Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի որդին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի որդին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Իսա Ղամբարի որդին՝ Իլքին Ղամբարը, ով ապրում է Կանադայում, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․

«Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Այլևս երբեք»։

Ինքը՝ Իսա Ղամբարը, մեկնաբանելով հրապարակումը, ասել է, որ իր որդին չափահաս է և պատասխանատու է իր արարքների համար. 

«Հարցերի դեպքում դիմեք Իլքինին։ Նրա դիրքորոշման մեջ, իր կարծիքներում կան որոշ կետեր, որոնց հետ ես համաձայն չեմ։ 7-8 տարի է՝ չենք հանդիպել»։

Ըստ ընդդիմադիր գործչի, իր որդին մի քանի ադրբեջանցիների հետ Կանադայում Youtube-ի ալիք է ստեղծել և պատմական ֆիլմեր նկարահանել. 

«Ես չեմ դիտել նրա «Հայկական թագավորությունը, բայց «Հայոց ցեղասպանության» հարցում նրանք շատ են սխալվում։ Ինձ համար պարզ է, որ ցեղասպանություն չի եղել։ Ցավոք սրտի, որոշ մարդիկ ընկնում են քարոզչության ազդեցության տակ։ Ինձ համար անսպասելի էր «ցեղասպանության» մասին հրապարակումը։
Կարծես թե պետք է այս թեմայով զրուցել Իլքինի, ինչպես նաև մի քանի երիտասարդների հետ»։