Եվրոպական ժողովրդավարությո՞ւն... 

Եվրոպական ժողովրդավարությո՞ւն... 

20-25 տարի շարունակ՝ սկզբում որպես լրագրող, իսկ հետո հասարակական կազմակերպության անդամ և աշխատակից մտածում էի, որ Եվրոպան արդեն նախկինը չէ: Խոսքը 100 տարվա առաջվա Եվրոպայի մասին է, երբ մեր ազգը սրի էր քաշվում, իսկ Եվրոպան, մեծ հաշվով, թքած ուներ դրա վրա: Մտածում էի, որ եվրոպական ժողովրդավարությունը մեր օրերում առաջնորդվում է օբյեկտիվությամբ, արդարությամբ ու ազնվությամբ: Կարծում էի, որ ժողովրդավարությունն այն է, երբ նույնիսկ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրում չեն սահմանափակվում մարդկանց իրավունքները: Ինչպես դա արվել էր, օրինակ, Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ, Ամերիկայի ժողովրդի ազգային հերոս Աբրահամ Լինքոլնի (1809-1865) օրոք: 

Մտածում էի, որ, ընտրություններով իշխանություն փոխվելուց բացի, իրական ժողովրդավարությունն այն է, երբ պաշտոնավարող նախարար ու փոխնախարար է դատի տրվում: Նույնիսկ վարչապետի նկատմամբ է քրեական գործ հարուցվում: Ինչպես, օրինակ, 2020 թվականին Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նաթանյահուի նկատմամբ հարուցված երեք գործերը կոռուպցիայի և հանրային վստահությունը մոլորեցնելու մեջ: Եվ 20-25 տարի շարունակ ինձ նվիրել էի արևմտյան արժեքներ քարոզելուն: Եվ ակտիվ պայքար էի մղում նախկինների դեմ՝ նրանց օրոք ընթացող գործընթացը համարելով  ժողովրդավարության նմանակում (իմիտացիա):

Բայց պետք է գար Փաշինյան Նիկոլն իր «ժողովրդավարության բաստիոնով», որպեսզի սեփական մաշկի վրա զգացվեր ժողովրդավարության իրական նմանակումը: Որպեսզի իրականության պարտադրանքով տեսակետներ փոխվեին: Որպեսզի նախկին կարծիքներն աստիճանաբար իրենց տեղը զիջեին 180 աստիճանով տարբերվող նորերին: Ընդ որում, թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքականության հարցերում: Ու դրանք այնպես իրար կապակցվեին, որ գրականության կամ կինոյում անգամ այդպես չդրսևորվեին:  

Պետք է մերժեինք Սերժին, որպեսզի իմանայինք, թե ինչ է նշանակում գործող իշխանության իրական միջամտությունն ընտրական գործընթացներին: Նախկինների օրոք վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրակաշառքների գծով ընդվզողներս պետք է բախվեինք համատարած քրեական գործեր հարուցելուն, որպեսզի բացվեին մեր աչքերը: Խոսքը, բնականաբար, բոլոր ընդվզողների մասին չէ: Այլ ինձ նման «միամիտների», որոնց համար գերակա է եղել ոչ թե արևմտյան դրամաշնորհը, այլ սկզբունքը: 

Պետք է վարչապետ կարգվեր Փաշինյան Նիկոլը, որպեսզի պարզ դառնար, որ կարելի է անձեռոցիկի նման օգտագործել ու դեն նետել բարձրասիճան պաշտոնյաներին: Պաշտոնյաներ փոխել՝ նրանց վրա քրեական գործեր հարուցելով կամ առանց դրա: Հատկապես պատերազմում պարտված և դեռևս պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պաշտպանության նախարար ու ԶՈՒ ԳՇ պետ փոխելիս: Իհարկե, բացառությամբ վարչապետի և այն բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր վայելում են վարչապետ կոչվածի անձնական հովանավորությունը: Ինչը վկայում է ոչ թե ժողովրդավարության առկայության, այլ անձնիշխանության և գլխիվայր շրջված կառավարման համակարգի առկայության մասին: 

Պետք է հասնեինք այսօրվա մեր վիճակին, որպեսզի առերեսվեինք եվրոպական ժողովրդավարության կեղծիքին ու երկերեսանիությանը: Երբ մեկ անձի կողմից կառավարվող պետությունը եվրոպական չինովնիկի կողմից բնութագրվում է որպես «ժողովրդավարության փայլուն աստղ»: Երբ այդ մեկ անձին է ենթարկվում խորհրդարանը, որն իբր թե ընտրել է նրան վարչապետ: Երբ այդ անձին է ենթարկվում ողջ իրավապահ համակարգը, որն իբրև թե օժտված է ինստիտուցիոնալ անկախությամբ: Երբ այդ անձին չենթարկվող դատական համակարգը ենթարկվում է տոտալ վարչական (կարգապահական վարույթ հարուցելու միջոցով) և հոգեբանական (վարկաբեկումների և «վեթինգային» սպառնալիքների միջոցով) ահաբեկման: 

Պետք է տեղի ունենար 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան, իսկ այնուհետև ռուս-ուկրաինական պատերազմը, որպեսզի ամբողջովին գիտակցեինք, որ սխալվել ենք նաև արևմտյան ժողովրդավարության հարցում: Խոսքը, բնականաբար, բոլոր գրագետ հայաստանցիների մասին չէ: Այլ նրանց, ովքեր, հանց կրոնի, հավատ էին ընծայում եվրոպական կամ ընդհանրապես արևմտյան ժողովրդավարությանը: Գիտակցեինք, որ արևմտյան երկրները ժողովրդավարության ու մարդու իրավունքների անվան ներքո բացարձակ այլ շահեր են հետապնդում: Աշխարհաքաղաքական շահեր: Իսկ մարդու գլխավոր իրավունքի՝ կյանքի իրավունքի, նկատմամբ նրանք անտարբեր են: Անտարբեր են, եթե այն վերաբերում է, օրինակ, հայերին: Սակայն սլավոն ուկրաինացիների առումով այլ վերաբերմունք ունեն: Թեև ժամանակին (30 տարի առաջ) գրոշի արժեք չէին տալիս մեկ այլ սլավոն ժողովրդի՝ սերբերի կյանքի իրավունքին: 

Փաստորեն արևմտյան ժողովրդավարության տեսակետից գերական ոչ թե մարդկային իրավունքներն են, այլ այս կամ այն ժողովրդի նկատմամբ անտարբեր կամ նույնիսկ թշնամի լինելու հանգամանքը: Իսկ երկրորդ դեպքում՝ նաև որևէ ժողովրդի պատժելու ցանկությունը: Հենց ժողովրդին և ոչ թե որևէ առանձին երկրի իշխանությանը: Ինչը տեղի է ունենում նույնիսկ Արևմուտքում բնակվող ռուսների նկատմամբ: Ինչը, բնականաբար, հիմնված է ոչ թե համամարդկային արժեքների (նման բան տեսականարեն անգամ հնարավոր չէ), այլ զուտ աշխարհաքաղաքական շահերի վրա: Ինչը տվյալ դեպքում ուղղված է Ռուսաստանի Դաշնությունը, որպես միասնական պետություն, վերացնելուն: Որն, ի դեպ, միակ պետությունն է, որ երաշխավորում է մեր հայրենիքում մեր ապրելու իրավունքը: