Քո երեխային տալիս ես թշնամուդ, թե` լավ կպահես խոխիս

Քո երեխային տալիս ես թշնամուդ, թե` լավ կպահես խոխիս

Թե 44-օրյա պատերազմից մինչ այսօր ինչ ճանապարհ անցավ հայ  ժողովուրդը, եւ ինչ հետեւանքներ եղան, բոլորին է հայտնի: Պատերազմում պարտությունն աշխարհի վերջը չէր, բայց դրանից հետո ցանկացած նորմալ երկիր կփորձեր բոլոր ռեսուրսները ներդնել՝ կորցրածը վերականգնելու, ուժեղանալու համար: Բայց Հայաստանի գործող իշխանությունը գնաց հակառակ ճանապարհով՝ շարունակական կապիտուլյացիայի: Իսկ հերթական միջազգային հանդիպման ժամանակ Չեխիայում ուղղակի հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ նրա կազմում, եւ ինքն այլեւս պատասխանատվություն չի կրում նրա համար: Եվ այդ հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ փակված էր Լաչինի միջանցքը, եւ Արցախը գտնվում էր լիակատար շրջափակման ու կատարյալ հումանիտար աղետի վիճակում: Այս իրավիճակում հավատալ, որ Ադրբեջանն արցախահայության հետ կապված այլ ծրագիր ունի, քան ցեղասպանելն ու հայաթափելն է, ուղղակի ծիծաղելի է, հետեւապես ասել, թե Հայաստանի գործող իշխանությունն այս ամենին տեղյակ չէր, չէր սպասում, նման մտադրություն` Արցախն անօգնական թողնելու, չուներ, եւս ծիծաղելի կլինի: 

Նորմալ՝ հայրենասեր  իշխանությունը միանշանակ պետք է ասեր. որտեղ իմ ժողովուրդն է, այնտեղ էլ` ես, եւ ողջ ժողովրդին համախմբեր՝ ասելով. մենք մի ժողովուրդ ենք, կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծենք այս հարցը, իսկ եթե չստացվի, ապա անպայման մինչեւ վերջ կպաշտպանենք՝ տեր կկանգնենք արցախահայությանը: Դա նույնն է, որ սեփական երեխային տեր կանգնես` վտանգի պահին: Սակայն Հայաստանի իշխանությունն ընտրեց ճիշտ հակառակ մոտեցումը.  հայտարարեց, որ ոչ միայն հրաժարվում է Արցախից, այլեւ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ՝ նրա կազմում, արցախցիներին ավելի ծանր վիճակի մեջ դնելով: Հիմա առհասարակ` աշխարհը եւ Ադրբեջանը կառչելու են այդ հայտարարությունից եւ ասելու են` եթե Հայաստանը ձեզ հանձնում է մեզ, էլ ի՞նչ եք ուզում մեզնից: Պարզ է, որ Հայաստանի իշխանությունը կամովին հանձնում է Արցախը՝ գերադասելով պահել իշխանությունը, որի գինը՝ ոչ ավելի, ոչ պակաս, Արցախի եւ նրա ժողովրդի կորուստն է՝ հանձնումն Ադրբեջանի քմահաճույքին՝ իր բոլոր հետեւանքներով: Հայաստանի իշխանությունն անգամ չհիշեց ժողովրդական պարզ ասացվածքը՝ երկու երնեկ մի տեղ չի լինում, այդ քայլով Արցախին, Հայաստանի ու ողջ աշխարհի հայությանը գցեցին կրակի մեջ։

Ասում են՝ մի հիմար քարը գցում է փոսը, հազար խելոք չեն կարողանում այն հանել: Ամեն դեպքում, լիովին անհասկանալի է, թե ինչպես կարելի էր հանուն իշանության՝ սեփական ժողովրդի նկատմամբ նման չլսված քայլ անել։ 
Եվ ահա, առանց այն էլ հայի նկատմամբ ոչ այնքան բարյացակամ տրամադրված աշխարհը, թշնամի Ադրբեջանը հենց դա էին ուզում, որ Արցախի հարցերն արագությամբ լուծեին: Էլ ուր մնացին ձեր բողոքները, թե ռուսները սա չեն անում, մնացած երկրները նա չեն անում: Դուք եք, չէ՞, ասել, որ Արցախը ճանաչում եք Ադրբեջանի կազմում, մենք էլ հարգում ենք ձեր խոսքը եւ այդ հարցում պաշտպանում Ադրբեջանին՝ առաջին հերթին, հենց հարգելով ձեր ցանկությունը: Նույնկերպ Ռուսաստանն ու Ադրբեջանն են Հայաստանին ասում՝ եղբայր, ասե՞լ ես` տալիս եմ, ի՞նչ ես մեզնից ուզում...: 
Ստացվեց, որ մենք մեր «երեխային» հանձնեցինք օտարին, թշնամուն, որը մի երազանք ունի` ոչնչացնել, սպանել նրան: Հրաժարվեցինք մեր հարազատ զավակից եւ հանուն ինչի՞։