Հայաստանում նոր աղետ է հասունացել՝ պարենային ճգնաժամ

Հայաստանում նոր աղետ է հասունացել՝ պարենային ճգնաժամ

Հետպատերազմյան առաջին օրերին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր զգուշացնում՝ ցորենի պակաս ենք ունենալու, քանի որ Հայաստանը զրկվեց ստացվող ցորենի 40 տոկոսից, որը գալիս էր Արցախից: Այսօր սրան ավելացավ գարնանացան բերքի կործանումը՝ երաշտի հետեւանքով: Այն առաջինը հարվածեց Շիրակի եւ Արմավիրի գյուղերին։ Ոռոգման ջուր չկա։ Ջրամբարները դատարկ են։ Անջրդի դաշտերում էլ անձրեւի կարոտ բերքը չի հասունանում, ցորենն ու գարին չորանում են: Այդ «բերքը» նույնիսկ որպես անասնակեր օգտագործել հնարավոր չի լինելու: Արոտավայրերն անապատ են հիշեցնում, հողն այրվում է, ճաքճքում: Մշակաբույսերը ոչնչանում են: 

Արմավիրցիները, շիրակցիները ճանապարհներ փակեցին, բայց ո՛չ գոռգոռալը, ո՛չ էլ զրույցները ջրմուղի ու ՋՕՄ-երի պատասխանատուների հետ՝ չեն փրկում իրավիճակը։ Մարդիկ հասկանում են, որ եթե անգամ կախարդական փայտիկի շարժումով հենց հիմա ջուր լցվի դաշտերը, միեւնույն է, չորացած բերքը էլ չես փրկի։ Կառավարությունից նրանք ոչ թե օգնություն, այլ չստացված բերքի դիմաց փոխհատուցում են պահանջում: 

Փաշինյանը գյուղի վիճակին նվիրված օպերատիվ խորհրդակցության ժամանակ խոսում է կաթիլային ոռոգման համակարգից, ինչը նույնն է, թե խոսի տիեզերքից։ Փոխհատուցման մասին, առավել եւս՝ երաշտի հասցրած վնասների կամ վարկերի տակ կքող գյուղացիներին դրամական օգնության մասին, իհարկե, խոսք չկա։ Բայց խոստանում են, որ հանձնաժողով կստեղծեն: «Հանձնաժողով» բառը կարծես բոլոր ցավերի փրկությունն է դարձել: 

Երաշտը հարվածել է Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի դաշտերին: Մոտ երկու ամիս է՝ Կոտայքում անձրեւ չի եկել: Մարդիկ կքում են վարկերի տակ: «Մենք վարկերի տոկոսները չենք տալու, բայց մայր գումարները մնում են, ո՞նց ենք փակելու, չգիտենք»,- ասաց Սոլակի բնակիչներից մեկը: Որոշ համայնքներում, ինչպես, օրինակ, Քաղսիում, որոշել են գնահատել երաշտի հետեւանքները եւ դիմել «մարմիններին»: Այստեղ տուժել են անջրդի տարածքները: 

Քաղսիի գյուղապետ Ռաֆայել Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ համայնքային հանձնաժողով է ստեղծելու, բարձրանալու են դաշտերը, գնահատելու են գյուղացու կրած վնասի չափը: «Հետո կդիմենք համապատասխան կառույցներին։ Էս պահին կոնկրետ չեմ կարող ասել, թե որքան է վնասի չափը, բայց բնակիչներից շատ բողոքներ ենք ստացել»,- ասաց նա: Քաղսիի անջրդի հողերում ցորեն են ցանում, ոսպ, աճառ, կտավատ: «Գարնանացանը ընդհանուր վատ է: Ոչինչ դուրս չի եկել: Ծիլը փոքր վիճակում արդեն չորացել է: Եթե հիմա լավ անձրեւներ լինեն, գուցեեւ ինչ-որ բան փրկվի, բայց բերքի հիմնական մասն արդեն կորցրել ենք, որովհետեւ, եթե հասունացման, ծլի շրջանն անցել է, արդեն ծաղկում է բերքը»,- ասաց Քաղսիի գյուղապետը՝ նշելով, որ անասնակերի խնդիր էլ կա: 

Ալափարսի գյուղապետ Արտակ Սարիբեկյանն էլ կարծում է, որ կառավարությանը դիմելու կարիք չկա: «Երաշտից ապահովագրություն չկա, կա կարկուտից եւ հրդեհից, գնանք ի՞նչ պահանջենք կառավարությունից: Մեր հողերը բարձրադիր գոտում են, մեր հույսը միայն անձրեւն է: Ճամփա փակենք, ասենք՝ անձրե՞ւ թող գա: Ոչինչ անել չենք կարող»,- ասում է նա՝ նշելով, սակայն, որ գյուղը մոտ 400-500 հեկտար անջրդի տարածք ունի, որտեղ գարնանացան մշակաբույսերը ոչնչացել են: 
«Ոռոգումը հիմնականում կատարվում է, բայց հացահատիկը չորանում է,- ասում է գյուղապետը։- Խոտի բարձրությունը ցածր է, բերքատվությունը նվազում է: Խոտի գները բարձրանում են: Հիմա խոտի տուկն արժե 1300-1400 դրամ, թե ինչքան կթանկանա, չեմ կարող ասել: Ամեն տարի էլ լինում է նման շրջան, երբ ընդհանրապես անձրեւ չկա, բայց այս տարի ավելի ծանր է: Առհասարակ, անձրեւների քանակը տարեցտարի քչանում է: Բերքատվությունն իջնում է»: 

«13 կիլո խոտը դառնալու է 2000 դրամ»․ «Բեկում» ՀԿ ղեկավար Արմեն Վարդանյանի կանխատեսումն է, որը Գեղարքունիքի մարզից է, Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից։ «Տեղ կա, որ քայլում ես, հողը տեսնում ես, այդքան նոսր է, ու բացի նոսրը՝ խոտը վառվել է, իսկ դա նշանակում է՝ բույսի ամբողջ միջի սնունդը դուրս է եկել, դարձել է փայտ»: Նա կանխատեսում է, որ անասնակերի սակավությունը բերելու է աշնանը անասնագլխաքանակի կրճատման, մեծ մորթ է լինելու։ «Միսը ջրի գնով տալու են, հետո՝ մի քանի ամիս անց, մսի գներն օդ են թռչելու: Ցորենի դեֆիցիտն այս տարի լրացվելու է Ռուսաստանից ներկրումներով: Ղարաբաղում չկա ցորեն, ՀՀ-ում էլ չեն ցանել, լրացվելու է ներկրումով: Իհարկե, բերելու են ոչ բոլորը, այլ՝ իրենց մարդիկ: Փորձեք բերել, տեսեք կթողնե՞ն, որ բերեք»,- ասում է նախկին չինովնիկը: Նա վերջերս շատ է զրուցել գյուղացիների հետ, լսել է նրանց բողոքները մարզում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից եւ միշտ հարցնում է, թե ինչու ընտրեցին Նիկոլին: Պատասխաններն ուղղակի ապշեցնող են եղել:

«Ասում են՝ նախկիններն են մեղավոր, որ ջուր չունենք: Իրանք նենց են արել, որ մեր ջրերը կտրեն, որովհետեւ ջրօգտագործողների ընկերություններն իրենց շներն են: Հեսա սաղին գործից կհանեն, մեր ջրերը կտան: Վերջում էլ ասում եմ՝ բա որ ցորեն չլինի, ի՞նչ պետք է անես, ասում է՝ մեզ խոսք են տվել՝ ձրի վարկ են տալու, կեթամ, վարկը կվերցնեմ զրո տոկոսով, հետո Նիկոլը վարկը կջրի: Ասում են՝ գյուղապետերը խոսք են տվել, որ մեր պարտքերը ջրելու են: Ասում եմ՝ որ հիմա նորից ընտրություն լինի, ի՞նչ ես անելու: Պատասխան՝ էլի Նիկոլ եմ ընտրելու»: 

«Մեր դաշտերում հիմա միայն սարսափ-ֆիլմ է հնարավոր նկարահանել... Մտածում էինք հացահատիկի բերքին չսպասել եւ որպես խոտ գոնե քաղել... չստացվեց: Մնում է վարել բերքի երես չտեսած մեր դաշտերն ու պատրաստվել աշնանացանին...»,- արձանագրել է «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը: Անիի տարածաշրջանում կենտրոնը գյուղի զարգացման ծրագիր է իրականացնում: Վերջին օրերին այցելելով հարազատ մարզի ծայրահեղ աղքատ, ինչպես ինքն է բնորոշում՝ ամբողջովին կործանման եզրին կանգնած գյուղերը, Վահան Թումասյանը եկել է եզրակացության՝ պետությունը պարտավոր է որեւէ ծրագրով մատչելի գնով խոտ տալ մարդկանց:

«Ձմռանը պարզապես աղետ է լինելու: Անասունի գլխաքանակը կրճատվելու է 30 տոկոսով: Հիմա արդեն Շիրակում մարդիկ չեն կարողանում իրենց անասունը կերակրել, ուր մնաց՝ երբ ձյունը գա: Շատ ծանր կլիմայական պայմաններ են Անիի շրջանում: Էդ գյուղացիները հանգիստ, խելոք ժողովուրդ են, դուրս չեն գա ճամփա փակելու, իրենք իրենց դարդով կտապակվեն, կկոտորեն անասուններին»,- ասում է Վահան Թումասյանը: Իր բջջայինը դրել է գետնին ու տեսել, որ գարին ու ցորենը հազիվ իր հեռախոսի բոյն ունեն։ Կառավարությանը նա առաջարկում է՝ տեղափոխել Անիի շրջանը Թուրքիայի սահմանից առանձնացնող փշալարերը: «Այնտեղ 7-8 կմ տարածք կա, արոտավայրեր, մեր Ախուրյան գետը, որից թուրքերն ազատ ելումուտ ունեն, գալիս-օգտվում են, իսկ մեր գյուղացու համար այնտեղ մուտքն արգելված է: Լավագույն արոտավայրերը փակել են, իմաստը ո՞րն է»: