Պետք է պատասխանատվություն կրի ոչ միայն առողջապահության նախկին նախարարը, այլ նաև հենց ինքը՝ Ատոմ Ջանջուղազյանը

Պետք է պատասխանատվություն կրի ոչ միայն առողջապահության նախկին նախարարը, այլ նաև հենց ինքը՝ Ատոմ Ջանջուղազյանը

Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի զեկույցը եւ մասնավորապես այն, թե որքանով են կորոնավիրուսի համար պետբյուջեից արված ծախսերն 2020 թվականին եղել արդյունավետ: Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին հատկացվել է փաստացի հաշվարկված աշխատավարձի ծախսերից 152 մլն դրամով ավելի գումար, սակայն արձանագրվել են առանց կատարողականի կամ կատարողականից տարբերվող վճարումներ, 1 պացիենտի 1 համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման դեպքեր եւ այլն։

Թեմայի շուրջ Hraparak.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Իրականությունն այն է, որ, եթե Քովիդով պայմանավորված ռազմավարական պլան ունեցել են, դա փաստացի չի իրականացվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն 2019 թ․ դեկտեմբեր ամսին, երբ Չինաստանում այդ համաճարակը բուռն տարածվում էր, հունվար-փետրվար ամիսներին Արսեն Թորոսյանը՝ դա որպես գրիպ էր ներկայացնում, այսինքն՝ որպես համաճարակ չի ներկայացվել։ Այդ օրերին ԱՆ նախկին նախարարը Կորեայից  եկավ, հայտնեց իր այցի մասին։ Ավելին՝ ծաղրելով մեզ, ասաց՝ կարող եք ինձանից հեռու մնալ, ես Կորեայից եմ եկել։ Ծաղրում  էր, հեգնում էր այդ համավարակը։ Եթե իրենք այդպիսի պլան ունեին, ապա այդ պլանի համաձայն Առողջապահության նախարարը ի սկզբանե չպետք է իրեն  թույլ տար նման հեգնական հայտարարություններ աներ։ Որովհետև կան հստակ ընթացակարգեր, հստակ նաև պետական պաշտոնյաների հայտարարությունների համակարգ, որ ինչպիսի տեղեկատվություն պիտի փոխանցի հանրությանը և այլն։ Եթե նման պլան լիներ, պետք է կանխվեր։ Օրինակ՝ մարտին սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որն իրենք սկսեցին։ Իսկ, եթե համաճարակային պլանի համաձայն գործեին, ապա զանգվածային միջոցառումներ չէր կարող կիրառվել այդ ժամանակ։ Այսինքն՝ այսօրվա վեճն այդ պլանի, կար, թե չկար, և եթե կար՝ ուղղակի թղթի վրա է մնացել և գործնականում որևէ պրակտիկ նշանակություն չի ունեցել»։

Տնտեսագետը գտնում է, որ այստեղ ավելի շատ 152 միլիոնի ոչ թե թիվն է էական, այլ բովանդակությունը, որակը։

«Այսինքն՝ Հաշվեքննիչ պալատի կողմից արված մեղադրանքը Առողջապահության նախարարությանը, որը չի պատրաստվել այդ համավարակին, կամ չի նվազեցրել առաջին հարվածը, այս ամենի հետևանքն է։ Այս ամենի արդյունքում կարող է 152 միլիոն դրամ ծախս է եղել կամ ծախս է առաջացել և այլն։ Իրականում դա փոքր գումար է, մեծ թիվ չի, որ թեմա լինի։ Այստեղ ավելի շատ քաղաքական է թեման և ընդգծում է, որ ԱՆ-ն պատշաճ չի պատրաստվել համավարակին, չի եղել զգոն և  լուրջ չի վերաբերել դրան։

Այդքան գումար է հատկացվել Քովիդի հետ կապված ծրագրերի շրջանակներում։ Գիտենք, որ անվճար է եղել հիվանդների համար բուժման ողջ պրոցեսը։ Ենթադրենք 10 հիվանդ է եղել x հիվանդանոցում պառկած, բայց հիվանդանոցը ավել է ցույց տվել՝ 11 կամ ավել և ավել գումար է ստացել։ Սրա մասին Է հիմնական խոսքը։ Այստեղ պետք է պատասխանատվություն կրի ոչ միայն նախկին ԱՆ նախարարը, այլև նաև հենց ինքը՝ Ատոմ Ջանջուղազյանը, որն այդ տարիներին զբաղեցրել է Ֆինանսների նախարարի պաշտոնը։ Ֆինանսների նախարարությունն է իրականացրել ամբողջ այդ ծրագրերի ֆինանսավորումը։ Եթե, այսպես ասած սխալ, հաշվարկներ են արել, հիմքերը թույլ են եղել, որի արդյունքում ավել գումարներ են փոխանցվել, որպես ֆինանսների նախարար՝ թող բարի լիներ վերահսկեր բոլոր պետական բյուջեից հոսող գումարների նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։ Հաշվի առնելով, որ փոքր գումարի մասին է խոսքը, ինձ թվում է ճշգրտումներ կտան և կլուծվի այդ հարցը։ Օրինակ, կարող են x հիվանդանոց ավել գումար են փոխանցել, հաջորդ ամիս մեկ այլ ծրագրի շրջանակում փոխանցում կատարեն։ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ուղարկվում է դատախազություն։ Եթե միտումնավոր է դա արվել, ապա քրեական  գործ կհարուցվի, իսկ եթե ուղղակի տեխնիկական է խնդիրը, կամ այլ հարց է՝ կվերանայվի և գումարները հետ կվերադարձվեն, կամ կհաշվանցվեն»։

Գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը Hraparak.am ին տեղեկացրեց՝ «Քովիդի հետ կապված Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություն արել էր։ Մենք՝ մեր նախաձեռնությամբ  դա վերցրել ենք, դարձրել ենք ուսումնասիրության առարկա՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում։ Եվ քանի որ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ էին առկա դրանցում, դա փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով։ Նյութերի նախապատրաստման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում մայիսի 25-ին Քր․ օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի ն 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Հնարավոր չարաշահումների առկայությունը, հանգամանքները լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն կատարելու, պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»։