Խորտակվող նավի վրա երգեր են երգում, որ իբր չենք խորտակվում՝ ուղղակի ջուրն է բարձրացել

Խորտակվող նավի վրա երգեր են երգում, որ իբր չենք խորտակվում՝ ուղղակի ջուրն է բարձրացել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին է պատասխանել։ Եւ հերթական անգամ հայտարարել է, որ Երևանը ադրբեջանական հին քաղաք է և այն Հայաստանին հանձնելը պատմական հանցագործություն է եղել, իսկ Ջերմուկն էլ «ադրբեջանական-պապական հող» է, ու իրենք այն կարող էին ուժով գրավել, բայց չեն գրավել։

«Հրապարակի» հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ Ալիևը Փաշինյանին «փչացնելով»` իր օրակարգն առաջ է տանում։

«Արցախի հարցը բանակցային պրոցեսից դուրս է եկել, արցախահայության խնդիրը պրոցեսից դուրս է եկել, Ալիևը անթաքույց տարածքային նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, չնայած անունը դրել է, որ իրենք չեն զավթելու, բայց այս քաղաքն է ադրբեջանական, այն քաղաքն է ադրբեջանական»։

Ադրբեջանագետը հիշեցնում է, որ հինգ տարի ամեն օր այս մասին ահազանգել է՝ պարզապես հիմա այդ ամենը դարձել է ավելի ակնառու և շոշափելի։ Ու չնայած շատերն ասում են, որ Ալիևի այս հայտարարություններն ավելի շատ ճնշման միջոց են, Ադիբեկյանը նկատում է, որ այստեղ հարցը ճնշում գործադրելը չի, հարցը այդ ճնշումներին դիմակայելու ունակությունն ու ցանկությունն է։

«Փաշինյանն ու իր թիմը մատաղի գառան պես վիզները դրել են քարին ու մեր վիզն էլ` իրենց հետ միասին։ Սա է հարցը, այսինքն, տանում են Հայաստանը կործանման, խորտակվող նավի վրա երգեր են երգում, որ իբր չենք խորտակվում՝ ուղղակի ջուրն է բարձրացել, հիմա իջնելու է՝ չկա նման բան։ Հայաստանը գնում է ոչնչացման»,-ասաց ադրբեջանագետը։

Պատճառը դա է, որ Ալիևն ու Ադրբեջանի վերնախավը հրաժարվում են կոնկրետ թիվ նշել, երբ խոսում են Հայաստանի տարածքային ամբողջականությունից` ոչ մի կերպ չեն արտաբերում 29,8 հազար ք/կմ-ը։ Ադրբեջանցիներն ունեն կոնկրետ տարածքներ, որոնք պետք է զավթեն, որոնք պետք է Հայաստանից պոկեն, կարծում է մեր զրուցակիցը։ Նույն Զանգեզուրի միջանցք կոչվածը, թուրք-ադրբեջանական տանդեմի հայտարարությամբ` 2028 թվականին իրենց ուզած ձևաչափով իրագործվելու է։ 

Հետաքրքիր է, այդ դեպքում ինչո՞ւ հայտարարեցին, որ Իրանի տարածքով տրամադրված միջանցքից են օգտվելու` Մեղրիով միջանցքն իրենց պետք չէ, Ադիբեկյանն ասաց․ «Իրենք Իրանի տարածքով չեն գնալու, իրենց պետք է Հայաստանի չլինելը։ Իրենց ոչ թե այդ միջանցքն է պետք, այլ Հայաստան չլինելը, իսկ այդ միջանցքը Հայաստանի ոչնչացման ևս մեկ քայլ է, ևս մեկ փուլ է։ 250-300 հազար ադրբեջանցի են բերելու բնակեցնեն։ Մի սերունդ հետո այնտեղ ոչ մի հայ չի մնալու։ Փոխարենը Ալեն Սիմոնյանը Ջրվեժում դաչաներ է առնում, Նիկոլի կինը Նոր տարվա քեֆեր է անում»։

Ադիբեկյանը վստահ է, որ Փաշինյանը ստորագրելու է ցանկացած փաստաթուղթ, որը հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության չգոյությանը։ Նույն խաղաղության պայմանագիրը ՀՀ ոչնչացման պայմանագիրն է, քանի որ այն չի ներառում Հայաստանի Հանրապետության հստակեցված սահմանները։ Ալիևն իր հերթին խուսափում է պայմանագիրը ստրագրելուց, քանի որ սահմանները ֆիքսելու դեպքում դրանք հատելու պարագայում խնդիր կունենա միջազգային հանրության հետ։
«Իսկ հիմա սահման չկա և ցանկացած պահի կարող է խլել ու դեռ ասել՝ դե ապացուցեք, որ սա հայկական տարածք է։ Սպիտակ թուղթ էլ դեմ տան՝ Փաշինյանը կստորագրի, Ալիևը կստորագրի այն փաստաթուղթի տակ, որտեղ ներառված են բացառապես Ալիևի պահանջները՝ ամբողջ ծավալով»։