Հարց է, թե ով պետք է լինի իրական ամաչողը

Հարց է, թե ով պետք է լինի իրական ամաչողը

Վաղուց էի ցանկանում անդրադառնալ սեփական երկրից ամաչող ռուս երիտասարդ «ազատականների» պահվածքին: Չգիտեմ՝ որքանով է այն ազնիվ, և իսկապե՞ս ամաչում են, թե փորձում են արդարացնել իրենց վարքագիծը: Իսկ այն, որ չեն ցանկանում մնալ պատերազմող երկրում՝ խուսափելով զորակոչվելուց, բնական է: Ընդ որում, այդ երիտասարդներից հազարավորներ կան նաև Հայաստանում: Ինչն, ի դեպ, երկակի ազդեցություն է գործում մեր երկրի վրա: Մի կողմից, հսկայական գումար է մտնում Հայաստան՝ առաջացնելով տնտեսական աշխուժություն: Բայց, մյուս կողմից, դա բերում է ապրանքների և ծառայությունների թանկացմանը, ինչը հարվածում է երկրի քաղաքացիների մեծամասնությանը՝ նվազեցնելով կենսամակարդակը: Ասեմ, որ որպես թոշակառու, ես դրանցից մեկն եմ, սակայն երբեք չեմ բողոքել: Իսկ չեմ բողոքել, որովհետև այն, ինչ ձեռնտու է պետությանը, վերջին հաշվով այդպիսին է դառնում նաև ողջ հանրության և հակապես ինձ նմանների համար: Որքան էլ դա ուշանա կամ խոչընդոտվի կոռուպցիոներ, անգրագետ ու ապաշնորհ ղեկավարների մեղքով: 

Վերադառնանք սեփական երկրից ամաչելու խնդրին: Քրիստոնեական մտածողության համաձայն, մարդ արարածը մեկ անգամ է գալիս այս աշխարհ: Եվ, բնականաբար, երիտասարդ հասակում մահանալն առինքնող երևույթ լինել չի կարող: Իհարկե, առկա է նաև հայրենասիրության գաղափարը, հանուն հայրենիքի կյանքը զոհելու պատրաստակամությունը: Բայց այն տրված չէ բոլորին, ավելին, դա փոքրամասնության առանձնաշնորհն է: Դա՝ մեկ: Եվ երկրորդ՝ առկա է նաև նաև ունեցվածքի պահպանության խնդիրը, հանուն ինչի մարդիկ լքում են այն երկիրը, որտեղ անուն են ձեռք բերել: Եվ, ի վերջո, վաստակել են եկամուտներ, որպեսզի ունեցվածք ձեռք բերեն արտերկրւմ: Բայց այդ երևույթը գաղափարախոսության հետ որևէ առնչություն չունի, և այդ մարդիկ հաստատ չեն կարող բնութագրվել որպես «ազատականներ»: Հատկապես, որ հիմնականում դուրս են եկել երիտասարդական տարիքից: Դե իսկ տարիքով մեծ ազատականը համարյա թե նույնն է, ինչ երիտասարդ տարիքում իմաստուն լինելը:

Հիմա կրկին գանք մեր երկիր: Հայաստանն, ըստ միջազգային ինչ-ինչ կազմակերպությունների զեկույցների, հիմնականում ազատական և ժողովրդավարական երկիր է: Չնայած, նախկինում էլ է որպես այդիսին բնութագրվել: Եվ ամենակարևորը՝ չի դիտարկվում որպես ագրեսոր երկիր, ընդհակառակը ագրսիայի զոհ երկիր է: Ուրեմն, ռուս ազատականների մտածողության համաձայն, մենք ամաչելու բան չունենք: Դա, ինչպես ասվում է, ընդամենը մակերեսային դիտարկում է: Իրականում ես ու ինձ նմաններն ամաչելու լիքը բան ունենք:

Արդեն երկուսուկես տարի մենք ամաչում ենք, որ հայ ենք, հայաստանցի: Ամաչում ենք, որ մեր երկրի ղեկավարը շարունակում է մնալը այն անձը, որի հրամանատարությամբ մենք խայտառակ պարտություն ենք կրել 44-օրյա պատերազմում: Թեկուզ այդ պարտությունը, ինչպես մեր երկրի ղեկավարն է համարում, պայմանավորված է եղել 5-րդ շարասյունով: Մենք ամաչում ենք, որ վայրենի ցեղի ներկայացուցիչների կողմից ստեղծված պետության ղեկավարն ու նրա ենթականներն անընդհատ ձեռ են առնում ու սպառնում են մեզ: Իսկ մենք նրանց հավասարի պես պատասխանել չենք կարողանում: Ամաչում ենք, որ նրանք գերեվարել են մեր երիտասարդներին ու արդեն երկուսուկես տարի բանտում են պահում նրանց: Ամաչում ենք, որ նրանք մեզ ձեռ առնելով՝ փակել են Արցախի ճանապարհը՝ 120 հազար մարդ պատանդառելով, ու այն բացել չենք համարձակվում: 

Ամաչում ենք, որ նրանք պայմաններ են թելադրում մեզ, իսկ մենք շարունակում ենք խաղաղություն մուրալ նրանցից: Հենց մենք բոլորս և ոչ թե միայն Նիկոլը: Եթե այդպես չլիներ, ապա մեզ ներկայացնողն էլ այլևս Նիկոլը չէր լինի:  Մենք ամաչում ենք, որ շուրջ երեսուն տարվա ընթացքում մենք չկարողացանք կերտել այնպիսի պետություն ու հասարակություն, որ չընկնեինք այս օրը: Չնայած երեսուն տարի շարունակ մենք մեր քիթը ցցած շրջում էինք աշխարհով մեկ՝ արևելքի մեր հարևաններին վիրավորական մակդիրներ կպցնելով: Այնպես, որ իրական ամաչողը մենք ենք, կամ էլ պիտի լինենք մենք և ոչ թե ռուսները: Որոնք հարյուրամյակներ շարունակ պետություն են ունեցել, և եթե ընկել են խնդիրների մեջ, դրանք հաղթահարել են՝ դրանցից դուրս գալով ավելի ուժեղացած: Որոնք այսօր ոտք են մեկնել ողջ Արևմուտքին և նահանջելու բացարձակ ցանկություն չունեն: Եվ եթե ես լինեի այդ երկրի քաղաքացին, ապա հաստատ ամաչելու ցանկություն մեջս երբեք չէր ծագի: Այնպես, որ մեծ հարց է, թե ով պետք է լինի իրական ամաչողը՝ ռուսները թե մենք…