Մաքս Էրման. Սերը պիտի իշխի մեզ

Մաքս Էրման. Սերը պիտի իշխի մեզ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Անվրդով գնա աղմուկի եւ շտապողականության միջով,
ու հիշի՛ր, թե ի՜նչ անդորր կարող ես գտնել 
անձայնության մեջ:
Անդավաճան ինքդ քեզ եւ հնարավորինս չհպատակվելով՝
լավ հարաբերություններ կառուցիր բոլորի հետ:
Ասա քո ճշմարտությունը մեղմ ու հստակ
եւ աչալուրջ լսիր ուրիշներին,
նույնիսկ տաղտկալի եւ տգետ մարդկանց.
նրանք եւս ունեն իրենց պատմությունները:

Խուսափի՜ր բարձրախոս եւ կռվարար մարդկանցից՝
հոգիդ վրդովվելու է:
Թե քեզ անվերջ համեմատես ուրիշների հետ,
կարող ես դառնալ ունայն ու դառնացած,
քանզի միշտ կլինեն քեզանից մեծ ու փոքր մարդիկ:
Ըմբոշխնի՜ր քո ձեռքբերումները, վայելի՜ր քո ծրագրերը:

Քո գործն արա, աճի՜ր, եղիր խոնարհ՝
դա գանձ է՝ բախտախնդիր ժամանակի շրջապտույտում,
Ուշադիր եւ զգո՜ւյշ եղիր գործերիդ մեջ
չէ՞ որ աշխարհը լի է խորամանկությամբ,
բայց նաեւ թույլ չտաս քեզ 
կուրանալ փառք ու պատվովդ:
Հիշի՜ր, շատերն են բարձրանպատակ,
կյանքն ամենուր լի է հերոսությամբ։

Մնա՛ ինչպիսին կաս.
սիրալիր մի՛ ձեւացիր հատկապես,
ոչ էլ ցինիկ եղիր սիրո հանդեպ, 
քանզի անսեր օրերի ու հիասթափության հետ 
համեմատած՝ այն երկարակյաց է, ինչպես խոտը։

Սիրով ընդունիր տարիների խորհուրդը,
եւ զգուշորեն հանձնիր երիտասարդությանդ իրերը:
Հոգիդ մարզիր, որ քեզ պաշտպանես 
հանկարծահաս դժբախտության ճիրաններից:
Բայց մի անհանգստացիր մութ երեւակայություններով:
Շատ վախեր ծնվում են հոգնությունից ու մենությունից։
Կարգապահությունից այն կողմ՝
մե՜ղմ եղիր ինքդ քեզ հետ:

Դու տիեզերքի զավակն ես,
ոչ պակաս, քան ծառերն ու աստղերը,
դու իրավունք ունե՛ս այստեղ լինելու:
Եվ անկախ նրանից՝ դա քեզ հայտնի՞ է, թե՞ ոչ, 
տիեզերքը բացվել է քո առաջ՝ ինչպես որ պետք է:

Եվ ուրեմն, խաղաղության մեջ եղիր Աստծո հետ,
ինչպիսին էլ որ պատկերացնում ես Նրան,
եւ ինչ էլ լինեն քո աշխատանքն ու երազանքը,
կյանքի աղմկոտ այս խառնաշփոթի մեջ
խաղա՜ղ եղիր քո հոգու հետ:

Իր ողջ կեղծիքով, դաժանությամբ եւ 
փշրված երազանքներով,
սա դեռ գեղեցիկ աշխարհ է:
Կենսուրախ եղի՜ր։
Ձգտիր լինել երջանիկ…

ԱՂՈԹՔ 

Թույլ տուր ամեն օր իմ գործն անել, 
եւ թե հուսահատության մութ ժամերը հաղթեն ինձ,
թող չմոռանամ այն ուժը, որով մխիթարվում էի 
այլ ժամանակների ամայության մեջ։
Թող որ հիշեմ ինձ պատահած լուսավոր ժամերը, 
քայլեմ մանկությանս բլուրների վրայով,
կամ հանգիստ երազեմ գետափին,
ուր անշեջ մի լույս վառվել էր իմ մեջ,
ու ես խոստացել էի իմ վաղօրյա Աստծուն խիզախ անցնել 
հարափոփոխ տարիներիս փոթորիկներով:

Խնայիր ինձ դառնությունից
եւ սուր կրքերից անպաշտպան պահերիս,
թող չմոռանամ, որ աղքատ ու հարուստ ենք միայն հոգով:
Թեեւ աշխարհն ինձ չի ճանաչում,
թո՜ղ իմ մտքերն ու քայլերը լինեն այնպիսին,
որ ընկերական լինեմ ինքս ինձ հետ:

Աչքերս վեր հանիր սրտիցս, 
եւ թող որ չմոռանամ աստղերին նայել:
Արգելի՛ր դատել այլոց,
որ չդատապարտեմ ինքս ինձ:
Թույլ տուր չհետեւել աշխարհի աղմուկին,
այլ հանգիստ քայլել իմ ուղով։

Տուր մի քանի ընկեր, որ կսիրեն ինձ՝ ինչպիսին էլ կամ,
իմ թափառական քայլերից առաջ թող շարունակվի վառվել հույսի լույսը բարի,
ու թեեւ տարիքն ու թուլությունը պատում են ինձ,
եւ ես չեմ տեսնում երազանքներիս ամրոցը,
սովորեցրու ինձ շնորհակալ լինել կյանքի
եւ ժամանակի քաղցրանուշ հուշերիս համար,
ու թող դեռ անրջեմ երեկոյի մթնշաղին...

ՄՈՒԹ ՕՐԵՐ

Այդ ո՞ր հիմարը կասի. «Իմ օրերն ազնի՜վ են շատ,
Աստված ինձ հետ է, ամեն ինչ լավ է իմ աշխարհում»:
Երբ մարդկության կեսը գոռում է հուսահատ՝
Ավելի վատ, քան Դանթեի բոցավառ դժոխքում:
Ես չեմ կարող երգել՝ ուրախությամբ տոգորված,
Քանի դեռ ախոյան բանակները մեզ կոտորում են,
Տանջվում ու վերածնվում եմ ես՝ այս օրերում մթամած 
Խավար, աստղազուրկ կեսգիշերներն իմ հոգում են:
Եվ դեռեւս, ո՛վ աշխարհ, ո՛վ կյանք, ո՛վ Աստված,
Ես գտնում եմ ինքս ինձ, կատակում եմ հիմարի պես՝
Քո խրատող գավազանին հավատալով անկասկած,
Սպասելով եւ հուսալով թաքուն, թե սերը պիտի իշխի մեզ…

Թարգմանությունն անգլերենից` Սիրան Գրիգորյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ