընտրովի արդարադատության կիրառմանը։ Ուսանողներն այսպիսով կարևոր քայլ են կատարում ոչ միայն բարձրորակ կրթության իրենց իրավունքը պաշտպանելու, այլև գիտակրթական համակարգի զարգացման սաղմերը ոչնչացումից փրկելու համար։ Անառարկելի է նաև դրության արդարացի հանգուցալուծման կարևորությունը մեր երկրի տնտեսության համար, քանի որ ՀՊՏՀ-ն հանդիսանում է ազգային տնտեսագիտական մտքի զարգացման կարևորագույն կենտրոն։

Տնտեսագիտական համալսարանի շահառուները հորդորում են նախարարին ունկնդիր լինել սեփական անաչառությանն ու արդարամտությանը՝ համակարգային խնդրի պատասխանատվությունը չդնելով մեկ անձի ուսերին, հետևողական լինել համալսարանում բարեփոխումների գործընթացի արդեն իսկ փաստացի ընդհատմանը և չեղարկել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։