Պտույտ մը Հայաստանի նախարարություններու մեջ. մաս II

Պտույտ մը Հայաստանի նախարարություններու մեջ. մաս II

Առողջապահության նախարարությունից մեկ օրում պատասխանեցին այն պատճառով, որ, ենթադրում եմ, օգնականները նախարարին արագ զեկուցել էին, իմ գրությունն էլ հստակ, սպառիչ, հղումներով բացատրում էր Իսպանիայի ազգային վիզայի համար դիմելիս բժշկական տեղեկանքի հետ ծագող խնդիրը: Արդյունքում 16.06.2022թ․-ին մուտքագրված իմ գրության համար պատասխանելու վերջնաժամկետ էր սահմանվել 17.06.2022թ. ժամը 18:00-ն: Կրկնեմ` միանգամայն գնահատում եմ ե՛ւ նախարարի օգնականների պարտաճանաչությունն ու գործելու արագությունը, ե՛ւ նախարարի կողմից ժամանակ գտնելը, հանպատրաստից բերված դիմումին ծանոթանալ-ընթացք տալը: 

Սակայն էականն այն է, թե ինչ էին պատասխանել: Պատասխանն ուղարկվել էր ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալի ստորագրությամբ (Վահե Հակոբյան): Առաջինը տեղեկացրել էին, որ առողջապահության նախարարի 06.12.2021թ․ թիվ 88-Ն հրամանով հաստատվել են մի շարք բժշկական տեղեկանքների ձեւեր, այդ թվում՝ արտերկիր մեկնող մեծահասակներին տրվող բժշկական եզրակացության ձեւը: Երկրորդ` հայտնել էին. «Ինչ վերաբերում է Ձեր ազգականի՝ Իսպանիա մեկնելու մուտքի արտոնագիր ստանալու համար հատուկ բժշկական հավաստագրի տրամադրմանը, ապա եթե քաղաքացին բժշկական կազմակերպություն ներկայացնի տվյալ փաստաթղթի հայերեն թարգմանված, նոտարական կարգով վավերացված տարբերակը, բժշկական կազմակերպությունը կարող է վճարովի հիմունքներով կազմակերպել անհրաժեշտ նեղ մասնագիտական խորհրդատվություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները, եւ արդյունքները տրամադրել քաղաքացուն»: 

Ավելորդ է ասել, որ պատասխանը գործնական որեւէ օգտակարություն չուներ. իմ ազգականը մեկնեց Մոսկվա, այնտեղ, ինչպեսեւ սպասելի էր, մի կողմ էին թողել Հայաստանում տրված տեղեկանքը, ուղարկել էին Մոսկվայի բուժհաստատություններ` անհրաժեշտ ձեւի եւ բովանդակության տեղեկանք ստանալու: Ինչպես տարիներ շարունակ հարյուրավոր կամ հազարավոր այլ հայաստանցիներ, իմ ազգականն էլ ինչ-որ պրոցեդուրաներ անցնելով եւ վճարումներ կատարելով, մոսկովյան բուժհաստատությունից նոր տեղեկանք էր ստացել եւ ներկայացրել հյուպատոսություն: Քանի որ բոլոր մյուս փաստաթղթերն էլ պատշաճ վիճակում էին, 4-5 օրում ազգային վիզան տվեցին, վերադարձավ Հայաստան եւ այժմ մշտական բնակության է մեկնում Իսպանիա: Այսինքն՝ հերթական անհատի համար խնդիրը կարգավորվեց` շրջանցելով Հայաստանի ողջ առողջապահական համակարգը: 

Իսկ դա, որքան էլ անհատի համար արդյունավետ ուղի լինի, ՀՀ առողջապահական իշխանությունների համար անհանդուրժելի եւ անպատվաբեր վիճակ է: Այլ հարց, որ նաեւ օրինաչափ վիճակ է. եւ ահա թե ինչու: Ընդամենը ուշադրություն դարձնենք, թե ինձ ուղարկված նախարարության պատասխանում ինչ էր գրված եւ դրանից ինչ է արտածվում: Առաջինը եւ զարմացնողը` ՀՀ առողջապահության նախարարությունում այն աստիճան չգիտեն անգլերեն, որ ընդամենը մեկ պարզունակ նախադասություն՝ “This medical certificate certifies that Mr./Mrs. does not suffer from any of the diseases that may have serious public health repercussions in accordance with the provisions of the International Health Regulations of 2005”, չեն կարողացել ըմբռնել (չնայած ապահովության համար ոչ միայն անգլերեն, իսպաներեն բնագիրն ու հղումը, այլեւ հայերեն թարգմանությունն էի ուղարկել): 

Երկրորդ` բացարձակապես չեն ընկալել, որ ոչ մի հատուկ տեղեկանք, նեղ մասնագիտական խորհրդատվություն, լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություն չի պահանջվում: Պահանջվում է ընդամենը սեւով-սպիտակին գրել, ստորագրել եւ կնիքով վավերացնել, որ անձը չի տառապում հանրային առողջության համար վտանգ ներկայացնող ոչ մի այնպիսի վարակիչ հիվանդությամբ, որ մատնանշված է International Health Regulations 2005-ում (զորօրինակ` խոլերա, ժանտախտ, տիֆ, դեղին տենդ, SARS) եւ այլն: 

Երրորդը, ամենակարեւորն ու ապշեցնողը` ՀՀ ԱՆ-ում չէին ընկալել, թե ինչ է International Health Regulations-ը (IHR): Իսկ այդ IHR-ը, պարզվում է, առողջապահության ոլորտի հիմնարար միջազգային համաձայնագիրն է, պարտադիր իրավական ուժ ունեցող եւ Հայաստանի կողմից ստորագրված, որի ամբողջական անվանումն անգլերեն հնչում է International Health Regulattions 2005, ռուսերեն` Международные медико-санитарные правила 2005, իսպաներեն` Reglamento Sanitario Internacional 2005, հայերեն, ենթադրելի է` Միջազգային բժշկա-սանիտարական կանոնակարգ 2005… ԱՆ-ում այս համաձայնագրի մասին չիմանալը նույնն է, ինչ, ասենք, դատական համակարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասին չիմանան: Այդպես պատահո՞ւմ է: Սա ի՜նչ սյուրռեալիստական իրականություն է…

Եթե IHR-ը ստորագրած ՀՀ առողջապահության նախարարությունում չգիտեն, թե Միջազգային բժշկա-սանիտարական կանոնակարգն ինչ է, ինչ հիվանդությունների է դա առնչվում, ինչ տեղեկանքով պետք է հավաստել, որ անձը դրանցով չի տառապում, ապա բուժհիմնարկնե՞րը որ ակնկալությամբ պետք է այդքանն իմանան… «Տեղեկացվածության» ու «գրագիտության» այս վառ պատկերը պետք է հաղթահարվի նախ նախարարությունում, հետո բուժհիմնարկներից կամ պոլիկլինիկաներից ինչ-որ բան պահանջվի: Հուսանք՝ ԱՆ-ում իրավիճակը մոտ ապագայում կկարգավորեն, այլապես կմնա գրել IHR-ի վերահսկող կոմիտե եւ տեղյակ պահել, թե ինչ անմխիթար վիճակ է տիրում Հայաստանում IHR-ին առնչվող տեղեկանքների տրամադրման հարցում: 

Բոլոր օրինախախտումների գագաթնակետը` Էկոնոմնախ

 Այս նախարարության հետ իմ առնչությունը սկսվել էր ավելի վաղ` ընթացիկ տարվա ապրիլին, երբ «Հրապարակում» հրապարակեցինք «Վահան Քերոբյանը նախարա՞ր է, թե՞ ֆիկցիա» հոդվածը: 
Հոդվածը վերաբերում էր էկոնոմիկայի նախարարությունում եւ, մասնավորապես, դրա կազմում գործող Մտավոր սեփականության գրասենյակում տիրող վիճակին, երբ մրցույթում հաղթած մասնակցին ապօրինի կերպով պաշտոնի չեն նշանակում, գործակալության պետի պաշտոնի շուրջ ինչեր են կատարվում, ինչպես է պետի պաշտոնակատարը` Համբարյան ազգանունով (ենթադրելի է՝ նախարարության անձնակազմի կառավարման վարչության եւ գլխավոր քարտուղարի գիտությամբ ու թողտվությամբ), գիտակցաբար ստում եւ կեղծում պաշտոնական փաստաթղթերը` թաքցնելու համար իր անձին առնչվող շահերի բախման եւ այլ սահմանափակումների իրողությունը, եւ այլն:     

Հոդվածը հետաքրքրել էր ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, այնտեղից ինձ զանգահարեցին՝ լրացուցիչ տեղեկությունների համար: Ասացի, որ, իհարկե, ես խախտումների մասին գիտեմ ավելին, քան հոդվածում գրել եմ, այդ տեղեկությունները գրավոր, պաշտոնապես իրենց կհայտնեմ` խնդրելով, որ ուսումնասիրեն եւ քայլեր ձեռնարկեն: Դա էլ լրացուցիչ ազդակ ծառայեց, որ շուրջ երկու էջ ծավալով նամակ գրեմ եւ ուղարկեմ թե՛ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, թե՛ վարչապետի աշխատակազմի ղեկավարին, թե՛ նույն աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին:

Արդյունքում եւս մեկ անգամ առիթ ներկայացավ համոզվելու, որ կառավարության գործարկած էլեկտրոնային դիմումների e-request համակարգն աշխատում է` այն աստիճան, որ պետական մարմինների, պաշտոնյաների էլեկտրոնային հասցեներին ուղարկված դիմումներն անգամ այդտեղ մուտքագրվում են, ընթացք է տրվում, եւ պատասխան է հետեւում: Չեմ կարծում, թե պատասխանները միշտ են ադեկվատ լինում, բայց իմ նամակի դեպքում անգամ պատասխանի ադեկվատությունն էր գոհացնող: 

Երեւի մեկ շաբաթ-տասն օրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացրին, որ աշխատակազմը հարցը նախապատրաստել է, եւ ներկայացվում է հանձնաժողովին, վարչապետի աշխատակազմից էլ ուղարկել էին Քաղաքացիական ծառայության ղեկավարի գրության պատճենը, որով նա իմ նամակի հիման վրա էկոնոմնախից պահանջել էր բոլոր այն պաշտոններին առնչվող մրցույթների փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց անդրադարձ կար նամակում` Մտավոր սեփականության գրասենյակի պետի պաշտոնի համար մրցույթի, պետի տեղակալի եւ կազմակերպա-իրավական բաժնի պետի:     Հունիսի սկզբին ստացվեցին արդեն վերջնական պատասխանները` ե՛ւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից` նախագահ Հայկուհի Հարությունյանի ստորագրությամբ, ե՛ւ Քաղաքացիական ծառայության գրասենյակից` ղեկավար Վաչե Քալաշյանի ստորագրությամբ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր պատասխանում արձանագրել էր այն, ինչի մասին իմ նամակում ահազանգել էի.
- Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Ք. Համբարյանը եւ գրասենյակի` պետական գրանցամատյանների բաժնի պետ Ա. Աբգարյանը եղել են զարմիկներ։ 
- Կազմակերպա-իրավական բաժնի պետի պաշտոնի համար մրցույթին, որին մասնակցում էր Ա. Աբգարյանը, հարցազրույցի փուլում հանձնաժողովի հինգ անդամներից մեկը եղել է Աբգարյանի մորաքրոջ աղջիկը` Ք. Համբարյանը։ 
- Մտավոր սեփականության գրասենյակի պետի պաշտոնի համար մրցույթին, որին մասնակցում էր Ք. Համբարյանը, հարցազրույցի փուլն անցկացնող հանձնաժողովի կազմում նշանակված է եղել Համբարյանի մորաքրոջ որդին` Ա. Աբգարյանը: 
- Հարցազրույցների հարցաշարերի` մտավոր սեփականության ոլորտին առնչվող հարցերը կազմողը եղել են նույն Ք. Համբարյանը, վերջինիս զարմիկ Ա. Աբգարյանը եւ Աբգարյանի կինը:
Իմ կողմից ավելացնեմ, որ այս ճչացող օրինախախտումն է, ըստ իս, բացատրում, թե ինչպես է Համբարյանն ի զորու եղել հարցերին պատասխանել: 

Նույն իրողություններին, բնականաբար, տեղեկացել էր նաեւ Քաղաքացիական ծառայության գրասենյակը եւ անգամ ինձ ուղարկված պատասխանում արձանագրել էր, որ «Էկոնոմիկայի նախարարի 2022 թվականի ապրիլի 8-ի «Էկոնոմիկայի նախարարի 2022 թվականի ապրիլի 7-ի N 435-Կ հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 442-Կ հրամանով փոփոխություն է կատարվել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ձեւավորված հանձնաժողովի կազմում, եւ Ա. Աբգարյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նույն գրասենյակի տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման եւ հրապարակումների բաժնի պետը»։

Արդյունքում ամենքի համար պարզ էր դառնում, որ Մտավոր սեփականության գրասենյակի պետի պաշտոնի համար մրցույթին փաստաթղթեր ներկայացնելիս Ք. Համբարյանը հայտնել է, նշանակումից հետո էլ ստորագրել է թղթերի ներքո՝ հավաստելով, թե ինքը մրցույթին մասնակցելիս չունի շահերի բախման կամ ազգակցական կապերի սահմանափակմանն առնչվող խնդիր: Այսինքն՝ օրը ցերեկով ստել է, կեղծել է եւ ստորագրել է իր հայտնած կեղծ տեղեկությունների ներքո: Իսկ այդ ամենի բացահայտումից հետո ի՞նչ հետեւեց: 

Շարունակությունը՝ հաջորդիվ