Երկու դասալիք` Հայաստանն ու Ռուսաստանը, իրար են հանդիպել
Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։ Նա նաեւ հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։ Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին պատասխանելիս ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։ Զրուցել ենք ԳԽ պատգամավոր, խորհրդային շրջանի քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի հետ:
- Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ սառեցրել է: Ի՞նչ ասել է՝ «սառեցնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»:
- Ես կասեի, որ ՕԴԿԲ-ն է իր հարաբերությունները սառեցրել Հայաստանի հետ: Այդպես ստացվել է, իսկ մերոնք` մեր իշխանությունները, արձանագրում են այդ սառած հարաբերությունները: Ի դեպ, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում նախատեսված չէ նման տերմին` «սառեցնել հարաբերությունները»: Հայաստանը զուտ արձանագրում է, որ հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ սառեցված են, իսկ ես ասում եմ, որ տեղի է ունեցել դասալքություն: Ռազմական դաշինքներում սառեցում, խռովկանություն, թյուրիմացություն չկա, կա դասալքություն: Կա՛մ զինակից ես, կա՛մ դասալիք ես: Ես ասում եմ, որ տեղի է ունեցել դասալքություն: ՀԱՊԿ-ն դասալիք է: Երբ զգացել ենք մեր զինվորական դաշնակցի կարիքը, նա չի ներկայացել, դասալքությամբ է զբաղվել: Նույն բանը կարող ենք ասել նաեւ Հայաստանի մասին: Հայաստանն էլ նրանց պատերազմներին չի մասնակցում եւ հայտարարում է, որ չի մասնակցելու: Երկու դասալիք իրար են հանդիպել: Հայաստանում հակառուսական տրամադրություններ չեն կարող լինել, ինչպես, օրինակ, չեն կարող լինել հակագերմանական տրամադրություններ: Հայաստանը վերջապես որոշել է պաշտպանել իր ինքնիշխանությունը, իր շահերը: Այդպիսի քայլեր է անում: Հավանական է, որ Հայաստանն ինքնիշխանության իրավունքից զրկողները համարում են, որ Հայաստանը, օրինակ, հակառուսական երկիր է: Եթե ռուսների կարծիքով հայերը չպետք է իրենց երկիրը պաշտպանեն, չպետք է ունենան տնտեսական գործընկերներ, այդ դեպքում, այո, մենք հակառուս ենք: Եթե Ռուսաստանի նպատակը մեզ թույլ, խեղճ ու խոցված տեսնելն է, ինչու չէ` հակառուս ենք:
- Բայց ինչո՞ւ է այս իշխանության ու նրա համախոհների «թուրը» միայն ռուսների վրա «կտրում»: Նույն Բաքվի բռնապետի մասին ինչո՞ւ չեն խոսում: Ալիեւն իր տգեղ քիթը ամեն օր Հայաստանի ներքին կյանքի մեջ է մտցնում, բայց ոչ մի արձագանք չկա: Տպավորություն է, թե Ադրբեջանից սարսափում են, բայց կարողանում են ձեռնոց նետել Ռուսաստանին: Ինչպե՞ս է ստացվում այդպես:
- Դա կոչվում է անհամարժեքություն: Հարկավոր է բոլոր սպառնալիքներին համարժեք պատասխան տալ: Իհարկե, Ադրբեջանն այն պետությունը չէ, որը պետք է միջամտի մեր երկրի ներքին գործերին, մեզ խորհուրդներ տա: Նա չունի այդ իրավունքը: Ադրբեջանի միջամտություններին պետք է կոշտ արձագանքել: ՄԱԿ-ի մշտական անդամից չվախենալ, վախենալ իրենից ոչինչ չներկայացնող այդ պետությունից, սխալ է: Պետք է ամեն բան լինի համարժեք:
- Գուցե մեր իշխանություններն ամեն բան հրաշալի գիտակցելով՝ դիտավորյալ սադրանքի են դիմում:
- Եթե դիտավորյալ են անում, ապա զբաղվում են ինքնավնասարարությամբ, բայց ես այդպես չեմ կարծում: Ինձ թվում է՝ պարզապես կա արհեստավարժության պակաս, պրոֆեսիոնալիզմն է պակասում նրանց: Կա նաեւ համարձակության խնդիր: Մեր իշխանություններն անհամարձակ ու ոչ պրոֆեսիոնալ իշխանություններ են:
Կարծիքներ