Անձնական դեժավյուի պահերը

Անձնական դեժավյուի պահերը

Նախորդ օրվա մեջ խտացված էին 2020 թվականի քառօրյայի ողջ ընթացքի իմ ապրումները: Նույն  ապրումներն ունեցել եմ նաև 1991 թվականի օգոստոսյան օրերին՝ երբ Մոսկվայում հայտարարվեց Արտակարգ դրության պետական կոմիտեի («ԳեԿաՉեՊե») ձևավորման մասին: Ճիշտ ինչպես երեկ, այն ժամանակ ևս մի քանի օր չէի հեռանում լրատվության ազբյուրներից: Կախված Մոսկվայում ընթացող իրադարձություններից՝ մենք կունենայինք կամ չէինք ունենա անկախ պետականություն: Նույնը կրկնվեց նաև երեկ՝ կախված վագներականների խռովության արդյունքից՝ Ադրբեջանը կսկսեր հերթական, բայց այս անգամ լայնածավալ ագրեսիան ընդդեմ Արցախի: Եվ ոչ միայն կհարվածեր Ացախին, այլև հարվածը սահուն և հանգիստ կտեղափոխեր Սյունիք և Գեղարքունիք: Ինչին, բնականաբար, ոչնչով չէր խոչընդոտելու երբեմնի «դուխով փրկիչը»՝ Հայաստանը տանելով հերթական խայտառակ պարտությանն ընդառաջ: Որն արդեն վերածվելու էր մեր պետականության կործանման առաջին (կամ ավելի ճեշտ՝ երկրորդ) փուլի:  

Բարեբախտաբար, հանուն արդարության պրիգոժինյան ռազմական խռովության փորձը տապալվեց: Եվ ինչպես երևում է, խռովության փորձը որևէ ազդեցություն չի ունեցել ռուս-ուկրաինական հակամարտության թատերաբեմում: Պատճառներից մեկն այն է, որ ուկրաինական հակահարձակման, կամ այսպես կոչված «կոնտրնաստուպի», շաբաթների ընթացքում մենք ականատես եղանք ոչ թե ռուսական դիրքերը ճեղքելու, այլ դիրքային մարտերի ընթացքին: Երկրորդ պատճառն էլ այն էր, որ Եվգենի Պրիգոժինի հիմնադրած «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը որևէ ձևով ներկայացված չէր «կոնտրնաստուպյան» մարտերում: Եվ խռովության փորձն էլ այնքան կարճատև ընթացք ունեցավ, որ արևմտյան հետախուզական կենտրոնները չհասցրեցին ինչ-որ նախագիծ մշակել այն օգտագործելու առումով:

Չեմ կարող չանդրադառնալ խռովության փորձի ընթացքում հայաստանյան արևմտամետների ոչ ադեկվատ պահվածքին: «Եկավ պուտլերի վերջը», «Չարիքի կայսրությունը կործանվում է», «Վերջապես ազատվում ենք ռուսական սապոգից», «Հայաստանը վերջապես կմիանա արևմտյան աշխարհին» և այլն, և այլն… Այս և նման արտահայտություններով էր լցված հայախոս ֆեյսբուքը: Ենթադրենք, որ ուկրաինական ռազմաճակատից Դոնի Ռոստով ուղարկված չեչենական երկու բրիգադները մարտի բռնվեցին վագներականների հետ: Ենթադրենք, որ դա հանգեցրեց քաղաքացիական պատերազմի, քանի որ խռովությունը բռնի ուժով ճնշելու գործում չեչենների ներառումն ակտիվացնելու էր ռուսական ազգայնականությունը: Եվ խռովությունը կարող էր ընդգրկել ռուսական այլ զորամիավորումներ: Ի՞նչ էր շահելու դրանից Հայաստանը կամ Արցախը: Իսկ որ Ադրբեջանը շահելու էր՝ դրանում կասկած լինել չէր կարող:

«Մայկա-տռուսիկի» խնդրից ազատված (՞՞՞), սակայն սպառազինությունը կորցրած բանա՞կն էր պատերազմելու, Արևմո՞ւտքն էր մեզ պաշտպանելու, թե՞ այլմոլորակայինները… Կարծում եմ, որ երրորդն ավելի իրական կարող էր լինել, քանի որ առաջին գործոնի վրա հույս այլևս չենք դնում: Իսկ երկրորդը՝ հավաքական Արևմուտքի վարքը, մեզ վաղուց արդեն խիստ ծանոթ է: Այն կսահմանափակվեր Ադրբեջանի հասցեին դատապարտող և մեզ ուղղված ցավակցական հայտարարություններով: Այլմոլորակայինների առումով, համենայն դեպս, նման բան չի նկատվել:

Հ. Գ. Հուսով եմ, որ նույն խնդրի առումով երեք միանման ապրումը մեկ մարդու և նրա սերնդակիցների դեպքում առավել քան բավարար է, և մենք այլևս նման ապրումներ չենք ունենալու: