Պետք է ընդամենը մտնել խանութ եւ տեսնել ու լսել առեւտուր անելուց մարդկանց դժգոհությունները

Պետք է ընդամենը մտնել խանութ եւ տեսնել ու լսել առեւտուր անելուց մարդկանց դժգոհությունները

Հայաստանում սննդամթերքի եւ այլ ապրանքատեսակների գնաճ նկատվել է դեռեւս քովիդի համավարակից եւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Հանրապետությունում գների կայունության  երաշխավորը Կենտրոնական բանկն է, որը գրեթե չորս տարի՝ 2017 թ․ փետրվարից, նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոսից այն հասցնելով 4,25 տոկոսի։ Հիմա էլ ինտենսիվորեն նվազեցնում են դոլարի կուրսը։ Զրուցել ենք «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

- Հայաստանյան շուկայում աննախադեպ թանկացումներ են։ Սննդամթերքի, պտուղ-բանջարեղենի եւ այլ ապրանքների գների աննախադեպ գնաճ է նկատվում, ի՞նչն է խնդիրը։

- Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները եթե այս պահին չքննարկենք, այլ քննարկենք զուտ փաստը, ապա փաստերը խոսում են, որ մենք ունենք շատ վատ վիճակ։ Ինչպես է ստացվել դա։ Տեսեք՝ գնաճը, պաշտոնական վիճակագրությամբ, գերազանցում է 8 տոկոսը։ Ավելին, այն ապրանքախումբը, որի հետ ամեն օր շփվում է մեր սպառողը, երկնիշ աճ ունի։ Այսինքն՝ բանջարեղենը թանկացել է 40 տոկոսով, կաթնամթերքը՝ 10 տոկոսից ավելով, մսամթերքը նույնպես թանկացել է։ Այս ապրանքատեսակներն ավելի են թանկացել, քան անգամ պաշտոնական վիճակագրությամբ հայտարարված 8 տոկոսն է։ Բայց եթե մնանք բացառապես այդ 8 կամ 8.5 տոկոսի դաշտում, ապա պետք է հասկանանք մի բան, որ առնվազն հասարակության մի ստվար զանգվածի մոտ չկա եկամուտների համարժեք աճ։ Իսկ եթե մենք ունենք գնաճ ու չունենք եկամուտների համարժեք աճ, ապա դա նշանակում է՝ ունենք կյանքի որակի վատացում։ Ավելին ասեմ՝ ունենք սպառողի հիմնարար իրավունքներից մեկի ոտնահարում, այն է՝ նվազագույն կարիքների բավարարման իրավունքի ոտնահարում։ Սրան զուգահեռ, գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ բա ինչո՞ւ չեք նկատում տնտեսական  ակտիվության ցուցանիշը, որը կա։ Բայց այդ տնտեսական ակտիվությունը պետք է դնենք քննարկենք, պետք է հասկանանք՝ տնտեսական ակտիվությունը կյանքի որակի ի՞նչ փոփոխություն է իր հետ բերել կամ՝ ընդհանրապես բերե՞լ է, թե՞ չէ։ Օրինակ, պետական ապարատի հատվածում աշխատավարձերի բարձրացում ունե՞նք, թե՝ ոչ։ Այս ընթացքում քննարկվում է, որ իրենք փորձում են թոշակառուներին, պետական հատվածին պարգեւավճարներ եւ այլն տալով նվազագույնը բավարարել։ Այսինքն՝ չունենք նպաստների, թոշակների, աշխատավարձերի բարձրացում։ Եվ այս դեպքում, երբ որ էկոնոմիկայի նախարարն ասում է, որ մարդիկ իրենց մաշկի վրա զգում են տնտեսական աճը, այդ ի՞նչ ցուցիչով է ասում։ Մարդիկ իրենց մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, այլ՝ գնաճը։ 

-  Ինչի՞ց է գնաճը մեր շուկայում։

- Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ։ Խնդիրը հետեւյալում է՝ գնաճը կանխելուց բացի, այլ՝ ինչ գործիքակազմեր կան։ Երբ որ պետությունը հասկանում է, որ չի կարողանում կանխել գնաճը, որովհետեւ բոլոր թանկացումներն օբյեկտիվ գործոններով են պայմանավորված, պետք է օժանդակման ծրագրեր մշակի։ Որովհետեւ մենք, բառիս բուն իմաստով, թողել ենք իներցիայի վրա ու գործ անելու փոխարեն որոշել ենք հայտարարություններով մեր գործն առաջ տանել։ Մինչդեռ դրանով գործն առաջ չի գնում, հակառակը՝ մենք անգամ խնդիրը չենք ընդունում։ Ավելին ասեմ, անկեղծ մասնագիտական վերլուծությունների պակաս ունենք դաշտում։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը բարձրացնում էր  վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի զսպեր գնաճը, մինչդեռ ֆինանսավորման տոկոսադրույքի ավելացումը ենթադրում է, որ պետք է պահանջարկը նվազի։ Այդուհանդերձ, Հայաստան եկան մոտավորապես 100 հազար փախստական՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված։ Ավելին՝ եկան վճարունակ մարդիկ, որոնք մեր քաղաքացիները չեն, բայց վճարունակ են։ Եվ կուրսը, որ երկար ժամանակ վարվել էր՝ պահանջարկի նվազեցման, պահանջարկը չնվազեց, եւ գործիքը դարձավ անարդյունավետ։ Թանկացումները վերլուծելիս ասեմ, որ այստեղ կան մի շարք օբյեկտիվ գործոններ․ նախ՝ որոշակի իմաստով փոխվել է ինքնարժեքը, որովհետեւ պարարտանյութը թանկացել է, վառելիքը թանկացել է, ամեն ինչն է թանկացել։ Երկրորդ՝ ի՞նչ ծրագիր ունենք մենք գյուղացու համար, որ նա կարողանա, այսպես ասած, փոխհատուցումներով ապրանքի գին պահել։ Եվ երրորդ, ի վերջո՝ գյուղացու կյանքն է թանկացել, եւ ինքը պետք է սկսի ավելի շատ եկամուտ ունենալ, որպեսզի կարողանա իր մնացած ծախսերը հոգալ։ Ինչո՞ւ ենք մենք այս վիճակում։ Արդյո՞ք այն պարզ տրամաբանությունը, թե լավ է, վատ է՝ կարող էր այլ տարբերակ ունենալ։ Անխոս, կարող էր այլ տարբերակ լինել, եթե մենք ունենայինք եւ վարեինք ագրարային քաղաքականություն։ Բայց երբ որ մենք ո՛չ քաղաքականություն ունենք եւ ո՛չ էլ ագրարային քաղաքականության կուրս ենք վարում, եւ երբ որ էկոնոմիկայի նախարարն ասում է․  դե, գիտեք՝ դրսում ավելի թանկ է, դրա համար էլ գնում է այնտեղ, հետեւաբար, այստեղ էլ է թանկանում։ Տրամաբանորեն թվում է, թե ճիշտ բան է ասում, բայց եթե էկոնոմիկայի նախարարը չասեր, այլ՝ գյուղնախարարը, հաջորդ օրը այդ նախարարին կարող էինք ասել՝ գնա տուն, դու չգիտես, թե ինչով ես զբաղված։ Մեր երկրում էկոնոմիկայի նախարարը նաեւ գյուղի պատասխանատուն է, ուստի ոչ միայն էկոնոմիկայի տեսանկյունից պետք է խոսի, այլ նաեւ՝ գյուղի։ Օրինակ, մի պահ պատկերացրեք, որ այսօր Ռուսաստանը հացահատիկի վրա արտահանման սահմանափակում չդներ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դեֆիցիտ կառաջանար, ինչ պահանջարկ կունենար, ինչ գներ կլինեին հացահատիկի շուկայում։ Բայց իրենք, հասկանալով, որ մեծ խնդիրներ կարող են առաջանալ, համապատասխան ագրարային քաղաքականություն վարեցին եւ այդ դեֆիցիտը երկրի ներսում չառաջացրին, որը կբերեր էական գնաճի։
Հիմա, երբ մենք մտածենք, թե մեր երկրի ներսի հարցը ոնց ենք լուծում, ագրարային քաղաքականություն վարենք, թվային տվյալներ ունենանք, հասկանանք՝ ինչը պիտի ինդեքսավորենք, ինչը՝ ոչ, ինչի վրա պիտի շատ ներդրում անենք, ինչի՝ քիչ, այդ ամեն ինչն անենք, էլ այ էսպիսի բաներ չենք խոսի։ Բայց քանի որ մենք ո՛չ գիտենք՝ ինչ ենք անելու, ո՛չ էլ անում ենք ինչ-որ բան, մեզ մնում են, այսպես ասած, դատարկ զրույցները, որոնց հետեւանքն այսօրվա մեր վատ վիճակն է։

- Մարդիկ դժգոհում են այսօրվա աննախադեպ թանկացումներից, սակայն նրանց ձայնը լսելի չի դառնում։ Ինչպե՞ս վարվել։

- Մարդիկ լուռ չեն, այո։ Ընդամենը պետք է մտնել խանութ եւ տեսնել ու լսել առեւտուր անելուց նրանց դժգոհությունները։ Կյանքում լինում են սոցիալական եւ քաղաքական հարցեր։ Այսօր մեր երկրում տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որոնք պետության համար նշանակալի դեր ու նշանակություն ունեցող հարցեր են։ Հիմա կան մարդիկ, որոնց համար այս խնդիրը կարեւոր է, կան, որ՝ հակառակը։ Ինչեւիցե, չկա մեկը, որ չկարծի, որ Հայաստանում կան թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ մարտահրավերներ, որոնց համար անհրաժեշտ է պայքարել։ Բայց ըստ առաջնահերթությունների դժգոհության վիճակ չկա, որովհետեւ ոչ թե պատճառ չկա, այլ՝ վիճակ չկա, որովհետեւ փողոցային պայքարը սոցիալական հարցերի մասին չէ։ Իսկ այդ սոցիալական հարցերով բողոքի զանգվածային ցույցեր նախաձեռնողները՝ քաղաքացիական անձինք կամ ակտիվ անձիք, ովքեր կարող են լինել, իրենք այլ օրակարգով արդեն դրսում են։ 

- Փաստեցիք, որ շուկան անվերահսկելի վիճակում է գտնվում։ Ի՞նչ է պետք անել։

- Շուկայում ստեղծված է շատ բարդ ու ծանր իրավիճակ, եւ այստեղ միայն վերահսկողության խնդիրը չէ։ Երբ որ օբյեկտիվ գործոն կա, դու պետք է ոչ միայն վերահսկելով կարգավորես, այլեւ աջակցման մեխանիզմներ ներդնես։

- Այս պայմաններում ովքե՞ր են շուկայի գնային համակարգը որոշողներն ու կառավարիչները։

- Գյուղացին, մի մասն էլ՝ 2-րդ եւ 3-րդ ձեռքի առեւտրականները։ Եթե առաջին երկուսը՝ գյուղացին ու 2-րդ ձեռք վաճառողը, օբյեկտիվ են, ապա արդեն 3-րդը սուբյեկտիվ է։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չունենք աշխատող համակարգ։ Ունենք գործադիր՝ իր բազմաթիվ նախարարություններով, վարչապետի աշխատակազմից մինչեւ էկոնոմիկայի նախարարություն, անգամ սոցապնախարարություն։ Ինչո՞ւ, որովհետեւ չի բացառվում, որ մի պահ դիմեն սոցիալական մեխանիզմների մշակմանը եւ այլն։ Ամբողջ բեռը դնել մեկի վրա՝ ճիշտ չէ, բայց մենք պետք է փաստենք, որ գործադիրն իր ամբողջական համակարգով գործընթացը ձախողում է։ Պետք է հասկանանք, որ անգամ իրենց կանխատեսումներով դեռ մեզ լավ օրեր չեն սպասվում, որովհետեւ ԿԲ նախագահի ԱԺ վերջին ելույթի, հաշվետվության ժամանակ Կենտրոնական բանկը հստակ արձանագրեց, որ գնաճային միտումները շարունակելու են, եւ, մեղմ ասած, լավ օրեր չխոստացան։ Եվ սա անգամ պաշտոնական մակարդակով ասվեց։