Չուգունե մանդատի հետեւանքները 

Չուգունե մանդատի հետեւանքները 

Բաբկեն Թունյանի մարդկային որակների մասին իր դասախոսները միայն դրական են արտահայտվում: Ասում են, որ խելացի ու պարկեշտ անձնավորություն է: 
Անհասկանալի է մի բան. ունենալով մասնագիտական ու մարդկային բարձր որակներ, ինչու է արտահայտում մտքեր, որոնք ականջահաճո են միայն  իշխանությունների համար: Եթե մասնագետին պարտադրում են դեմ գնալ իր մասնագիտական սկզբունքներին, նա պետք է դիմադրի, իսկ դրա անհնարինության դեպքում ասի՝ ցտեսություն, պարոնայք:

Հարկ է նշել, որ ներկա կառավարությունը «շահեկանորեն» տարբերվում է նախորդ բոլոր կառավարություններից, իսկ մեյնսթրիմի տերմինով՝ աննախադեպ է: Հետևաբար, որևէ անհրաժեշտություն չկա արդարացնելու իրականացվող (ավելի ճիշտ կլինի ասել՝ չիրականացվող) տնտեսական քաղաքականությունը և դրա ողբալի հետևանքները: Եթե մարդկանց (մեյնսթրիմի մեկ այլ տերմինով՝ պողոսներին) առանձնապես չի հետաքրքրում այն, թե ինչ անդունդում է հայտնվել պետությունը, ապա ինչ-որ տնտեսական աճ, աշխատատեղեր, սակագների բարձրացում ու նման այլ բաներ անընկալելի են, անիմաստ: Կարելի է ասել երկնիշ աճ կա, կարելի է ասել, թե աշխատուժի պակասուրդ կա, կարելի է ասել, որ սակագները բարձրացվում են՝ որպեսզի մարդիկ խնայողական լինել: Կարելի է ընդհանրապես ոչինչ չասել, քանզի «չուգունե մանդատը», որը պողոսները տվել են այս իշխանությանը, ենթադրում է, որ իշխանությունը ստացել է իրավունք՝ անել ամեն ինչ և որևէ կերպ հաշվետու չլինել, իր աննախադեպ հաշվետություններով անհանգստություն չպատճառել պողոսներին. պողոսներն իրենց «վար ու ցանքին են», իրենց չի հետաքրքրում քաղաքականությունը, պետության ճակատագիրը:  

Այս նախաբանի առիթը Բաբկեն Թունյանի հետ Վահե Մակարյանի հարցազրույցն է:

Հարց. Քաղաքացին ինչպե՞ս պետք է իր մաշկի վրա զգա տնտեսության աճի ազդե­ցությունը:
Պարոն Թունյանն ասում է, թե «Քաղաքացիները տնտեսական աճի ազդեցությունը սովորաբար միանգամից չեն զգում, եւ պարտադիր չէ, որ էդ տնտեսական աճը հավասար ազդի բոլոր քաղաքացիների վրա։ Դրա համար կարեւոր է, որ էդ տնտեսական աճը լինի ներառական, ու դրանից հնարավորինս շատ մարդիկ օգտվեն՝ տնտեսական աճի բարիքներից…էդ տնտեսական աճի բարիքները հնարավորինս շատ մարդկանց մեջ բաշխվեն, եւ էդ աճին հնարավորինս շատ մարդ մասնակցի»

Շատ ճիշտ է ասում պարոն Թունյանը: Այ, եթե ասեր, թե ինչ մեխանիզմով է ապահովվելու տնտեսական աճի ներառականությունը և խղճուկ տնտեսական աճի խղճուկ բարիքներից ինչպես կարող են օգտվել հնարավորինս շատ մարդիկ, ապա դա կլիներ բոլորովին այլ խոսակցություն:
Որպես տնտեսագետ, պարոն Թունյանը գիտի Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» մասին: Նա գիտի՝ քանի որ շուկայական տնտեսությունը զերծ չէ աղտոտություններից, ապա կառավարությունն այդ անտեսանելի ձեռքի կողքին դնում է իր տեսանելի ձեռքը, այսինքն՝ հարկում է եկամուտներն ու վերաբաշխում: 

Եթե պարոն Թունյանն ասի, թե եկամտային հարկի համահարթեցումն այդ շարքից է, այլ ոչ կլիենտային քաղաքականություն է (հիմնականում IT-շնիկների և բարձր վարձատրվող չինովնիկների լոբբինգի արդյունք), ապա կարելի է կասկածել նրա դասախոսների կոմպետենտությանը: Բայց կասկածել պետք չէ, որովհետև նրանք բարձրակարգ են:
Բաշխումն ի՞նչ մեխանիզմով կարելի է իրականացնել, եթե ոչ հարկերի: ԽՍՀՄ-ում կար նաև այլ պրակտիկա. սպառման հանրային ֆոնդեր: Քաղաքական որոշ սպեկուլյանտներ սարկազմով էին հիշում երիտասարդ ինժեների 120 ռուբլիանոց աշխատավարձի մասին: Բայց նրանք չէին ասում, որ մի 500-600 ռուբլի էլ, եթե ոչ ավելի, այդ ինժեներն օգտվում էր այդ ֆոնդերից. կրթություն, առողջապահություն և նման այլ բաներ: Օրինակ, ներկայում դժվար է պատկերացնել, որ 12 ռուբլի (մոտ 15 դոլար) արժողությամբ ուղեգիր կարող է լինել, որով մի 10 օր հնարավոր է մնալ Մոսկվայի հյուրանոցում կամ Սոչիի որեւէ առողջարանում:  

Հարց. Իսկ գնաճը կարո՞ղ է նպաստել, որ մարդիկ սկսեն ավելի լավ ապրել։ 
Թունյան. Չեմ կարծում, որ որեւէ մեկը նման բան է ասել։ 
Այստեղ պետք էր կանգնել ու ասել՝ հարցրեք նրանից, ով ասել է այդպիսի բան, այլ ոչ թե ենթադրություններ անել: Ու, քանի որ Վահեն պոկ չի գալիս, Թունյանն էլ սկսում է անհեթեթություններ (կներեք, պարոն Թունյան) ասել: 
Հարց. Ձեզ այս գնաճի տեմպերը չե՞ն մտահոգում։ 
Թունյան. Իրականում ոչ մեկին չեն կարող չմտահոգել էդ գնաճի տեմպերը, բայց նաեւ մտահոգությանը զուգահեռ՝ պետք է հասկանաս, թե դու ինչ կարող ես անել, դա քեզնից ինչքանով է կախված։ 

Պարոն Թունյան, հպարտ ժողովուրդը կարծել է, թե ձեզնից ինչ-որ բան է կախված ու վստահել է: Բացի դրանից, կոռեկտ չէ հղում անել ներմուծվող ապրանքների թանկացմանը: Տնտեսական զարգացման խնդիրը պետք է լուծել, հասնել ընդհանուր բարեկեցության մակարդակի բարձրացմանը, որի դեպքում թանկացումներն այնքան ցավալի չեն լինի: Ասենք, օրինակ, ընդամենը վերջերս եվրոպական երկրներում մի քանի անգամ բարձրացավ գազի սակագինը: Կարծես, այդ երկրների տնտեսությունները չփլուզվեցին, տնային տնտեսությունները դիմացան: Ինչպե՞ս: Հենց այդ ինչպեսն է «քեզնից ինչքանով է կախված» հարցի պատասխանը: Այլապես ինչի՞ համար է կառավարությունը, ինչի՞ համար է ԱԺ-ն և ընդհանրապես՝ պետությունը:
Հարց. Հիմա հիմնավորվա՞ծ է լույսի, ջրի, ապագայում՝ գազի թանկացումը։
Թունյան. Այո: 

Նա գտնում է, որ նախկինում սակագների բարձրացումները հիմնավորված չեն եղել: Նախկին, նախկիններ, նախկինների քառակուսի, նախկինների խորանարդ: Այդպես կարող են արտահայտվել բացառապես պոպուլիստ քաղաքական սպեկուլյանտները, բայց ոչ՝ բարձրակարգ մասնագետը: Պետք չէ հաճոյանալ ներկաներին, մանավանդ որ նրանք էլ երբևէ կդառնան նախկիններ:
Հարց. Ուզում եմ հասկանալ՝ Դուք այդ մարդկանց հետ չե՞ք շփվում, չե՞ք տեսնում դժգոհությունը։ Մարդիկ ամեն օր մտնում են խանութ, տեսնում են, որ ամեն ինչ թանկացել է, իսկ իրենց եկամուտները չեն ավելացել։
Թունյան. Բոլորի վրա էլ թանկացումներն ազդում են, բոլորը մեր համաքաղաքացիներն են, եւ մեր՝ պատգամավորների վրա էլ են դրանք ազդում, կառավարության անդամների վրա էլ են ազդում, որովհետեւ մենք նույնկերպ աշխատավարձով ապրող մարդիկ ենք։
«Աշխատավարձով ապրող մարդիկ» արտահայտությունը որոշակի ասոցիացիա առաջացրեց խեղճ երիտասարդ ինժեների 120 ռուբլու հետ: Այսինքն, ստացվում է որ 700-800 հազար կամ 1.5-2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների վիճակը նույն կերպ է վատանում ինչպես 150 հազար աշխատավարձ ստացող զբաղվածների 60%-նը: Հետաքրքիր է: 1000 դրամը 150 հազարի 0.7%-ն է: 1000 դրամը 700 հազարի 0.1%-ն է: Բացի դրանից, պետք է հաշվի առնել սպառողական վարքագծի օրինաչափությունը բնութագրող Էնգելի օրենքի գործողությունը: Եկամուտների մեծացումը հանգեցնում է խնայողությունների և բարձրորակ ապրանքների ու ծառայությունների սպառման մասնաբաժինը: Ավելին, ցածր աշխատավարձի մեծ մասը ծախսվում է սննդի և կոմունալ վճարների վրա: 

Պողոսի միամտությամբ Օստապ Բենդերը Զոսիային հարցնում է. — Вы знаете, Зося,— сказал он, наконец,— на каждого человека, даже партийного, давит атмосферный столб весом в двести четырнадцать кило. Вы этого не замечали?

Այս դեպքում, партийныe-ները Թունյանի նշած պատգամավորներն ու կառավարության անդամներն են, և նրանց վրա атмосферный столб-ը մի քանի անգամ պակաս է ազդում կամ հակառակը՝ պողոսների վրա է մի քանի անգամ ավելի ազդում:
Եվ, որպես վերջաբան, պարոն Թունյանը պետք է որ լավ հասկանա, թե ինչու մարդիկ փողոց դուրս չեն գալիս թանկացումների պատճառով: Դա նորմալ չէ: Նույնիսկ բարեկեցիկ երկրներում, նման դեպքերում, անխուսափելի է հասարակության արձագանքը: Հետևաբար, պետք է մտահոգվել, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս, որովհետև դա վատ նախանշան է՝ ժողովրդի ոգու կոտրված, ոտնահարված լինելու նախանշան:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր