Էրդողանն ու Ալիեւը «քցեցին» Մոսկվային, ո՞ւմ ասեղն է թելում Փաշինյանի վարչակազմը

Էրդողանն ու Ալիեւը «քցեցին» Մոսկվային, ո՞ւմ ասեղն է թելում Փաշինյանի վարչակազմը

Անդրադառնալով վերջին շրջանում Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացմանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հավաստիացրել է, որ ռուս-թուրքական առնչությունները նորմալ վիճակում են։ Նաեւ հայտարարել է, թե հացահատիկային գործարքի վերսկսման հարցով առաջիկայում կարեւոր զրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Չնայած Էրդողանի վստահեցումներին, ակնհայտ է, որ այդ խոսքերը հնչել են արտաքին լսարանի համար՝ երկու երկրների միջեւ առկա լարվածության լիցքաթափման նպատակով, եւ ամենեւին չեն արտացոլում ներկա իրողությունները։ Կրեմլում վճռականորեն հերքել են սեւծովյան համաձայնագրերին վերադառնալու շանսերը, եթե չկատարվեն Ռուսաստանի մասով ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Եթե պայմանավորվածությունները կատարվեն, գուցե վերադառնանք գործարքին»,- ակնարկել է Պուտինը՝ վերահաստատելով այդ հարցում ՌԴ անզիջում դիրքորոշումը։ 

Մոսկվա-Անկարա հակասությունների ֆոնին ուշագրավ պատկեր է ուրվագծվում Հարավային Կովկասում, որտեղ որոշակի մարտահրավերներ ու ռիսկեր են ի հայտ գալիս առաջին հերթին Հայաստանի ու Արցախի համար։ Մի կողմից, խոսքը մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի մասին է, որի նկատմամբ ՀՀ իշխանությունները վերապահումներ ունեն եւ հաճախ են քննադատում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի եւ ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելության մասով, մյուս դեպքում գործ ունենք մեր դարավոր ախոյանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնց հետ Փաշինյանի վարչակազմը դիվանագիտական ու քաղաքական սիրախաղերի մեջ է եւ ցանկացած առիթ օգտագործում է՝ հավատարմության երդում տալու առ խաղաղություն եւ համագործակցություն։

Ի դեպ, վտանգավոր իրավիճակ է ստեղծվել նաեւ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների առումով․ օրերս Էրդողանը հայտարարեց, թե ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղը լքելու է մինչեւ 2025 թվականը, ինչին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ից հակադարձեցին, թե Թուրքիան 2020 թ․ եռակողմ հայտարարության կողմ չէ եւ իրավասու չէ հանդես գալ նման ուղերձներով։ Տեւական ժամանակ է, ինչ ռուս խաղաղապահների գործունեությունը քննադատում են նաեւ Ադրբեջանի իշխանությունները՝ նշելով, թե նրանց միջոցով հայկական կողմն իրականացնում է, այսպես կոչված, անօրինական ռազմական փոխադրումներ եւ այլն։ ՌԴ խաղաղապահ զորախմբի մասին, որքան էլ տարօրինակ է, պարբերաբար բացասական կարծիք է տիրաժավորում նաեւ պաշտոնական Երեւանը։

«Եթե հետեւենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների եւ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին եւ ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ»,- ավստրիական DerStandard թերթին տված հարցազրույցում ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

Հատկանշական է, որ Հայաստանի ԱԳ նախարարը փորձում է ՀՀ իշխանությունների բացասական վերաբերմունքը վերագրել հայ հասարակությանը, ինչը քաղաքական շահարկման դասական օրինակ է։ Փաստն այն է, որ ռուս խաղաղապահների մասով Երեւանի ու Բաքվի քննադատությունները նույն ծիրում են, ինչը վկայում է օրակարգերի համանմանության եւ պրոթուրքական քաղաքականության տրամաբանության մասին։

Ի դեպ, Մոսկվա-Անկարա հարաբերությունների վատթարացման համապատկերում ուշագրավ է մեկ այլ փաստ․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ իր երկրին օգնելու համար: «Ես շնորհակալ եմ նախագահ Իլհամ Ալիեւին՝ Ուկրաինայի կարիքները բավարարելու նպատակով էներգետիկ սարքավորումների ձեռքբերման համար օգնություն հատկացնելու որոշման համար։ Բարեկամ Ադրբեջանի այս աջակցությունը կարեւոր է Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար՝ ագրեսորի մշտական հարձակումների պայմաններում»,- թվիթերյան միկրոբլոգում գրել էր Զելենսկին։

Հայտնի առածն ասում է՝ իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է: Թե որքանով է այս թեզն արդիական եւ ճշմարիտ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում, դեռ պարզ չէ։ Փաստն այն է, որ մեզ համար բարեկամական երկիր հանդիսացող ՌԴ-ի թշնամիների թիվն առաջիկայում ակներեւաբար կարող է ավելանալ եւս երկուսով՝ Ադրբեջանով եւ Թուրքիայով, եթե, իհարկե, պաշտոնական Երեւանը չմիանա թշնամական զույգին:

Արա Ալոյան