Դատավորների ընտրությունը վատի ու ամենավատի միջեւ է․ Քոչարյանի պաշտպան

Դատավորների ընտրությունը վատի ու ամենավատի միջեւ է․ Քոչարյանի պաշտպան

«Կստանանք դատարանի որոշումը, այդ ժամանակ էլ ավելի առարկայորեն կասենք։ Բայց դատարանը պետք է դիտարկեր միայն այն, ինչ ներկայացվել էր դատարանում։ Իսկ դա բավարար չէ ինքնաբացարկի համար։ Հակառակ դեպքում, եթե դատարանը ղեկավարվել է լրացուցիչ տեղեկատվությամբ, ինքնաբացարկը պետք է վերցներ դիտարկման փուլում»։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկ հայտնելուն։

Հիշեցնենք՝ Վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանին էր մակագրվել Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ գրավ չկիրառելու առաջին ատյանի որոշման դեմ։ Դատախազությունը միջնորդել էր Պապոյանին ինքնաբացարկ հայտնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ ԱԱԾ-ն քննում է քրեական գործ, թե արդյոք Պապոյանը մասնակցել է Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման կայացմանը, թե դա զրպարտություն է։

Օրբելյանը նշեց, որ Հայաստանում իրականացվում է աննախադեպ ճնշում դատական համակարգի վրա․ «Չեմ կարող գնահատել առանձին դեպքերը նախորդ տարիներին, բայց նման ճնշում համակարգի վրա առհասարակ տեղի չի ունեցել․․․Դատավորները կանգնած են ընտրության առջեւ՝ կամ որոշում կայացնել, որը չպետք է ընդունեն խղճով, կամ ռիսկի դիմեն։ Ընտրությունը վատի ու ամենավատի միջեւ է»։

Արամ Օրբելյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը Ամանորը բանտում կդիմավորի, թե ազատության մեջ։

Նա հույս հայտնեց, որ գործի հաջորդ դատավորին մակագրելու գործընթացը արհեստականորեն չի ձգձգվի և իրենք կկարողանան ներկայացնել իրենց բողոքը։

Մենք Օրբելյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ովքեր են այն անձինք, որոնք պատրաստվում են Առաջին ատյանի դատարանում անձնական երաշխավորություն ներկայացնել Քոչարյանի ազատ արձակման համար։ Պաշտպանն անուններ չհրապարակեց, միայն ասաց, որ խոսքը մի քանի անձանց մասին է․ «Ես չասացի պաշտոնյա է, թե պաշտոնյա չէ, կամ որտեղից են նրանք՝ Հայաստանից, թե Արցախից, չեմ ասի, քանի դեռ իրենք չեն գա եւ ցանկություն չեն հայտնի»։