Նեթանյահուն միտումնավոր շարունակում է պատերազմը Գազայում՝ դատարանի պատժից խուսափելու համար

Նեթանյահուն միտումնավոր շարունակում է պատերազմը Գազայում՝ դատարանի պատժից խուսափելու համար

Իսրայել-Գազա հակամարտության մասին «Հրապարակը» խոսել է լիբանանցի քաղաքագետ Ջամալ Վաքիմի hետ։

-Իսրայելական զորքերը Գազայում են։ Հիմա ինչի՞ է ձգտում Իսրայելը։

-Իսրայելը Գազայում փորձում է կոտրել պաղեստինցիների դիմադրությունը: Ընդ որում՝ Նեթանյահուն լավ գիտի, որ ռազմական գործողությունների ավարտին զուգահեռ վերջ կդրվի նաև իր քաղաքական կարիերան, և դա է պատճառը, որ Նեթանյահուն օգտագործում է պատերազմական իրավիճակը՝ դատարան չգնալու և իր պատժից խուսափելու համար։ Դրա համար էլ մենք մինչև հիմա ականատես ենք այս համառությանը, որ դրսևորում են իսրայելցիները՝ Գազայի դեմ հարձակումները շարունակելով։

-Այս պատերազմում Իսրայելը հաղթո՞ղ կողմ է։

-Միանշանակ ոչ, որովհետև մինչև հիմա իսրայելական բանակը չի կարողացել հասնել այն ռազմական նպատակներին, որոնք իր առաջ դրել էր։ Միակ բանը, որ իսրայելական բանակը կարողացել է անել՝ խաղաղ բնակչության շրջանում մեծ զոհեր պատճառելն է, դիմակայունը կոտրված չէ, ճնշված չէ․ պաղեստինյան դիմադրությունը դեռ կարողանում է ծանր կորուստներ պատճառել իսրայելցիներին: Ավելին, պաղեստինյան դիմադրությունը կարողանում է պահել իր քաղաքական և ռազմական դիրքն ու նպատակները՝ դա է պատճառը, որ իսրայելցիները մինչև հիմա իրենց առաջ դրված ոչ մի ռազմական նպատակի չեն հասել։

-Այս հակամարտությունը դեռ որքա՞ն կարող է ձգվել։

-Չնայած Իսրայելի քաղաքական շրջանակների՝ ռազմական գործողությունները շարունակելու համառությանը, տարբեր քաղաքական վերլուծաբաններ կանխատեսում են, որ Ջո Բայդենը չի կարող երկար ժամանակով իր աջակցությունը ցույց տալ Իսրայելին, քանի որ ԱՄՆ-ում սպասում են ընտրություններին, և վերջինիս վիճակը բավականին լարված է։ Հետևաբար, բոլորն ակնկալում են, որ ռազմական գործողությունները մինչև եկող հունվար արդեն ավարտված կլինեն։ Ամեն դեպքում, եկեք սպասենք ու հետևենք զարգացումներին։

-Իսրայելը ժամանակ առ ժամանակ Լիբանանի ուղղությամբ է նաև հրթիռներ արձակում։ Հնարավո՞ր է, որ դա ստիպի Հեզբոլլահին՝ մտնել ուղիղ դիմակայության մեջ Իսրայելի դեմ։

-Լիբանանի դիմադրությունը փորձում էր թշնամու ուշադրությունը շեղել և թույլ չտալ ամբողջությամբ կենտրոնանալ Գազայի ուղղությամբ և այս հարցում լիբանանյան կողմը հաջողություն է գրանցել։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները հստակ ասաց իսրայելցիներին, որ նրանք չպետք է իրենց հարձակումը տարածեն նաև Լիբանանի վրա։ Իսրայելցիները չեն կարող մտնել ամբողջական հակամարտության մեջ երկու ֆրոնտով, քանի որ Հեզզբոլահն ավելի ուժեղ է, քան պաղեստինյան դեմադրությունը, դրա համար էլ դիմադրությունը դեռ գնում է։

-Որոշ քաղաքական շրջանակներ զուգահեռ են տանում Արցախի հայաթափման և Գազայում տեղի ունեցողի միջև, նշելով, որ Իսրայելը փորձում է նույն սցենարը կրկնել Գազայում։

-Ես չեմ հավատում, որ Գազայում կիրագործվի նույն սցենարը, ինչ եղավ Արցախի հայերի հետ, տարբեր պատճառներ կան։ Առաջին հերթին, Արցախի հայ բնակչությունը 120.000 մարդ էր, իսկ Գազայում բնակվում է 2 միլիոն մարդ, բացի այդ, Արցախի բնակչությունը չուներ Փաշինյանի կառավարության աջակցություն, չունեին որևէ աջակցություն տարածաշրջանային գերտերություններից որևէ մեկի կողմից, որը որևէ կերպ չեն կարող համեմատել Գազայում դիմադրության հետ։ Բացի այդ, արցախցիների ռազմական հնարավորությունները շատ ավելի քիչ էին, քան պաղեստինցիների հնարավորությունները Գազայում։ 

-Եմենում մոբիլիզացիա է գնում՝ Գազա զինված ուժեր ուղարկելու համար։ Եմենցիները կկարողանա՞ն ազդել ստեղծված իրավիճակի վրա։

-Ես չեմ կարծում, թե եմենցիները կկարողանան զինված ուժեր ուղարկել Գազա։ Նրանք բոլորը արգելափակել են ծովային ուղիները Իսրայելի համար, և ես հավատում եմ, որ դա ազդեցություն է թողել Իսրայելի պահվածքի վրա։ Եմենցիները շատ մեծ ազդեցություն են թողնում այս հակամարտության վրա՝ պաղեստինցիներին աջակցելով և կարծում եմ, որ հետագա զարգացումներում էլ նրանց դերը զգալի նշանակություն է ունենալու ապագայում։