«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ականների հավաքում բաց տեքստով է խոսել

«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ականների հավաքում բաց տեքստով է խոսել

Մենք արդեն գրել ենք, որ ամեն հինգշաբթի «Քաղպայմանագրի» կենտրոնական գրասենյակում կուսակտիվի կամ, այսպես կոչված, Նախաձեռնող խմբի մի քանի ժամանոց հավաքներ են տեղի ունենում, որին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Նախաձեռնող խումբը, ըստ էության, ՔՊ-ի կուսակցական ակտիվն է՝ մոտ հազար հոգուց բաղկացած։ Ամեն անգամ մի օրակարգ են ընտրում, նախապես օրակարգի մասին տեղեկացվում է ՔՊ-ականներին։ Այն կուսակցականները, ովքեր հետաքրքրություն են դրսեւորում տվյալ հինգշաբթի օրակարգի նկատմամբ, գրանցվում են, եւ առաջին 50-60 գրանցվողները մասնակցում են այդ շաբաթվա հավաքին, որի ժամանակ կարծիք են հայտնում, հարցեր տալիս առաջնորդին, լսում նրա կարծիքը։ Նախօրեի հավաքի օրակարգը կառավարության հնգամյա ծրագրի ընթացիկ՝ 2022-ի զեկույցի թեման էր։

Սակայն ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ներկաներին հուզել են բացառապես Հայաստանի անվտանգային խնդիրները, Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված հարցերը եւ արտաքին քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը կուսակիցներից չի թաքցրել, որ բարդագույն ժամանակներ են՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար, ընդգծել է, որ միջազգային հանրությունը եւս հորդորում է՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծում տալ խնդրին, կնքել խաղաղության պայմանագիրը։ «Բոլորը հոգնել են այս իրավիճակից»,- գրեթե բառացի հայտարարել է Փաշինյանը։ Ինքն անձամբ կարծում է, որ Հայաստանի գոյության շանսն առաջիկա երեք տարիներին դիմանալն է, ստատուս քվոն ձգելը։ Այդ երեք տարիներին Հայաստանը, ըստ Փաշինյանի, կզինվի, կհզորանա եւ այլ դիրքերից հանդես կգա։ Փաշինյանն ասել է՝ եթե երեք տարի դիմացանք, առաջիկա 200 տարին մեր դեմ խաղ չի լինի, հանգիստ կապրենք։ Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ ասել է, որ պահն իսկապես օրհասական է, սակայն պատասխանատվության ողջ բեռը կրկին դրել է ՌԴ-ի ուսերին։ Միեւնույն ժամանակ ասել է, որ Ռուսաստանի դիրքերն այնքան են թուլացել, որ դիմադրելու ունակ չէ։

Փաշինյանը կիսվել է նաեւ Արցախի ճակատագրի վերաբերյալ իր մոտեցումներով, ասել է, որ, բնականաբար, լավագույն լուծումը կլիներ այն, որ ինքնորոշման իրավունքի հետ բոլոր կողմերը հաշվի նստեին, սակայն դա անիրատեսական է։ Եվ կրկին ակնարկել է Ադրբեջանի հետ Արցախի վերաինտեգրման անհրաժեշտության մասին։ Սակայն վերջում ընդգծել է, որ եթե արցախցիների գլխին ցեղասպանության վտանգը կախվի, ապա իր իշխանությունը պարտավոր է օր առաջ ապահովել նրանց՝ Հայաստան տեղափոխելու հարցը։

Ի դեպ, Փաշինյանն այդ հավաքին բավականին սենտիմենտալ տրամադրություն է ունեցել, երկար-բարակ ճառեր է կարդացել պետության եւ հայրենիքի մասին՝ ասելով, որ պետք է բոլորն ունենան այն գիտակցումը, որ հայրենիքն ու պետությունը չտարանջատեն իրարից։