Եվրոպան պետք է իմանա, թե ինչի վրա են վատնում իր հատկացրած փողերը

Եվրոպան պետք է իմանա, թե ինչի վրա են վատնում իր հատկացրած փողերը

Այսօր մի մեծ խումբ փաստաբաններ Փաստաբանների պալատից քայլերթով շարժվեցին դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ` փաստաթուղթ հանձնելու եւրոպական կառույցին, որի համաձայն Հայաստանում փաստաբաններն աննախադեպ բռնության են ենթարկվում, իսկ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակը տեղի ունեցող աննախադեպ բռնության դեպքերին գնահատական չի տալիս: Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախակի են լինում փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքեր։ Վերջին դեպքը եղել է 4 օր առաջ, Փաստաբանների պալատը հայտարարություն տարածեց այդ դեպքով․ «Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: Արատավոր այս երևույթն արմատախիլ անելու համար, այն պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում և արժանանա պատշաճ իրավական գնահատականի»։  
Նկատենք, որ երբեմնի ակտիվ իրավապաշտպանները, որոնք տարիներ շարունակ եւրոպական կառույցներից գրանտներ են ստացել մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը Հայաստանում պաշտպանելու համար, բավականին անհաղորդ են տեղի ունեցող բռնության դեպքերին: Լավագույն դեպքում 1-2 ֆեյսբուքյան գրառում են անում, կամ՝ մի անատամ հայտարարություն և վերջ: Ւսկ 2018-ի իշխանափոխությունից առաջ լրիվ այլ պատկեր էր՝ նրանք օրեր- շաբաթներ պայքարում էին ցանկացած բռնության դեմ եւ ցանկացած դեպք վերագրում իշխանություններին: 2018-ին նրանք հեղափոխություն են արել եւ դարձել իշխանության մաս:

Այսօր իրականացված ակցիայի մասնակից փաստաբանները տարատեսակ պլակատներ էին պատրաստել, գրառումներով: Օրինակ` ԵՄ-ն իր փողերը ծախսում է փաստաբանների դեմ բռնության նպատակով, Հայաստանում փաստաբանների դեմ բռնություն է իրականացվում և այլն:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ակցիային նշեց, որ 2018 թվականի իշխանափոխությունից առաջ` առնվազն 10 տարի նման անգամ մեկ դեպքի ականատես չի եղել։ Իրավապաշտպանի պնդմամբ` փաստաբանների դեմ աննախադեպ բռնությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. Առաջին հանգամանք․ «Ոստիկանները հանդիսանալով իշխող ռեժիմի հենասյուն, ստացել են հրահանգ անել այն ամենն, ինչ ցանկանում է իշխանությունը, ի դեպ բոլոր բռնատիրական համակարգերում այդպես է: Քաղաքական ընդդիմախոսների դեմ բռնատիրական համակարգերում հենց այսպես են վարվում»: Հանգամանք 2. «Ընդհանուր համակարգային դեգրադացիա է գնում առհասարակ: Համակարգի կառավարման մեջ մարդու իրավունքների դերը նվազել է, մարդու իրավունքները սկսել են գերակայություն չունենալ»:

«Կարող եմ մի բան հստակ ասել, որ վերջին 10-20 տարիների ընթացքում նման բան չի եղել: Չեմ հիշում գեթ մեկ դեպք», - նշում է Ռուբեն Մելիքյանը: Մեր հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեք ԵՄ պատվիրակության գրասենյակից, Մելիքյանն ասաց. «Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Եվրոպան իմանա, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչի վրա են վատնում իրենց հատկացրած փողերը: Չեմ բացառում, որ գոնե ոչ հրապարակային պարզաբանումներ լինեն, որոնք ինչ-որ ազդեցություն կարող են թողնել քաղաքական իշխանությունների վրա և նրանք ինչ-որ առումով սթափվեն: Թեպետ չափազանց լավատեսությունն այս պահին այնքան էլ տեղին չէ»-, նշում է իրավապաշտպանը: