Հետխորհրդային Հայաստանում սա առաջին դեպքն է

Հետխորհրդային Հայաստանում սա առաջին դեպքն է

Պաշտոնական Մոսկվան երեկ կրկին հայտարարել է, որ արձագանք է սպասում Հայաստանի իշխանություններից Հայաստանում աճող հակառուսական տրամադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունից ու նոտայից հետո, որով իրենց վրդովմունքն էին հայտնել «Սուրմալուի» պայթյունն իրենց հետ կապելու որոշ սորոսական շրջանակների վարքագծի հետ կապված, երեկ էլ այս մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը։ Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ վտանգներով է հղի այս ամենը և, վերջապես, ի՞նչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա: Զրուցել ենք «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ:

- Պաշտոնական Մոսկվան նախօրեին դեսպանատան միջոցով հայտարարել էր, որ արձագանք է ակնկալում Հայաստանի իշխանություններից՝ հակառուսական տրամադրությունների եւ աղետը Ռուսաստանի հետ կապելու վերաբերյալ։ Սրան հաջորդեց ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևի նույնաբնույթ հայտարարությունը: Այս ամենից կարելի՞ է ենթադրել, որ Կրեմլը մտահոգված է Հայաստանում առկա հակառուսական տրամադրություններով: Իշխանություններն իրենց հերթին լռում են: Ի՞նչ է սա նշանակում:

- Հետխորհրդային Հայաստանում սա առաջին դեպքն է, որ նման ձևաչափով և նման բովանդակությամբ հայտարարություն է արվում: Սա նշանակում է, որ այլևս պաշտոնապես հայտարարվում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն անբարյացակամ են Ռուսաստանի հանդեպ: Ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանի մեր գործընկերներն ուսումնասիրել են բոլոր այն գործիքները, մարդկանց, կազմակերպությունները, որոնք խիստ հակառուսական տրամադրություններ են ստեղծում: Նրանք այն եզրակացությանն են եկել, որ դա ուղղորդվում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից: Եթե Հանրային հեռուստաընկերության եթերից անդադար հնչում են հակառուսական կոչեր, եթեր են հրավիրվում մարդիկ, որոնք պաթոլոգիկ կերպով հայհոյում են մեր գործընկեր Ռուսաստանին, սա կարող է մեկ բանի մասին խոսել. այդ ամենն ուղղորդվում է գործող իշխանությունների կողմից: Քննադատել պետք է բոլորին, հատկապես` գործընկերներին, սակայն այդ մարդիկ պարզապես հայհոյում ու վարկաբեկում են Ռուսաստանին: Նրանց խոսքում չկա գեթ մեկ առողջ խոսք: Միամտություն կլինի կարծել, թե նրանք առանց իշխանությունների ցուցումների են շարժվում: Աստված մի արասցե, եթե այս վիճակը չշտկվի, սա կարող է լուրջ վտանգներ հասցնել մեզ: Իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է. փոխել այն իշխանություններին, որոնք իշխանության գալու առաջին իսկ օրվանից ինչ-որ անհասկանալի հայտարարություններ են անում: Նախ հայտարարեցին, որ այլևս Ռուսաստանի շահերն իրենք հաշվի չեն առնելու, ապա նշեցին, որ բանակցելու և քննարկելու որևէ հարց չունեն ռուսական կողմի հետ և այլն…. այս իշխանությունները նաև հայտարարել են, որ բոլոր բանակցությունները զրոյացված են, և իրենք բանակցում են իրենց զրոյական կետից: Նիկոլ Փաշինյանը խիստ բորբոքված հայտարարեց, թե Արցախը Հայաստան է և վերջ: Նիկոլական զանգվածն էլ իր հերթին «հրավառություն» էր կազմակերպել այդ հայտարարություններից հետո: Հիմա ունենք այն, ինչ ունենք:

- Արցախում լարված իրավիճակ է: Աղավնոն ու Բերձորը հանձնվում են թշնամուն: Այս ամենի մեջ շատերը կրկին Ռուսաստանի մեղավորությունն են տեսնում: Եթե խորամուխ լինենք գործող իշխանությունների հայտարարությունների մեջ, ապա դրանցում ևս Ռուսաստանին ուղղված մեղադրանքի տարրեր կան։ Գուցե նաեւ արդարացիորեն։

-  Սրանք սովոր են մեղքն իրենց վրայից բարդել ուրիշի վրա: Որքան էլ որ Ռուսաստանն ունենա տնտեսական և քաղաքական նպատակներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, միևնույն է, պետք է հասկանանք, որ նրան ավելի շատ լծակներ են պետք` այս երկրներին ինչ-որ առումով և ինչ-որ հարցերում զսպելու համար: Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը: Հայաստանի միջոցով նրանք կախվածության տակ են հայտնվում: