Իրենց մանդատը տրվել է այլ նպատակներով, այլ ծրագրային դրույթների հիման վրա, որից այսօր փաստացի հրաժարվում են

Իրենց մանդատը տրվել է այլ նպատակներով, այլ ծրագրային դրույթների հիման վրա, որից այսօր փաստացի հրաժարվում են

Hraparak.am-ը զրուցել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

- Պատերազմից հետո Ալիևը մի քանի անգամ իր հանրային ելույթներում հպարտությամբ խոստովանել է, որ չի գնացել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով, այլ ընտրել է պատերազմի ուղին։ Հունիսի 15-ին լրացավ Շուշիի դեկլարացիայի մեկ տարին, ի՞նչ է փոխվել Ադրբեջան–Թուրքիա հարաբերություններում այս մեկ տարվա ընթացքում։

- Այո, Ալիևը իսկապես հպարտությամբ է նշում, որ ինքը ընտրել է հատուկ պատերազմական ուղին։ Նա և այս տարվա, և անցած տարվա ելույթներում նշում է մի քանի անգամ, որ մերժել է բանակցային լուծումը, մերժել է փոխզիջումային լուծումը։ Եվ մինչ մենք մեր հանրության մեջ քննարկում ենք՝ ով պետք է հողերը շուտ տար, Ալիևը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ընտրել է շատ վաղուց խնդրի ռազմական ճանապարհը և փորձել է հենց դրանով հասնել խնդրի լուծման։ Հունիսի 15-ին՝ մեկ տարի առաջ, Էրդողանը և ԱլիևԸ Արցախի օկուպացված Շուշիում կնքեցին Շուշիի դեկլարացիան։ Ընդ որում՝ ասեմ, որ օրը սիմվոլիկ է ընտրված։ Ադրբեջանում 1993թ․-ի հունիսի 15-ին, ադրբեջանցի ժողովուրդը դիմել է Իհլամ Ալիևի հորը՝ Հեյդար Ալիևին, որ գա և իրենց փրկի։ Այդ օրը Ադրբեջանում համարվում է «Ազգային փրկության» օր։ Իրականում Ադրբեջան-Թուրքիա համագործակցություն մշտապես եղել է։ Եվ պատերազմի  ժամանակ Թուրքիան ակնհայտ աջակցություն ցույց տվեց Ադրբեջանին, բայց այս դեկլարացիան ինստիտուցիոնալ բնույթի տեղափոխեց նրանց հարաբերությունները։ Եվ ես դա համարում եմ ռազմաքաղաքական պակտ, որը, իհարկե, առաջին հերթին ուղղված է Հայաստանին ու Արցախին։ Բայց երկարաժամկետ առումով նաև Իրանի և Ռուսաստանի դեմ։ Եվ իրենք դա չեն էլ թաքցնում, օրինակ, մայիսի 26- 29-ը Բաքվում տեղի ունեցավ «Ադրբեջան 22-29 տեխնոֆեստը», որին ներկա էին հայտնի սելջուկ Բայրաքթարը, նրան ուղեկցեցին Շուշի։ Ամբողջ հայտարարությունները Ալիևի և Էրդողանի թյուրքական ոգու մեջ են, նրանք այսպես ցույց էին տալիս, որ տարածաշրջանում հարցերը միասին են լուծում։ 2020-ի պատերազմից հետո, մոտավորապես 5 տասնյակ համատեղ զորավարժություն են կատարել նրանք։ Ակնհայտորեն իրենք նաև իրենց խնդիրների լուծման համար ռազմական սցենարն են դիտարկում։

- Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը պաշտոնական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հնչեցրել է հետևյալ միտքը, որ հայ ժողովուրդը Փաշինյանին տվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մանդատ։

- Ռամիլ Ուսուբովի վերջին հայտարարությունը մի քանի կոմպոնենտ է իր մեջ պարունակում։ Մի կողմից խոսել է ձեր նշած դրույթների մասին, մյուս կողմից ասել է, որ սա Հայաստանի վերջին շանսն է, ինչը նաև Ալիևն է բազմիցս կրկնում։ Նշել է, որ Ադրբեջանը այլևս որևէ զիջումների գնալու տեղ չունի և անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Ալիևն այս 2 տերմիները միշտ օգտագործում է «կապիտուլյանտ» Նիկոլ Փաշինյանին և ներկայիս իշխանությանը հղում անելով, և «ռևանշիստ»՝  պայմանական նախկիններին հղում անելով։ Եվ այդ 2 տերմիները մեր ներքաղաքական դաշտում հենց իշխանությունն ու ընդդիմությունն իրար դեմ են օգտագործում։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի ստորագրած պայմանագիրը համարում են կապիտուլյացիոն ակտ։ Քաղաքացիական  պայմանագիր կուսակցության ծրագրում «Խաղաղության պայմանագրի» մասին ոչ մի խոսք չկա։ Իրենք խոսել են հնարավոր խաղաղության հաստատման  մասին, բայց դրանց շրջանակներում նույն Արցախի հիմնահարցում կարևոր դրույթներ են նշել՝  առնվազն ծրագրային մակարդակով։ Օրինակ, խոսել են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև կա գոյութենական վտանգ, սպառնալիք՝ իրենց ֆիզիկական գոյությանը, նշել են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո պետք է հասնեն հարցի կարգավորմանը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այսինքն, այն ամենը ինչ այսօր չեն ասում։ Այսօր և լրագրողները, և ընդդիմությունը, կամ այլ ուժեր  չեն կարողանում իրենցից լսել այս ամենը։ Պետք է հարցը հետևյալ ձևով տային՝ դուք հրաժարվո՞ւմ եք ձեր նախընտրական ծրագրից, որովհետև այդ ամենը իրենց ծրագրում գրված է։ Իրենց մանդատը տրվել էր այլ նպատակներով, այլ ծրագրային դրույթների հիման վրա, որից իրենք այսօր փաստացի հրաժարվում են։