Պատմամշակութային հուշարձանը խորովածի շշի հետ համադրելի չէ

Պատմամշակութային հուշարձանը խորովածի շշի հետ համադրելի չէ

Այս տարի 422 մլն դրամ կուղղվի մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքներին, որոնց թվում է նաեւ Վայոց ձորի մարզում գտնվող Շատիվանքի հուշարձանը։ Մարզի բնակիչ, աստվածաբան Մարատ Զաքարյանը Շատիվանքի խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել է մեր թերթի էջերում եւ վստահ է, որ դրա արդյունքում է նաեւ, որ նախարարությունը հոգածության տակ առավ Շատիվանքը։ Ավելին՝ նա կարծում է, որ եթե այս կամ այն հուշարձանի խնդրի մասին բարձրաձայնվի, ուրեմն հուշարձանը կարելի է փրկված համարել․ «Ինչի մասին ձայն ես բարձրացնում, սկսում են հետեւել, եւ իրականում էլ այդպես է՝ պետք է ահազանգել, ձայն բարձրացնել, քայլ անել։ Վստահեցնում եմ, որ եթե չլինեին այդ հրապարակումները, հաստատ՝ Շատիվանքը չէր մտնի այդ ցանկը»։

Զաքարյանը նկատում է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանում պատմամշակութային հուշարձաններն անմխիթար վիճակում են, կան ե՛ւ օրենսդրական բացեր, ե՛ւ հոգածության պակաս․ «Հուշարձանը վնասելու համար թեթեւ տույժեր են գործում, եւ լուրջ պատիժներ չկան, ինչպես Եվրոպայում եւ այլ տեղերում է»։

Լուրջ խնդիր է նաեւ ժողովրդի մշակութային գիտակցության մակարդակը՝ հուշարձաններն արժեւորելու, գնահատելու եւ պահպանելու հարցում։ Հենց այդ վերաբերմունքը փոխելու համար էլ 3-4 ամիս առաջ, երբ սկսվեց համավարակը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ինքն ու իր ընկերները ստեղծեցին «Տուրիզմը՝ Հայաստանում» խումբը, որն այսօր արդեն ունի շուրջ 17 հազար անդամ, որոնք տարբեր հրապարակումներով, քննարկումներով, հանրայնացնում եւ հանրահռչակում են Հայաստանում գտնվող հուշարձանները․ «Համավարակն առիթ հանդիսացավ, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք ներքին տուրիզմին։ Ու թեպետ 2019-ին՝ անցած 2018-ի համեմատ, աճ էր գրանցվել, բայց բոլոր դեպքերում ընդհանուր զբոսաշրջության մեջ ներգնա տուրիզմը ցածր մասնաբաժին ունի, եւ առյուծի բաժինը հասնում է արտագնա տուրիզմին։ Օրինակ՝ Իսրայելը, Ամերիկան, Չինաստանն ու Ռուսաստանը կարճ ժամանակում ուղղություն վերցրին դեպի ներգնա տուրիզմ եւ, այսպես ասած՝ ինքնաբավ դարձան։ Հետո՝ համավարակն ավելի ընդգծեց այն փաստը, որ ցանկացած երկրի տնտեսություն պետք է լինի ինքնաբավ, իր ռեսուրսներից օգտվի, ինչը վերաբերում է նաեւ զբոսաշրջության ոլորտին։ Հայաստանն աշխարհագրորեն շատ փոքր երկիր է, բայց զբոսաշրջային առումով շատ մեծ երկիր է՝ մեծ հնարավորություններով։ Անապատային տեղ էլ ունենք, ալպիական գոտի էլ, լեռնային շրջաններ էլ, էքստրիմի բոլոր սիրահարներին կարելի է բավարարել»։  

Լինելով խմբի ադմինիստրատորն ու համահիմնադիրներից մեկը՝ Մ․ Զաքարյանն ասում է, որ իրենց գլխավոր խնդիրներից մեկը հասարակության մեջ մշակութային գիտակցությունը բարձրացնելն է։ «Իսկ գնահատելու, պահպանելու համար շատ կարեւոր է ճանաչելը, որովհետեւ չես կարող սիրել մի բան, դրա արժեքը հասկանալ, եթե չես ճանաչում այն եւ չգիտես դրա գինը։ Այսինքն՝ ցանկացած հարց սկսում է ճանաչողությունից, եւ մարդկանց մոտ պետք է բարձրացնենք ճանաչողության այդ աստիճանը։ Հետո՝ մեզ մոտ կարծրատիպ կա, որ «զբոսաշրջություն» ասվածը դա խորոված-քյաբաբ ուտելն է, այդ կերուխումը։ Մենք պետք է կոտրենք այդ գաղափարը, որովհետեւ պատմամշակութային հուշարձանը խորովածի շշի հետ համադրելի չէ, այդ մանղալները, որ տեսնում ենք եկեղեցու բակերում կամ դրան մոտիկ դրված, ահավոր փչացնում են տեսարանը, էլ չասեմ բարոյական կողմի մասին»։

Ի՞նչ ճանապարհներով են փորձելու ներգնա տուրիզմն ավելի գրավիչ դարձնել, օրինակ, Իտալիա գնացողների համար։ «Տեսեք, խմբում արված ցանկացած հրապարակում արդեն գովազդ է, որովհետեւ խմբի ամեն մի անդամ նկարում, տեղադրում եւ գրառում է անում այն վայրի մասին, որն այցելել է, իսկ դա արդեն քարոզչություն է, որին մասնակից են բոլորը։ Անգամ նկատել ենք, որ մարդիկ շաբաթվա սկզբից արդեն սկսում են պլանավորել, թե հանգստյան օրերին ուր են գնալու, եւ սկսում են փնտրել երաշխավորություններ, խորհուրդներ։ Նկատում ենք նաեւ, որ համավարակով պայմանավորված՝ հիմնականում կազմակերպվում են ընտանեկան տուրեր, փոքր խմբերով արշավներ։ Խմբում կան նաեւ բժիշկներ, որ խորհուրդներով են կիսվում, օրինակ՝ եթե օձը խայթի, ինչ պետք է անել։ Առանձին հրապարակումներով պայքարում ենք եւ փորձում ենք լուծել նաեւ աղբահանության հարցը, որը մշտապես առկա է պատմամշակութային հուշարձանների տարածքում։ Սրանով մենք միայն մշակութային կամ ինքնաբավության խնդիր չենք լուծում, ուզում ենք նաեւ ճանաչելու եւ պահպանելու հարցը լուծել, որպեսզի մեր վաղվա սերունդը մեծանա՝ պահպանելով եւ գնահատելով մեր ազգային արժեքներն ու լինի ավելի կրթված»։

Հարցին, թե ինչ միտումներ կան ներգնա տուրիզմի մեջ, ամենապահանջված ուղղությունները շարունակո՞ւմ են մնալ Գառնի-Գեղարդը, թե՞ նոր ուղղություններ կան, որոնք ավելի մեծ պահանջարկ են վայելում, Մ․ Զաքարյանն ասաց․ «Մենք հենց ուզում ենք կոտրել այդ դասական մտածելակերպը՝ Գառնի-Գեղարդ կամ էլ Նորավանք։ Փորձում ենք բացահայտել մեր երկիրը, ու դրա արդյունքում պարզվեց, որ Հայաստանը լճերի, ջրվեժների երկիր է, էլ չասեմ շատ ու շատ վանքերի ու խաչքարերի մասին, որոնք մոռացված են ընդհանրապես։ Գառնի-Գեղարդը էլ չի համարվում այդքան պոպուլյար, նոր ու հետաքրքիր ուղղություններ են ձեւավորվում, գերակայության առումով պետք է նշեմ Տավուշը, Վայոց ձորը, Սյունիքը»։

Մեկ այլ կարեւոր խնդիր է նաեւ տեղեկատվական վահանակների առկայությունը, որ խոշոր հուշարձանների մոտ կան, բայց փոքր հուշարձանների տարածքում այդ ցուցանակները միշտ չէ, որ առկա են, ինչը եւս ճանաչողության եւ պահպանության առումով մեծապես կարեւոր նշանակություն ունի թե՛ տեղացիների, թե՛ տուրիստների համար․ «Ճանաչված կետերում կան վահանակներ, բայց, ընդհանուր առմամբ, դրանց պակասը կա, դրան պետք է պետական մոտեցում ցուցաբերվի, քանի որ իրենից նաեւ որոշակի ծախս է ենթադրում»։