Իշխանություններին ինչու՞ է անտեսել

Իշխանություններին ինչու՞ է անտեսել

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արցախի «հերոսական ժողովրդին տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ»:

ՏԻՄ ազատ, արդար, մրցակցային ընտրությունների երաշխավորն Արցախի գործող իշխանությունն էր՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի: Եւ, թերեւս, արդարացի կլիներ, որ Հայաստանի վարչապետն իր շնոհավորական ուղերձում ընդգծեր հենց այդ կարեւորագույն հանգամանքը: Ցավոք, դա տեղի չի ունեցել: Քաղաքական ենթատեքստ այստեղ արժե՞ փնտրել, թե՞ գործ ունենք հուզականության դրսեւորման հետ: Կարեւորն, իհարկե, ինքնին ընտրությունների ազատության, արդարացիության եւ մրցակցայնության իրողությունն է, որ պետք է համարել հեռացող իշխանության՝ երկրի եւ ժողովրդի ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցման արտահայտություն:

Քաղաքական ուժերը, համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուներն, անկասկած, իրենց ներդրումն ունեն օրինակելի ընտրությունների անցկացման գործում: Բայց չպետք է անտեսել, որ գործընթացի հիմնական կազմակերպիչը եւ պատասխանատուն իշխանությունն էր, որին իրականում հաջողվեց բոլոր մրցակիցների համար ապահովել հավասար պայմաններ, պահպանել անդորրը եւ ընտրողներին տալ ազատ կամարտահայտության հնարավորություն:

Այս իմաստով սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունները վերջին երկու տասնամյակներում հաստատված ժողովրդավարական ավանդույթների կենսական շարունակությունն էին, բայց եւ միաժամանակ՝ մի նոր որակական աստիճան:

Դա թույլ է տալիս վստահաբար ասել, որ 2020թ. Արցախի համապետական ընտրությունները նույնպես կլինեն ազատ, արդար եւ մրցակցային, եւ նոր իշխանությունը կձեւավորվի ժողովրդի մեծամասնության կամքով: