Ինչու կալանավորվեց Արմեն Աշոտյանը. Վերծանելով Հայկ Մամիջանյանին

Ինչու կալանավորվեց Արմեն Աշոտյանը. Վերծանելով Հայկ Մամիջանյանին

Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ հունիսի 16-ին երկու ամսով կալանավորեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Որոշումը սպասելի էր անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն իր շոշափուկներով ինչ մեդիա-քարոզչական ֆոն կփորձի ապահովել։ Սակայն այստեղ հետաքրքրականն այլ բան է եւ կապված է Աշոտյանի կուսակից Հայկ Մամիջանյանի՝ բրիֆինգի ժամանակ ԱԺ-ում ասած մտքերի հետ։

Մամիջանյանն ասել է․«Ուղղակի երկու բան է բանակցային սեղանին։ Փաշինյանն անպայման պետք է ստանա իր իշխանությունը պահպանելու երաշխիքները, սա առաջինն է, իսկ երկրորդը այն է, որ քննարկում են այն ափսեն, որի վրա ինքն Արցախը մատուցելու է Ադրբեջանին։ Այդ ափսեի ծայրի նախշերը կապո՞ւյտ են լինելու, թե՞ այլ գույնի։ Ես բանակցային գործընթացն այդպես եմ տեսնում։ Իհարկե, ես չեմ ուզում բացահայտել մեր միջազգային աղբյուրներին, բայց մինչև այսօր մեր կուսակցության հնչեցրած բոլոր տվյալները եղել են ճիշտ։ Այդ թվում նաև դրա համար է քաղաքական հալածանքի ենթարկվում Արմեն Աշոտյանը»։

Մամիջանյանի խոսքերը եթե համադրենք կալանավորման որոշման հետ, կունենանք հետեւյալ եզրահանգումները՝
• Այն «ճաշը» որը եփվում էր արդեն տեւական ժամանակ եւ կոչվում էր «Արցախի հանձնումն Ադրբեջանին», թատերական լեզվով ասած՝ որպես ներկայացում, մոտենում է իր վերջնարարին։
• Աշոտյանը որպես ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, ով նաեւ խոսող անձ է եւ բացահայտումներ անող, այդ վերջնարարի ժամանակ չպետք է լինի ազատության մեջ կամ որ նույնն է՝ ազատ խոսելու, հնարավոր նոր բացահայտումներ անելու հնարավորություն չպետք է ունենա։
• «Ճաշի» մասին, որը հիշատակեցինք մի փոքր վերեւում, տեղյակ է ՀՀԿ-ն, որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ համաեվրոպական ամենամեծ քաղաքական միավոր հանդիսացող ընտանիքի անդամ եւ ամենայն հավանականությամբ որոշ դրվագներ բացահայտելու կարիք կա, այլապես նման հապճեպությամբ կալանքի որոշումը չէր կայացվի։
• Բացահայտումները թերեւս կապված կլինեն կամ Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության պահպանման երաշխիքների կամ «Արցախի՝ Ադրբեջանին հանձնման» օպերացիայի բաժնետերերի ունեցած մասնաբաժինների հետ։ Այստեղ հատուկ ընդգծել է պետք, որ օպերացիան ամենայն հավանականությամբ իրականացվում է որոշակի արտաքին համաձայնության պայմաններում, սակայն հստակեցված չէ, թե ով է լինելու գլխավոր բաժնետերը՝ «ափսեի նախշերում տիրապետող գույն ունեցողը», ըստ Մամիջանյանի ալեգորիայի։
• Աշոտյանի կալանքն արդեն իսկ որակվեց Մամիջանյանի կողմից որպես հալածանք։ Կարելի է կարծել, որ այն առանձնապես երկար չի տեւի։