Մենք նման ահռելի քանակի ստորագրությունների չէինք սպասում
Հունիսի 19-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, երգչուհի Շուշան Պետրոսյանի և ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի նախաձեռնությամբ ի աջակցություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ստորագրահավաք է սկսվել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է: Նա Բժշկական համալսարանում չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ապա նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ ընդդիմադիր գործչի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է ևս մեկով՝ վատնում կազմակերպելու հոդվածով։
Կրթության նախկին նախարարը 2012-2018 թվականներին Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել։ Այս մեղադրանքները վերաբերում են նրա գործունեության այդ փուլին եւ մասնագետների դիտարկմամբ՝ քաղաքական են։
Ստորագրման ներկայացված տեքստը այսպիսին է․
«Արմեն Աշոտյանի կալանավորումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։ Մենք այն գնահատում ենք՝ որպես իշխանությունների կողմից ուղերձ մեր հասարակությանը և այն անհատներին, որոնք պատրաստ են պայքարել հանուն հայկական ինքնության, հանուն մեր պետության և ընդդեմ հայկական Արցախի ոչնչացման։ Այսօր խնդիր կա ապահովել հանրային լայն համախմբում՝ ի պաշտպանություն և՛ այս պահին, և՛ պայքարի որևէ փուլում անազատության մեջ հայտնված գործիչների, քանի որ նրանց պաշտպանությունն այսօր հանրային ինքնապաշտպանություն է։ Մենք պնդում ենք, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, պահանջում ենք դադարեցնել քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»։
Ստորագրահավաքի արդյունքում արդեն ավելի քան 400 ստորագրություն է հավաքվել: Մենք ստորագրահավաքի կազմակերպիչներից փորձեցինք պարզել, թե ի՞նչ նպատակով է այն կազմակերպվել եւ ինչին են ծառայելու այդ ստորագրությունները, դիմելու են ինչ որ կառույցների՞, ո՞ր կառույցներին եւ ինչ են ակնկալում դրա արդյունքում: Կազմակերպիչներից Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս այդ մասին հստակ ոչինչ չգիտի. «Ես ևս այդ հարցը բարձրացրել եմ, մենք նման ահռելի ստորագրությունների չէինք սպասում, պատկերը բավականին լավն է, մի քանի հազարի են հասնում ստորագրությունները, բայց քանի որ նախապես հայտարարվել էր, որ միայն հանրային գործիչների ստորագրություններն են ներառվելու, այդպես էլ անում ենք», - նշեց երգչուհին: Այսինքն՝ 400 ստորագրությունը հանրային գործիչներն են, կան նաեւ շարքային քաղաքացիներ, որոնք ստորագրում են այդ տեքստի տակ։
Կարծիքներ