Ի՞նչ է գրել Գուտերեշը Պուտինին, Էրդողանին և Զելենսկուն

Ի՞նչ է գրել Գուտերեշը Պուտինին, Էրդողանին և Զելենսկուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակներ է ուղարկել Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Վլադիմիր Զելենսկուն՝ Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու առաջարկներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք շարունակում ենք մեր քննարկումները բոլոր կողմերի հետ՝ բաց առևտուրը, սննդամթերքի հոսքը և նավագնացության անվտանգությունը պահպանելու համար: Այդ կապակցությամբ Գլխավոր քարտուղարը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներին», - ասել է Դյուժարիկը: 

Նա նշել է, որ նամակներում Գուտերեշը նշել է, որ «քաղաքացիական նավարկության ազատությունը մնում է ՄԱԿ-ի շարունակական ջանքերի հիմնական թեման» այս ուղղությամբ, և որ «սննդի և առևտրի ուղիները պետք է լինեն անվտանգ, կայուն և կանխատեսելի»:

Դյուժարիկը ընդգծել է, որ, հաշվի առնելով Սևծովյան հացահատիկի նախաձեռնության դասերը, «ՄԱԿ-ը շարունակում է ակտիվ փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Ուկրաինայի և այլ համապատասխան կողմերի հետ՝ Սև ծովում առևտրային նավագնացության ռիսկերն էլ ավելի նվազեցնելու համար»:

Ուրբաթ օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը մեկնաբանել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը՝ նշելով, որ դա կապված չէ հացահատիկի գործարքի հետ։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «հումանիտար միջանցքը, որով պետք է անցնեին խաղաղ բեռնատար նավերը, օգտագործվել է Կիևի ռեժիմի կողմից ռուսական օբյեկտների դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար»։ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր Սև ծովում առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու համար համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ այս համատեքստում ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ շարունակվում են շփումները՝ մշակելու նոր կանոնակարգեր, որոնք կներառեն պարտավորություններ՝ ապահովելու Սեւ ծովում նավարկության անվտանգությունը։