Զգալով, որ վարչապետի պաշտոնը դուրս է գալիս իր տակից, փորձում է կտրել պետականության ծառի արմատները

Զգալով, որ վարչապետի պաշտոնը դուրս է գալիս իր տակից, փորձում է կտրել պետականության ծառի արմատները

«Դիմադրություն» շարժման եւ ներքաղաքաքական իրավիճակի մասին զրուցել ենք «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ։ 

- 10 օր է ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում է՝ հանրահավաքներ են անում, խաղաղ անհնազանդության ակցիաներ, երթեր: «Ժառանգություն» կուսակցությունը որքանով է մասնակցում այս ամենին:

- Թե կուսակցության վարչությունը, թե հիմնադիր-նախագահը Ազատության, Ֆրանսիայի հրապարակներում և Երևանի տարբեր փողոցներում, անշուշտ, ունեցել է և ունի իր մասնակցությունը: ԲՆականաբար, մենք այնտեղ ենք, որտեղ կա Հայաստանի Հանրապետության շահը: Եվ կարծում եմ մենք՝ հասարակությունս, աստիճանաբար ականատեսն ենք դառնում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանախմբավորման հայրենատվության կեղտոտ երկու արարների հետևանքներին: Ես մարդկանց գիտակցության մեջ որոշակի տեղաշարժեր եմ տեսնում: Իհարկե, իշխանությունը ամեն կերպ փորձում է իրականացնել հայրենատվության 3-րդ արարը: Սակայն, հույս ունեմ՝ առաջիկա օրերին, կամ շաբաթներին այդ ընթացքը կկասեցվի:

- Այսօր ընդդիմությունը մեկնեց Գյումրի: Մի խումբ գյումրեցիներ փակել էին նրանց ճանապարհը, բախումներ տեղի ունեցան: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ:

- Պետք է նշեմ, որ սա համընդհանուր Գյումրու արձագանք դիտարկել, իհարկե, սխալ կլինի: Գործող իշխանախմբավորումը, օգտագործելով հասարակության ներսում տարիներով կուտակված աղտերը, փորձում է սեփական իշխանության րոպեները ավելացնել՝ որևէ բանի առջև կանգ չառնելով: Մենք այսօր վտանգավորության կարմիր գիծը հատել ենք, որովհետև հայը հայի վրա փորձում է ձեռք բարձրացնել, հայը հային հայհոյում է և այս ամենը հենց տեղավորվում է իշխող խմբավորման հայրենատվության գործողությունների մեջ: Եվ օգտագործելով ցանկացած առիթ՝ երկարաձգում են իրենց իշխանության րոպեները: Իսկ այդ իշխանության ժամանակահատվածում արմատախիլ են անում, կամ կտրում են պետականության ծառի արմատները, որովհետև կարծես թե կյանքի է կոչվում 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը՝ «կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, կամ ինքը կլինի վարչապետ»: Այո, նա նման հայտարարություն էր արել, և հիմա, զգալով, որ վարչապետի պաշտոնը աստիճանաբար կամ վարչապետի աթոռը աստիճանաբար դուրս է գալիս իր տակից, փորձում է կտրել պետականության ծառի արմատները: 

- Այսօր ընդդիմադիր շարժումը կազմված է տարբեր ուժերից: Եվ քանի որ մեկ կուսակցության, կամ խմբակցության նախաձեռնություն չէ, օրակարգ կամ ծրագիր էլ չեն ներկայացնում:

- Բոլորին համակել է այսպես շարունակելու անթույլատրելիությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը՝ ներքաղաքական տիրույթի հստակ ձևավորված առաջնային օրակարգն է: Ցավոք սրտի, այսպես տիտրում գործող քաղաքական ուժերը դեռևս չեն ամբողջականացրել հետնիկոլյան Հայաստանի օրակարգը: Եվ կարծում եմ շատ քաղաքական ուժեր, հասարակական խմբավորումներ հենց սպասում են հետնիկոլյան Հայաստանի օրակարգի ձևավորմանը: Եվ քանի որ իրենք են սկսել այդ պրոցեսը՝ դոմինանտ միավորներն իրենք են, հետևաբար իրենք էլ, ըստ առաջնահերթության, պետք է ձևակերպեն այդ օրակարգը: Քանի որ բոլորի մոտ էլ կասկած չկա, որ «Նիկոլ» այլևս գոյություն չունի, Նիկոլի և Հայաստանի ընդհանուր համակեցության հնարավորությունները այլևս սպառված են: «Ժառանգությունն» այնտեղ է, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է՝ բոլոր հրապարակներում, փողոցներում: Եվ մենք մեր ներկայությամբ ի ցույց ենք դնում, որ հայրենատվության արարները պետք է կասեցվեն:

- Պառակտված հասարակությանն ինչպես միավորել, այն այսօր ավելի քան վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում:

- Կարծում եմ առաջնահերթ է քաղաքական նոր էլիտայի ձևավորումը, բացի դրանից ներքին խողովակներով հաղորդակցության միջոցների վերականգնումը: