ՇԱՏ ԱՎԵԼԻ ՃԻՇՏ Է ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՈՒ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼԸ, ՔԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՍԽԱԼՎԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼԸ

ՇԱՏ ԱՎԵԼԻ ՃԻՇՏ Է ՍԵՓԱԿԱՆ ՍԽԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՈՒ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՀԸՆԿԵՑ ԱՆԵԼԸ, ՔԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՍԽԱԼՎԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼԸ

Զարմանում եմ մեր սոցիոհոգեբանության ներկայացուցիչների վրա՝ չկա մի կազմակերպություն, որ փորձի ուսումնասիրություն կատարել ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում և պարզել նիկոլապաշտության երևույթի հիմքերը և դրանց տեսակարար կշիռները: Նախքան Արցախյան երրորդ պատերազմը և հատկապես հուլիսյան դիրքային կարճ մարտերից հետո որևէ խնդիր չկար՝ հիմնականում այդպես էլ պետք է լիներ, սակայն կապիտուլյացիայից հետո այդ երևույթի ինքնաբերաբար չվերանալը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ովքեր են այդ մարդիկ, ինչ են նրանք ուտում ու խմում (կամ գուցե ծխում), ինչ են նրանք կարդում (եթե, իհարկե, կարդում են), ում հետ են նրանք շփվում իրական կյանքում և այլն և այլն: Եթե երկիրը նմանեցնենք մի մեծ ընտանիքի (ինչպես ժամանակին ամենուրեք կախված մեծ պաստառներն էին մեզ հուշում), ապա այդ ընտանիքի ղեկավարի անհաջողությունը պետք է որ հարցեր առաջացներ այլ անդամների մոտ՝ բացառությամբ դեռևս ոչ գիտակից մանուկների և արդեն ոչ գիտակից ծերերի: Սակայն, ինչպես երևում է, ողջ երկրի և նույնիսկ ողջ հայության մասշտաբով դա այդպես չէ:

Առաջարկվող ուսումնասիրության արդյունքում մեր երկրի գիտակից հանրությունը կունենար հասարակական այդ հիվանդության ամբողջական պատկերը, ինչը հնարավոր կդարձներ դրա բուժումը հանրության առանձին հատվածների կտրվածքով: Որպես օրինակ կարող եմ առաջարկել նշված հիվանդության մի տարատեսակ ու դրա բուժման եղանակը. նիկոլապաշտ հանրության մի մասն, օրինակ, ընդամենը վախենում է ինքն իրեն և ուրիշին խոստովանել, որ սխալվել է նիկոլի հարցում, ու ոչինչ չի ձեռնարկում՝ վախենալով սխալվել երկրոդ անգամ: Այդ մասն, օրինակ, իրականում արտաքուտ է նիկոլական, սակայն ներքուստ դեմ չէր լինի, եթե Աստծո կողմից մեկն ուղարկվեր մեր երկիրը և ազատեր նրան այդ տվայտանքներից: Իսկ հոգեկան տվայտանքներից, ինչպես հայտնի է, կարող են ազատել միայն հոգևոր սպասավորները: Եթե ես լինեի Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ղեկավարը, ապա չէի սպասի Աստծո ընտրյալին, ու ճեմարականներին կհանձնարարեի ֆեյսբուքում մեկ առ մեկ արձանագրել նրանց, ովքեր դեռևս նիկոլապաշտ են հենց վերընշված պատճառաբանությամբ, ու անհատական աշխատանք տանել այդ խավի հետ: Իսկ ճեմարականներին էլ օգնության կարգով կասեի, որ կարող են ինձ որպես օրինակ ներկայացնել. ես մահկանացու եմ, կարող եմ նաև սխալվել՝ չնայած խելացի և գրագետ լինելուս, ու ընդունելով սխալս, պայքարել եմ նիկոլի իշխանության դեմ՝ հանուն մեր ապագայի: Ի վերջո, շատ ավելի ճիշտ է սեփական սխալն ընդունելը ու հանուն մեր երկրի ապագայի նիկոլին գահընկեց անելը, քան երկրորդ անգամ սխալվելուց խուսափելն ու ոչինչ չանելը:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ