Ալիեւն այլընտրանք չի թողնում

Ալիեւն այլընտրանք չի թողնում

Ապրիլի 24-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսը կարճատեւ նիստ է գումարել: Օրակարգում միջխորհրդարանական համագործակցության խմբերի եւ միջազգային կառույցներում պատվիրակությունների կազմավորման հարցն էր: Հաստատվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը: Այն նախկինի պես կգլխավորի Սամադ Սեիդովը: Պատվիրակության անդամ է ընտրվել նաեւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիեւը, որ մինչ այդ պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում Ադրբեջանի ԱԳՆ-ում: Գյանջալիեւին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմում ընդգրկելու՝ Իլհամ Ալիեւի որոշումը կանխատեսելի էր: Այսուհետեւ Գյանջալիեւը ԵԽԽՎ-ում ներկայանալու է որպես ,,Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչ,,: Հայկական պատվիրակությունը պետք է պատրաստ լինի նոր մարտահրավերների: Բայց կա ավելի էական հանգամանք: Փորձելով միջազգայնորեն լեգիտիմացնել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին»՝ Իլհամ Ալիեւը փաստացի հակադրվում է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 1992թ. մարտի 24-ի որոշմանը, որի իմաստով Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ էր ճանաչվում 1991թ. դեկտեմբերի 28-ի ընտրություններով կազմավորված Գերագույն խորհուրդը:

Ալիեւի որոշումը՝ Գյանջալիեւին ընդգրկելու ԵԽԽՎ –ում ադրբեջանական պատվիրակության կազմում, բացահայտում է ԼՂ կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, այն է՝ բացառել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը: Փաստացի Իլհամ Ալիեւը բանակցային գործընթացն ապամոնտաժելու քայլ է անում՝ նկատել տալով, որ մտադիր չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակի հարց: Հայկական կողմերին Ալիեւը չի թողնում այլընտրանք, քան ձեռնամուխ լինել նոր ռազմավարության մշակմանը՝ հիմք ունենալով Հայաստանի եւ Արցախի միավորմամբ միասնական պետություն հռչակելու հեռանկարը: Դա կարող է լինել տեւական գործընթաց, բայց ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ երկխոսության այլ թեմա չի կարող լինել, քանի որ այլեւս կասկած չպետք է մնա, որ պաշտոնական Բաքուն ձգտում է իրացնել Լեռնային Ղարաբաղը բռնակցելու ծրագիրը: