Ռուսները ռուբլին բերում են, դոլարը՝ տանում. ռուս-հայկական աժիոտաժ դոլարի շուրջ

Ռուսները ռուբլին բերում են, դոլարը՝ տանում. ռուս-հայկական աժիոտաժ դոլարի շուրջ

Մոսկվայի բորսայում անցյալ շաբաթ սակարկություններ տեղի չեն ունեցել: Երկուշաբթի եւ երեքշաբթի դրանք չեն վերսկսվել: Մոսկվայի օդերը, բառի բուն իմաստով, փակել են: Երկաթուղային լոգիստիկ շղթան խախտված է: Մատակարարումներ չկան: Ռուբլին վերջին տասն օրում 50 տոկոսով էժանացել է: Երեկ դոլարը Մոսկվայում պատմական մինիմում գրանցեց՝ վաճառվում էր 142 ռուբլով, եւ սա պաշտոնական փոխարժեն է: ՌԴ բնակիչները բանկերից դոլար չեն կարողանում գնել: Լավագույն դեպքում, բրոքերների միջոցով են վերցնում: 

Երեւանի տարադրամի շուկայում եւս ռուբլու սահուն անկում է տեղի ունենում: Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեքը այսօր 3.90 դրամ էր, ինչը մոտ 82 դրամով ցածր է կիրակի օրվա փոխարժեքից: Վաճառքի ամենացածր փոխարժեքը այսօր 4.84 դրամն է: Դոլարի պաշտոնական փոխարժեքը 506-520 է: 

Ուկրաինական սպեցօպերացիայի օրերին ՌԴ եւ Ուկրաինայի քաղաքացիների ինտենսիվ ներհոսք է նկատվում: Մեր տեղեկություններով, նրանք մեծ քանակությամբ դոլար են գնում հայկական բանկերից եւ հանում են երկրից: Երեկ, օրինակ, ըստ մեր տվյալների, որոշ բանկեր հրաժարվում էին դոլար վաճառել: Ասում են, արգելքը միայն ՀՀ քաղաքացիներին է վերաբերում: Փաստորեն, ՌԴ քաղաքացիները Հայաստանի բանկերում հաշիվներ կարող են բացել: Արդյոք սա չի՞ հարվածի մեր տարադրամի շուկային: Ռուսները մեծ քանակությամբ ռուբլի են բերում, դոլար են տանում: Բոլորիս անհանգստացնող տարադրամային խուճապի շուրջ զրուցեցինք տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ: 

- Մենք ունենք փոխարժեք, որը հավասարակշռության կետ է: Հիմա ի՞նչ տարբերություն, թե այդ փոխարժեքով ով է դոլար ձեռք բերում: Նրանք ռուբլին վերածում են դրամի ու դրամով առնում են դոլար: Ստացվում է՝ իրենք դրամով դոլար են առնում: Դոլարի պահանջարկն ավելանում է, դոլարի կուրսը կբարձրանա, ռուբլունն ավելի կիջնի: Այսինքն, այստեղ մի կարճաժամկետ պրոցես է գնալու, որից հետո եթե այստեղ ձեռնտու է դոլար առնել, գնալ Ռուսաստան, մի շաբաթ հետո դա այլեւս ձեռնտու չի լինի: 

- Էս կոլապսը, Ձեր կարծիքով, երկա՞ր կտեւի: 

- Կապված է պատերազմական սցենարի հետ: Նայած, թե որքան կտեւի պատերազմը: Ինձ թվում է, երկար չի շարունակվի: Այս պահի դրությամբ մեզ ձեռնտու է, որ մենք օգտագործենք այն կարճաժամկետ հնարավորությունը, որը կա, որ Ռուսաստանից ինչ-որ բիզնեսներ գան այստեղ, կամ որ մեր բանկային համակարգն ինչ-որ միջանկյալ օղակի դեր ունենա: 

- Հնարավոր է, որ մեզ էլ արգելափակեն, սանկցիաներ կիրառող երկրները տեսնեն, որ սա ազատ կանալ է ռուսական բիզնեսի համար, եւ պատժամիջոցները մեր նկատմամբ էլ կիրառեն: Թե՞ Դուք դա բացառում եք: 

- Այն, ինչ այստեղ արվում է, անօրինական չէ: Երկրորդ․ եթե էմբարգո լիներ որեւէ կազմակերպության, մենք չէինք կարող դրա հետ առնչություն ունենալ: Բայց իրենք՝ ռուսները հիմա էմբարգոյի տակ չեն: Ընդամենը Արեւմուտքի բիզնես համակարգից նրանց անջատել են, եւ սա չի նշանակում, որ նրանք չեն կարող այլ երկրների հետ աշխատել, որոնք անջատված չեն: Բացի այդ, մենք ունենք դրա ինստիտուցիոնալ հիմքը՝ մաքսային միասնական տարածքը, եւ ոչ թե բերում ներգրավում ենք իրենց, այլ տնտեսվարող սուբյեկտը գալիս է այստեղ ու ստեղծում է բիզնես: Մենք նրան չենք կարող խոչընդոտել միայն այն հիմքով, որ նա Ռուսաստանից է եկել: 

- Հիմա ծրագրավորողներ են շատ եկել, ոնց որ, Ռուսաստանից: 

- Այո, իրենց կապը դրսի հետ ավելի ինտենսիվ է, եւ իրենք մի կողմից այս ամենի հետ այնքան էլ կապ չունեն, եւ երկրորդը՝ իրենց խիստ, նույնիսկ կարճ ժամանակ կապի վերականգնում է պետք, ընդհանուր համակարգի հետ կապ պահել, ծրագրեր փոխանցել, այնտեղից ստանալ եւ այլն: Եթե մյուս բիզնեսները կարող են որոշ ժամանակ սպասել, տեսնել, թե ինչ է լինում, իրենք դա չեն կարող: 

- Մենք եւ ՌԴ քաղաքացիները նույն ձեւո՞վ ենք ՍՊԸ բացում, օտարերկրացիների համար չկա՞ն սահմանափակումներ: 

- Կարծում եմ՝ ոչ: Քանի որ ի սկզբանե մեզ մոտ գործող կարգերն ավելի պարզ են, բայց տարբերակում՝ ընթացակարգի առումով, չկա: Մենք նաեւ ունիֆիկացրել ենք ներդրումների ներգրավման համակարգը միջազգային չափանիշներին, եւ այդտեղ շատ կարեւոր է, որ բիզնեսի գրանցումը միասնական լինի, եւ դրսի ու ներսի կազմակերպությունների համար խտրականությունը բացառվի: 

- Վերադառնալով դոլարի կուրսին․ ԿԲ-ն անընդհատ դոլար հանելով շուկա՝ դրամի փոխարժեքն արհեստականորեն բարձր է պահում: Բայց հիմա ռուսները տանում են շատ դոլար ու տանում են ՌԴ: Մեր ԿԲ-ն ո՞նց է այդքան դոլար հանելու ու վաճառելու, սա ռիսկայի՞ն չէ՝ դրամի արհեստական արժեւորման էս քաղաքականությունը: 

- Կձեւավորվի մի այնպիսի կուրս, որ նրանց ձեռնտու չի լինի գալ, տանել: Այնտեղ էլ դոլար կա: Ուղղակի այստեղ պրոցեսն ավելի արագ է լինում, այնտեղ՝ ՌԴ-ում, սահմանափակումներ կան, այստեղ չկան: Ինտերվենցիան նրա համար է, որ կուրսը շատ արագ չթռչի, չբարձրանա, ոչ թե որպեսզի մի ֆիքսված կետի վրա պահի: Բացի այդ, մեզ համար այս պահի դրությամբ ձեռնտու է դրամի որոշակի արժեզրկումը: Հակառակ դեպքում մենք արտահանման, ներմուծման հետ կապված խնդիրներ ենք ունենում: Մարդիկ տրանսֆերտ են ուղարկում այստեղ, բայց թանկ դրամի պայմաններում ցածր գնողունակություն է լինում: 

ՀԳ. Այս շաբաթ թոփ թեման նավթի ու գազի գների աճն է մնում: Եվրոպական բորսայում ցերեկվա դրությամբ նավթի գինն աճել է 7 տոկոսով: Փորձագետները սա բացատրում են ռուսական նավթից հրաժարվելու շուրջ ծավալվող քննարկումներով: Գազի գինը Եվրոպայում անցել էր դոլարից՝ 1000 խմ-ի դիմաց: Իսկ Ռուսաստանի սպառողական շուկայում «քաղցր» կրքեր են: Մեկ շաբաթ առաջ շաքարը բորսայում վաճառվում էր կիլոգրամը 18 ռուբլով, այսօր արդեն գինը 67 ռուբլի է:

Որոշ մարզերում շաքարն անհետացել է վաճառասեղանից: Աժիոտաժ է դեղերի շուկայում: Դեղատներում հերթեր են, խեղդոց: Մարդիկ վաճառասեղաններից խուճապահար «սրբում» են եվրոպական արտադրության դեղամիջոցները, իսկ հեռուստաալիքներով քաղաքացիներին բացատրում են, որ տեղական արտադրանքը եւս լավն է: