Արցախի բողոքը բարձրացրել է Արցախի հերոսը

Արցախի բողոքը բարձրացրել է Արցախի հերոսը

Ի՞նչ էիք սպասում Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Դավաճան» գրությամբ պաստառ է պարզած Գոռ Մուրադյանից։ Մարդը իր վերաբերմունքն է արտահայտել տրիբունայի դիմաց նստած Նիկոլ Փաշինյանին, կառավարական մյուս հյուրերին։ Արցախի ցավը բարձրացրել է Արցախի հերոսը։ Նա, ով մասնակցել է և՛ քառօրյա, և՛ 44- օրյա պատերազմներին։ Եղել է Արցախի ամենաթեժ կետերում, որ փրկի տունուտեղը, ունեցվածքը, բայց չի կարողացել։

Երկու պատերազմների մասնակից, ով կորցրել է իր տունը, իր Արցախը։ Նրա դիմաց նստել է մեկը, ով հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է։ Մարդ ինչ կարգի ամուր նյարդեր և հուզական աշխարհ պիտի ունենա ունենա, որ ինչ որ ձևով իր վերաբերմունքը ցույց չտա։ Դա հնարավոր բան չէ։ Տևական ժամանակ Գոռը բնակվում էր Երիցվանք գյուղում։ Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում` Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Հակարի գետի ստորին հոսանքի աջափնյա հարթավայրում։ Բնակավայրից ոչ շատ մեծ հեռավորության վրա է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Գյուղը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 127 կմ հեռավորության վրա։ 2020 թվականին գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ։ Գոռը կորցրել է իր գյուղը, հայրենիքը և տեղափոխվել Գյումրի։ Բայց ինչպես բոլոր արցախցիները, այնպես էլ Գոռը հույս է ունեցել, որ կվերադառնա իր գյուղ, Արցախ։ Մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանինն է և վերջ։ Ու հիմա նրա դիմաց նստած է Արցախը հանձնած մարդը։ Կապ չունի, որ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ով էլ լիներ, ինչպես նա է ասում, այդպես կվարվեր։ 

«Գիտեմ, որ բոլոր վարչապետների պաշտոնավարման ժամանակ էլ ինքս պիտի աշխատեմ, իմ տունը պահեմ, Փաշինյանը չէ, որ պիտի գա, պահի։ Ես դա ես լավ եմ հասկանում, որ իմ գործը ես պիտի անեմ։ Բայց Փաշինյան կառավարիչն էլ իր գործը պիտի անի, նա պիտի բարի լինի այնպես կառավարել, որ հայրենիքը չփոքրանա, մարդը որ տուն է կառուցում, փորձում է մեծացնել, հարմարավետ դարձնել»։

Գոռը պարզ բացատրում է․ «Ես «Դավաճան» պաստառը պարզեցի, որպեսզի մասնակիցներին ասեմ՝ տրիբունայում նստած է մի կառավարիչ, որը հայրենիքն է փոքրացնում, բանակն է քանդում, մի ծափահարեք, նա արժանի չէ ձեր ծափերին»։

Նրա նման բազում մարդիկ էին մտածում, հենց դա էր պատճառը, որ Փաշինյանի ելույթի ժամանակ շատերը չդիմացան ու լքեցին դահլիճը։