Այս նախագիծն իմ սրտով է` կենտրոնն իր գինը պետք է ունենա

Այս նախագիծն իմ սրտով է` կենտրոնն իր գինը պետք է ունենա

Մեր զրուցակիցը Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն է:

- Տիկին Խաչատրյան, ավտոկայանատեղիների վճարների նոր դրույքաչափերի մասին քննարկումները հանրության մի զգալի հատվածի քննադատությանն են արժանացել: Առաջ` Մարությանի ժամանակ Դուք քաղաքային իշխանություններին բավականին կոշտ քննադատում էիք, հետաքրքիր է` այս մասով ի՞նչ կարծիք ունեք:

- Գիտեք` ցանկացած ռեֆորմ նախնական փուլում որոշակի դժգոհություն է առաջացնում, բայց հետո` որոշ ժամանակ անց, երբ դրական արդյունքներ են լինում, մարդիկ սկսում են գիտակցել տվյալ որոշման կարևորությունը: Սա այն հարցն է, որի մասին ես համարյա 7 տարի է, ինչ խոսում եմ: Ես մշտապես ասել եմ` կենտրոնի գները պետք է այլ վարչական շրջանների գներից տարբերվեն: Այս նախագիծն իմ սրտով է: Ես այդ մասին տարիներով խոսել եմ, կենտրոնն իր գինը պետք է ունենա, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում: Պետք է տարբերվել մյուս վարչական շրջաններից: Դա քաղաքի զարգացմանն է միտված: Միտված է նաև խցանումների թեթևացմանը: Տրանսպորտային ցանցի աշխատանքը ևս խթանելու է: Այնպես որ այստեղ շատ դրական բաներ կան: Ես հասկանում եմ, որ մենք շեշտում ենք 160 հազար դրամը և հնչեղ է այն շատ, բայց նախագիծը կարելի է ձևափոխել, հիմա քննարկում ենք այդ հարցը, որպեսզի վճարեն փուլային տարբերակով: Քանի որ 160 հազարը բարձր հնչեղություն ունի, եկեք բաժանենք օրերի, ի դեպ, մարդիկ կան, որոնք կենտրոն հազվադեպ են գալիս: Նման դեպքերում կարող են ուղղակի 300 դրամ վճարել և կայանել: Այսինքն` այս նախագիծը նրանց մասին է, ովքեր օրերով, ամիսներով կենտրոնում մեքենա են կայանում:

- Եկեք ֆիքսենք, որ Հայաստանում աղքատությունն օր օրի մեծանում է: Դարձել ենք կապիտալիստական երկիր… իսկ գուցե նախ երկրի տնտեսական վիճակը բարելավվի, հետո նոր այս մասին մտածեք: Ի դեպ` շատերի պնդմամբ, քաղաքը զարգացնելու և խցանումները պակասեցնելու հազար ու մի այլ ձև կա:

- Երբ այդ ամենը կյանքի կոչվի, մենք կունենանք նաև տրանսպորտային ցանցի բարելավված վիճակ: Մարդիկ կարող են օգտվել նաև երթուղայիններից: Ի դեպ, խոսքը միայն փոքր կենտրոնի մասին է: Եթե ինչ-որ մեկը գալիս է, ենթադրենք, ինչ-որ մի նախարարություն` գործով, գալիս է ու ժամերով կայանատեղի չի գտնում: Մենք այս խնդիրն էլ ունենք:

- Ի դեպ` ավագանու անդամներից նշում են, որ տարածաշրջանի որևէ այլ երկրում նման օրենքներ չեն գործում, նման գներ սահմանված չեն. օրինակ` հարևան Վրաստանում, Ռուսաստանում:

- Ռուսաստանը կործանվող երկիր է: Ցավում եմ, որ նրանց համար կործանվող Ռուսաստանն է օրինակ: Որպես ՀՀ-ի փորձ եկեք դիտարկենք քաղաքակիրթ եվրոպական երկրները: Ռուսաստանը հետամնաց երկիր է: Վրաստանի մասով էլ նման բան կա, պարզապես գնային սանդղակներին ծանոթ չեմ: