Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Մարգարետ Ասլանյանի «Կարմիր հյուսիս» բանաստեղծական շարքը, Մհեր Արշակյանի սյունը` «Холостой ազգը» վերտառությամբ: Լիլիթ Աղաջանյանի հարցազրույցը լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ: Արմինե Օլեյանի «Իմ անունը Հասմիկ է» նվիրումի խոսքը` ի հիշատակ մարտի դաշտում զոհված զինծառայող Հասմիկ Արզումանյանի: Ինչպես նաեւ Սիրան Գրիգորյանի «Գայանեն եւ ապաստարանների երեխաները», Մարինե Գասպարյանի «Մանկությանս հոտը` պատերազմ», Հաս Չախալյանի «Ոսկորների վավերագրություն» էսսեները, Էդգար Թաթիկյանի «Երկու խաղաղ առավոտ» պատումը: 

Համո Սահյանի` 1988-1992թթ-ի մտորումները ժամանակի խնդիրների մասին, գրեթե 30 տարի անց չեն փոխվել: Թերթում ներկայացրել ենք բանաստեղծի խոսքը հայրենիքի եւ Արցախյան պատերազմի շուրջ: Հուսիկ Արան «Հայրենիքում» բանաստեղծական էջը կազմել է համեմատաբար քիչ շրջանառված բանաստեղծություններից, որոնք սակայն վիճարկելի չեն իրենց գեղարվեստական արժեքով: Վարդան Ֆերեշեթյանը հատվածներ է ներկայացրել Հակոբ Օշականի «Սիւլէյման Էֆէնտի» վեպից, որոնք առավել քան այժմեական են այսօր:

Ինչպես նաեւ սլովեն մշակութաբան Սլավոյ Ժիժեկի հոդվածներից մեկն այն մասին, թե մարդիկ ինչպես են ապրելու վարակակիր աշխարհում, որտեղ հարկադրված են լինելու ընտրություն կատարել համերաշխության ու շահութաբերության միջև` թարգմանությամբ Անուշ Բաբայանի: