Ադրբեջանը Սյունիքում կալավանցուց վախեցել, հետ է քաշվել  

Ադրբեջանը Սյունիքում կալավանցուց վախեցել, հետ է քաշվել  

Սարսափելին գիտե՞ք որն է։ Երբ որևէ մարզում մարզպետ է նշանակվում ու այդ մարդը կարող է կյանքում այդ մարզում եղած չլինի կամ էլ տուրիստականով շրջագայած լինի։ Առավել ևս պատերազմական այս իրավիճակում, երբ մարզի լինելիության հարցն է օդում կախված, մարզպետ նշանակված անձը դատողություններ է անում մարզի  տարածքի, թշնամու տեղակայման, առավել ևս թշնամու հետքաշման մասին, երբ ինքը նույնիսկ չգիտի որտեղից է սկսվում ու որտեղ է վերջանում մարզի տարածքը։ 

Խոսքս Սյունիքի մարզի կալավանցի մարզպետի մասին է, ով մինչև մարզպետ դառնալը «փորձաշրջան է անցել» Փաշինյանի կաբինետում։ Տեսեք թե ինչ պատասխանատու բան է հայտարարում։ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասում է, որ Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական կողմը հետ քայլ է կատարել։ Փաշինյանի Թուրքիա՝ երդմնակալության գնալու  ֆոնին սա սպասելի քաղաքական հայտարարություն էր իր թիմակիցների կողմից՝ տեսեք, գնաց ու արդեն լավ բաներ ենք լսում։ Այնպես որ սթափ մտածելու դեպքում պետք չէ կալավանցու հայտարարությանը  կարևորության տալ։ Բայց կալավանցին ինքն իր  հայտարարությունը զրոյացրեց, երբ չկարողացավ հստակ տեղեկություն տալ կոնկրետ տեղանքների մասով։ Ասել, թե որ տեղանքում է թշնամին  հետ քաշվել, ի՞նչ է եղել, որ հետ են քաշվել։ Կալավանցի բառը ես շեշտում եմ այն բանի համար, որ եթե մարզպետը սյունեցի լիներ, ամեն մի թփի, քարի  տեղն էլ կիմանար, ի՞նչ մնաց՝ թշնամու հետ քաշված տեղանքը չիմանար։ Սահմանային գոտում, ինչու չէ, հենց մեր տարածքում, թշնամու ինժեներական բնույթի հարցերին, պատասխանում է, որ դա պաշտպանական տարածքում կառուցողական աշխատանքներ են։ Այսինքն թշնամին եկել մեր տարածքում մեզնից պաշտպանվու՞մ է։ Ու դա ոչ մի բան չի նշանակու՞մ։ Ասում է՝ թշնաին սահման չի գծում։ Որոտանում ու Շուռնուխում  սահման չե՞ն  գծել։ Գորիս Կապան մայրուղին էլ ազատ է, հա՞։ Այնքան պաշտպանված ենք, թշնամին էլ այնքան վախեցած է, որ մայիսի 26 -ին Սյունիքից երկու զինվոր են առևանգել։ 

Սյունեցիներին, հայությանը քնեցնելու համար են նշանակվում այնպիսի մարզպետներ, համայնքապետեր, որ վերևից ինչ ասեն՝ իրենք կրկնեն։ Այդքանն ամբողջացվում է կալավանցու հետևյալ հայտարարությամբ․ «Սահմանամերձ բնակավայրերից հաճախ են բնակիչները բարձրաձայնում իրենց զինելու անհրաժեշտությունը՝ ինքնապաշտպանության համար, սակայն սահմանապահ գյուղացուն զինելու անհրաժեշտություն չկա»։ Դե զինում եք ի՞նչ անեք, հանկարծ կարող է գյուղացին  թույլ չտա, որ թշնամին իր հող մտնի, ինչպես մտան  Տեղ գյուղ։ Երբ որ թշնամին գալիս է պիտի քաղաքավարի հետ քաշվեն։ Կալավանցին  ասում է, որ Տեղ գյուղում 50 ընտանիք չի կարողանում իր հողը մտնել։ Ինչու՞ մտահոգվել, մենք նրանց աջակցություն ցույց կտանք։ Թող թուրքը հանգիստ նստի։ Սա է նշանակում իր խոսքերի իմաստը․ «Այս պահին Սյունիքի Տեղ համայնքում շուրջ 50 ընտանիք խնդիր ունի հասնելու իրեն պատկանող վարելահողերին։ Սրան, ըստ նրա, խոչընդոտում է երկու հանգամանք՝ առաջինն ադրբեջանցիների առաջխաղացումն է, մյուսը՝ հայկական բանակի տեղակայման հանգամանքը։ Իր խոսքով՝ այն բնակիչները, որոնք հնարավորություն չունեն մուտք գործելու իրենց տարածքներ, կստանան աջակցություն՝ այս տարվա չիրացված եկամտի համար»։
Ու այսքանից հետո ուզու՞մ ես, որ մարդիկ հավատա՞ն, որ թշնամին հետ է քաշվել։ Հետ է քաշվել, բայց չգիտես, թե ո՞ր տեղանքից է հետ քաշվել։ մնում է արձանագրել, որ թշնամին Սյունիքում կալավանցուց վախեցել, հետ է քաշվել։