Ուսուցիչները մտահոգված են կամավոր ատեստավորման ծրագրից

Ուսուցիչները մտահոգված են կամավոր ատեստավորման ծրագրից

Այս տարվա սեպտեմբերից կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը. այն մանկավարժները, որոնք հաջողությամբ կանցնեն այդ բարդ ատեստավորումը, կստանան 30-50 տոկոսով բարձրացված աշխատավարձ: Այդ մասին նախօրեին հայտարարել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի խոսքով՝ կառաջանա մոտիվացիա, որպեսզի մանկավարժները, որոնք աշխատում են սեփական կարողությունների վրա եւ կանցնեն վերապատրաստումը, ինչպես նաեւ կբարելավեն հմտությունները, համապատասխանաբար, կստանան ավելի բարձր աշխատավարձ:

Սակայն ուսուցիչների համար պարզ չէ, թե ատեստավորման գործընթացն ինչպես է անցկացվելու՝ թե՞ստ է լինելու, թե՞ ուսուցչին են քննելու, ովքե՞ր են վերապատրաստողները, վերապատրաստում լինելու է ատեստավորումից առա՞ջ, թե՞ ոչ, ինչպես նախկինում է եղել։ «Նախօրոք արդեն շատ են ուռճացրել, որ շատ բարդ թեստավորում է լինելու, բայց ի՞նչ աստիճան բարդի մասին է խոսքը, ինչո՞վ են ստուգելու՝ թեստերո՞վ, թե՞ ուսուցչի պրակտիկ գործունեությամբ, որովհետեւ մարդը կարող է տեսականը շատ լավ իմանալ, բայց գործնականում դրա մի տոկոսն էլ չկիրառի,- ասում է մանկավարժներից մեկն ու նկատում, որ քանի դեռ նախարարի հայտարարությունը չկար, ներքին խոսակցություններ էին շրջանառվում, որ սա ուսուցիչներից ազատվելու տարբերակ է  լինելու։- Ի՞նչ է սպասվում կամավոր ատեստավորման գնացած ուսուցչին, ով չի հաղթահարում բարդ ատեստացիան, դա կարո՞ղ է բերել նրան, որ կորցնի աշխատանքը»։  

Նախկինում ատեստավորման այս գործընթացը 2-3 շաբաթ էր տեւում եւ անցկացվում էր 5 տարին մեկ։ «Այսինքն՝ դու գնում մասնակցում էիր վերապատրաստմանը, որոշ հանձնարարություններ էիր անում, ընդ որում, ամեն տարի՝ նույն բաները, որից հետո գրում էին՝ դու համապատասխանո՞ւմ ես քո զբաղեցրած պաշտոնին, թե՞ ոչ, ինչն էլ ուղարկում էին դպրոց։ Բայց ուսուցիչներն ինչքան գնացել են, միշտ էլ դժգոհ են եղել, քանի որ կրկնվող, տափակ բնույթի վերապատրաստումներ են եղել, այսինքն՝ 5 տարի անց մարդը նորից գնացել է վերապատրաստման եւ նույն բանն է սովորել ու այդպես վերապատրաստում անցել։ Հիմա իրենք ուզում են ամբողջը փոխեն, ինչը ողջունելի է, բայց չեն ասում՝ ի՞նչ ձեւով»,- ասում է մեր զրուցակիցն ու ընդգծում, որ նախկինում դա անում էր Կրթության ազգային ինստիտուտը, որի փակվելուց հետո անհայտ է, թե որ կառույցն է այդ աշխատանքները համակարգելու, ինչ սկզբունքով, եւ եթե սեպտեմբերից է մեկնարկելու ծրագիրը, ապա հեռավա՞ր է անցկացվելո՞ւ, թե՞ ոչ։

Այս հարցերի պատասխանները դեռ ոչ մի ուսուցիչ չգիտի, ըստ էության, նախարարությունն էլ դեռ չի շտապում հանրայնացնել մանրամասները։ «Եթե մանրամասները հայտնի լինեին, ուսուցիչներն ավելի դուխով կմասնակցեին։ Կան շատ լավ մասնագետներ, որոնք դեռ վախենում են քայլ անել՝ մտածելով, որ դա «ծուղակ» է, ու  քանի որ այս պահի դրությամբ շատ բան հայտնի չէ, ոչ մեկին չի մոտիվացնում նախարարի նշած բարձր աշխատավարձի հեռանկարը։ Իսկ ընդհանրապես՝ լավ կլիներ, որ ամեն տարի վերապատրաստում իրականացվեր, անկախ ատեստավորումից։

Ամեն տարի ունենային վերապատրաստող մի խումբ, բոլոր ուսուցիչներն էլ անցնեին այս վերապատրաստումը, եւ դա արվեր ոչ թե պատժելու նպատակով, որ՝ այ, սա դու չարեցիր, քեզ հանում ենք աշխատանքից, այլ՝ սովորեցնելու։ Եթե նախարարությանը հետաքրքրում է ուսուցչի, նրա դասավանդման որակը, պետք է ստեղծի այդ մարմինը, ու թող տարին մեկ անգամ ամեն ուսուցիչ վերապատրաստվի, անցնի այդ նորարարական մեթոդները, ինչն ավելի արդյունավետ կլինի բոլոր կողմերի համար»։