Ով է լինելու ապագայում աշխարհի «թիվ մեկը»

Ով է լինելու ապագայում աշխարհի «թիվ մեկը»

Աշխարհի գլոբալ զարգացման միտումները հաշվի առնելիս բազմաթիվ ազդեցիկ փորձագետներ արդեն այսօր հայտարարում են, որ ապագայի աշխարհում ոչ թե Չինաստանն է տիրապետելու, այլ Հնդկաստանն է դառնալու գլոբալ գերտերություն։ Դեռեւս ոչ վաղ անցյալում հիմնական գնահատականները հանգեցվում էին նրան, որ Չինաստանը, նկատի ունենալով նրա կարծես թե անխուսափելի եւ անկասելի հզորացումը, ավելացնելու էր իր թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հզորությունն այնքան, որ արդյունքում դառնալու էր աշխարհի «թիվ մեկ» գերտերությունը։
Սակայն վերջին տարիների իրադարձությունները մատնանշում են, որ Չինաստանը, բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված, չի կարողանա հասնել աշխարհի «թիվ մեկի» կարգավիճակին։ Նախ՝ տնտեսական ցուցանիշներն այնքան փայլուն չեն, որքան էին ոչ վաղ անցյալում, եւ հետո էլ՝ ավելի ու ավելի իրատեսական է դառնում Թայվանի հետ ռազմական բախումը։ Բացի այդ, բազմաթիվ երկրներ այլեւս նրա տիրապետությունից եւ հաճախ անուղղակի, հաճախ էլ ուղղակիորեն փորձում են խանգարել Պեկինին։ Այնուհանդերձ, Պեկինը դեռեւս այնքան զորեղ է, որ պայմանական «Արեւմուտքն» անհանգստացած է Պեկինի ազդեցության աճով եւ նաեւ իր՝ Չինաստանից ունեցած կախվածությամբ, ինչն արտացոլված է ինչպես ԵՄ դոկտրիններում, այնպես էլ չին-ամերիկյան «առեւտրային պատերազմներում»։

Այս պայմաններում առնվազն անխուսափելի է նոր տարածաշրջանային լիդերի առաջացումը։ Հենց այդ դերին էլ հավակնում է Հնդկաստանը։ Ավելին, Նյու Դելիում հայտարարում են, որ Հնդկաստանն ունի գերտերությունների շարքերը մտնելու հավակնություն։ Այս հայտարարությունը, ի դեպ, տարբեր խոշոր խաղացողների մոտ աջակցություն է գտնում։ Հենց այս լույսի ներքո հարկ է դիտարկել «Մեծ քսանյակի» վերջին գագաթնաժողովին արված հայտարարությունը՝ կապված Հնդկաստանից ԵՄ «այլընտրանքային» տրանսպորտային միջանցքի մասին։ Հարցն այստեղ նախագծի տնտեսական օգտավետությունը չէ, այլ, ավելի շուտ, աշխարհաքաղաքական է, եթե հաշվի առնենք, որ այն աջակցություն է գտել ԵՄ, ԱՄՆ, Պարսից ծոցի երկրների եւ Իսրայելի կողմից։ Այն, որ նախագծին մասնակցելու են ե՛ւ Սաուդյան Արաբիան, ե՛ւ Իսրայելը, արդեն իսկ խոսում է, որ այն, որպես նախագիծ, բավականին ոչ օրդինար է։ Իսկ այն, որ Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՄԱԿ-ը քաղաքական կամք չունի, եւ հարկավոր է միջազգային կառույցները բարեփոխել, արդեն լուրջ հայտ է, որով Հնդկաստանը փորձում է իր տեղն ապահովել ապագայի աշխարհակարգում։

Այս ամենը, իհարկե, դատարկ տեղում չի արվում։ Հնդկաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները տպավորիչ են։ Փաստացի տեղի է ունենում երկրի՝ «երրորդ աշխարհից» զարգացած երկրների շարքն անցման գործընթաց։ Այսպես ոչ ավել, քան մեկ տասնամյակում այդ երկրում երկու անգամ կրճատվել է ծայրահեղ աղքատության պայմաններում ապրող մարդկանց թիվը։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Հնդկաստանն ամենից արագ զարգացող տնտեսություններից մեկն է աշխարհում։ Ընդ որում, այն չունի ժողովրդագրական խնդիր։ Հնդկաստանի բնակչությունն արդեն 1,4 միլիարդ է։ Նույնիսկ տիեզերագնացության մեջ, չնայած համեստ բյուջեին, հնդկական տիեզերական նախագծերը դառնում են աշխարհի առաջատարներ։ Նման իրականության պայմաններում, նկատի ունենալով աշխարհում աշխարհաքաղաքական վերադասավորումների ներկայիս փուլը, երկրի քաղաքական դաշտում ավելի ու ավելի հաճախ են հնչում կարծիքներ, որ Հնդկաստանը պետք է փոխի իր ավանդական՝ «չմիավորվելու» քաղաքական գիծը եւ անցնի «ռեալպոլիտիկի» կուրսին՝ ցույց տալով իր վճռականությունն ու պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը միջազգային գործերում։ Դրան հասնելու համար Նյու Դելին փորձում է խաղարկել գլոբալ Արեւմուտքի եւ Հարավի միջեւ կապող օղակ լինելու իր հանգամանքը, որտեղ վերջինս հանդես է գալու ոչ միայն որպես Հարավի լիդեր, այլ նաեւ գուցե կարողանալու է այնտեղից դուրս մղել Չինաստանին՝ աստիճանաբար Հնդկական օվկիանոսն ու Հարավային Ասիան դարձնելով իր ազդեցության բացառիկ գոտին։