Արցախի ՏԻՄ ընտրությունները քաղաքացիական զարթոնք էին

Արցախի ՏԻՄ ընտրությունները քաղաքացիական զարթոնք էին

Կիրակի օրը Արցախում կայացած մամուլի ընտրությունները  թե՛ հայաստանյան, թե արցախյան դիտորդներն ու դիտորդական առաքելությունները գնահատեցին որպես ժողովրդավարական ընտրություններին համապատասխանող։ Հատկապես Արցախի հարցում նման լավատեսական հնչերանգները նորություն չեն, սովորաբար, հասկանալի պատճառներուվ, ընտրությունների թեմայով գերադասում են Արցախի մասին կամ լավն ասել, կամ ոչինչ։  Սակայն այս անգամ որակական այլ չափանիշներ էլ են եղել, Արցախի նախագահական ընտրությունների նախերգանք հանդիսացող ՏԻՄ ընտրությունների պարագայում։ Մասնավորապես, ինչպես նշեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, գրեթե բոլոր շրջաններում հաղթել են այն թեկնածուները, որոնք կամ անկուսակցական են եղել, կամ նրանց իշխանությունը չի պաշտպանել։ Հայկ Խանումյանի խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները կարելի է կոչել որպես Արցախի քաղաքացիական զարթոնքի ընտրություններ։  «Հադրութի շրջանում լավ նորություններ կան շրջկենտրոնից և Տողից, որը նույնպես մեծ համայնք է: Սրանց կարելի է ավելացնել նաև մի քանի փոքր գյուղ: Իշխանության պաշտպանած թեկնածուները պարտություն են կրել: Հայաստանյան հեղափոխությունից հետո Հադրութի մի շարք գյուղերում բնակչության ճնշման տակ գյուղապետ փոխվեց: Այս շրջանում քաղաքացիական վերելքը մեծ նշանակություն ունի, և հուսամ վարակիչ կլինի մյուս շրջանների համար ևս»,-ասաց Հայկ Խանումյանը։ Նրան հարցրեցինք, արդյո՞ք սա Արցախի համար նորություն է, նախկինում նման ընտրություններ Արցախում չէին լինո՞ւմ։ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, որ այո, այս ընտրությունները առաջինն էին 2018 թ․ ապրիլ-մայիսյան ընտրություններից հետո և, փաստորեն, Հայաստանում եղած փոփոխությունները այս տարիների ընթացքում առաջին անգամ հասան Արցախ։ 

Հիշեցնենք, որ անկուսակցական թեկնածուների առումով ամենախոշոր հաղթանակը մայրաքաղաք Ստեփանակերտում էր։Հաղթող թեկնածուն անկուսակցական Դավիթ Սարգսյանն է։ Նա պայքարում էր ևս 4 թեկնածուների հետ, որոնցից 3-ը՝  Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը և Գրիգորի Սահակյանն անկուսակցական էին, իսկ Արայիկ Ավանեսյանը նորաստեղծ «Ինքնություն և միասնություն» կուսակցությունից է։ Այս առումով հաջորդ խոշոր հաղթանակը Հադրութն էր, որտեղ ևս հաղթանակ տարավ անկուսակցկան Վահան Սավադյանը։ 
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր կարծիքով՝ խոսքը ոչ թե հին ու նոր իշխանությունների միջև պայքարի մասին է, այլ երիտասարդների ու տարեցների։«Եթե երիտասարդները չհաղթեին, այստեղ ոչ թե անձի պայքար է, այլ գաղափարի, ապա Հադրութից արտահոսքը՝ արտագաղթը էլ ավելի կշատանար։ Եթե ընտրվեր թոշակառու, էլ երիտասարդը հույս չէր պահի, որ հետագայում ինչ-որ մի աշխատատեղ կբացվի»,-ասաց Վահան Սավադյանը։Հիշեցնենք, որ նրա հետ մրցակցում էր նախկին ոստիկնապետը։

Վահան Սավադյանը հավելեց, որ այս անգամ ամեն ինչ արդար է տեղի ունեցել, ոչ ոք չի խառնվել։ Առաջ խառնվում էին, հիմա նման բան չկա։

Արցախի այս ընտրությունների համար, ի դեպ, հատկանշական է նաև բարձր մասնակցությունը։ Արցախի ԿԸՀ-իցհայտնում են, որ կիրակի օրը ժամը 20:00-ի դրությամբ շուրջ 103 հազար ընտրողներից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցել են 67 հազար 342-ը կամ մոտ 65,5 տոկոսը: Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության 228 համայնքներում առաջադրված էր համայնքի ղեկավարի 416 և համայքի ավագանու 1401  թեկնածու: Համայնքի ղեկավար էին ընտրում նաև Շուշի, Հադրութ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Քաշաթաղ, Քարվաճառ քաղաքներում։