ԳԱԱ ղեկավար կազմում աշխատելու սահմանը` 75 տարեկան

ԳԱԱ ղեկավար կազմում աշխատելու սահմանը` 75 տարեկան

ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ելույթ է ունեցել եւ նշել, որ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ համակարգում աշխատում է 3522 մարդ, այդ թվում՝ 2239-ը գիտաշխատող, որոնցից 277-ն ունեն գիտությունների դոկտորի, 1028-ը՝ թեկնածուի գիտական աստիճան: Նա ներկայացրել է 2023 թ. գիտական գործունեության արդյունքները եւ մասնավորապես խոսել նաեւ Ակադեմիական քաղաքի, ինչպես նաեւ ԳԱԱ համակարգի բարեփոխումների մասին: Մասնավորապես նշել է.

«Մենք ուսումնասիրել ենք մի շարք առաջատար Ակադեմիաների փորձը, ինչպես եվրոպական, այնպես էլ ԱՊՀ երկրների։ Արդյունքում մշակել ենք ակադեմիայի արդիականացման տարբերակ՝ առավել լավ հարմարեցված մեր գիտության առկա վիճակին և ավանդույթներին։ Այդ մոտեցման շրջանակում նախատեսվում է․

•փոփոխել ակադեմիայի կառավարման բարձրագույն մարմնի՝ ընդհանուր ժողովի ձևավորման կարգը՝ այն պետք է դառնա ավելի «բաց» և ընդգրկուն, ընդհանուր ժողովի մասնակիցների ցանկում անհրաժեշտ է ներառել նաև ակադեմիայի համակարգից դուրս գործող գիտական կամ գիտակրթական կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների և տնտեսության մասնավոր հատվածի ներկայացուցիչներ
•նախագահության կամ կառավարման խորհրդի կազմի մեջ պետք է ընդգրկված լինեն նաև գիտության, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ
•վերասահմանել ակադեմիայի հիմնական կառուցվածքային միավորի՝ բաժանմունքի ձևավորման և կառավարման կարգն ու լիազորությունները, բաժանմունքները պետք է խոշորացվեն ու ընդգրկեն գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 2 հարակից բնագավառների գիտական կազմակերպություններ և ԳԱԱ անդամներ
• ներդնել տարիքային սահմանափակում նախագահության անդամների և ԳԱԱ ղեկավար կազմի պաշտոններ զբաղեցնող անձանց համար, մասնավորապես, լիազորությունների դադարեցում, եթե լրացել է այդ անձի 75 տարին, ինչպես դա ընդունված է մի շարք պետությունների ակադեմիաներում
•սահմանել ակադեմիայի անդամության թեկնածուներին առաջադրվող շեմային պայմաններ՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության և կազմակերպել ԳԱԱ անդամների ընտրություն։ Ընդ որում, այդ չափանիշները պետք է որոշվեն գիտաչափական մեթոդներով, մշակվեն ԳԱԱ նախագահության/կառավարման խորհրդի ու ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ու հաստատվեն գիտության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից
• անհրաժեշտ է վերանայել նաև պատվովճարների տրամադրման կարգը և ԳԱԱ նորընտիր անդամների համար կիրառել ՀՀ կառավարության կողմից սահմանված նոր կարգը»։