Փողոցային պայքարը պետք է փոխեն խորհրդարանական պայքարով

Փողոցային պայքարը պետք է փոխեն խորհրդարանական պայքարով

«Մեկ ամսից ավելի է, ինչ ընդդիմությունը ցույցեր և հանրահավաքներ է անում։ Դրանք շատ կարևոր են հասարակության քաղաքական և գաղափարական զարգացման համար։ Քաղաքացիների մոտ ձևավորվում են հայացքներ, արժեքներ և այլն։ Նման հավաքները նաև ենթադրում են առկա ժողովրդավարության առաջընթաց և ժողովրդավարության անքակտելի մասն են։ 2021 թ․-ի հունիսի խորհրդարանական ընտրությունները եկան վերացնելու ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը, որտեղ հիմնական մրցակիցները ներկա իշխանություններն էին և «Հայաստան» դաշինքը։ Չի կարելի ասել, որ այդ ընտրություններով վերջ դրվեց քաղաքական ճգնաժամին, բայց որոշակիորեն այն թուլացրեց»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Մարտիրոսյանը։

Վերլուծաբանը կարծում է, որ այսօր քաղաքական ճգնաժամ առկա է, բայց ոչ ծայրահեղ վիճակի։ 

«Քաղաքական ճգնաժամը ինստիտուցիոնալ քաղաքական համակարգի մասնակի կամ ամբողջական խախտումն է, որտեղ դադարում են գործել կարգավորող կանոններն ու կանոնակարգերը, և որոնք չեն կատարում իրենց հիմնական գործառույթները։ Այս բացատրությունն ասում է, որ ՀՀ-ում խորացված չէ ճգնաժամը, բայց գոյություն ունի։ Մեկ ամսից ավելի է` Դիմադրության շարժումը դրսում է, ինչը բավականին երկար ժամանակ է։ Անհրաժեշտ է քաղաքականության փոփոխություն, այն է` վերադառնալ խորհրդարան և այնտեղ սկսել կառուցողական գործունեությունը։ Խորհրդարան վերադառնալու պատճառ է նաև շարժման նվազումը։ Փողոցային պայքարը պետք է փոխեն խորհրդարանական պայքարով։ Հայաստանում գործող իշխանության կողմից քաղաքական դիսկուրսը կառուցվում է` հիմնվելով անցյալի վրա։ Անընդհատ քննադատելով նախորդ իշխանության գործողությունները, մեղադրելով նրանց, ճգնաժամի հաղթահարումը մնում է բաց։ Արդեն սպառվել է անցյալին հղում անելու գործընթացը, մեղավորները պետք է պատժվեն։ Եթե չի ստացվում ապացուցել այս կամ այն մարդու մեղքը, ուղղակի պետք է առաջ գնալ, և վերջ՝ չմոռանալով արդիականացնել գլխավորապես դատական և մնացյալ ինստիտուտները»։

Մեր զրուցակցի խոսքով, թե ընդդիմությունը և թե իշխանությունը պետք է իրենց ուժերը կենտրոնացնեն պատերազմի հետևանքները վերացնելու վրա։ «Իրենց ուշադրությունն ու եռանդը մեկտեղեն՝ հայկական պետականության ամրացման համար, որպեսզի խուսափենք աղետալի սցենարներից։ Ցավոք սրտի, դեռ հեռու ենք այս քաղաքական կամքի դրսևորումից»։