«Հրապարակ»․ Նախկին իշխանությունների ժամանակ նման օրենսդրական կարգավորում չկար` սա Նիկոլի նորամուծությունն է

«Հրապարակ»․ Նախկին իշխանությունների ժամանակ նման օրենսդրական կարգավորում չկար` սա Նիկոլի նորամուծությունն է

Երեկ ձերբակալվեցին երկու հայտնի հասարակական գործիչ` Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը՝ եթերում Նիկոլ Փաշինյանին հայհոյելու մեղադրանքով։ Հիշեցնենք, որ նրանք վարում են  «Իմնեմնիմի» անունը կրող փոդքաստը, որի ժամանակ էլ, ըստ Քննչական կոմիտեի, հայհոյել են Փաշինյանին, ինչը ՔԿ-ն անվանում է «խուլիգանություն»։ Մենք զրուցեցինք այն հանրային դեմքերի հետ, որոնք այդ փոդքաստի շրջանակներում եղել են Նարեկի ու Վազգենի հյուրը։ Էդգար Ղազարյանին հարցրինք՝ ինքը այդ փոդքաստի եթերում խուլիգանություն նկատե՞լ է, ի՞նչ կարող է ասել ոստիկանների գործողությունների մասին, որոնք Նարել Սամսոնյանին գցել էին գետնին ու քաշքշում էին․

««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ոստիկանությունը ուժ կիրառելու իրավասություն ունի միայն այն դեպքում, երբ սպառվել են ուժ չկիրառելու մյուս բոլոր հնարավոր միջոցները։ Այսինքն՝ ուժի կիրառումը քաղաքացու նկատմամբ ոստիկանության ծայրահեղ քայլն է, երբ ոստիկանության գործողություններով սպառվել են մյուս բոլոր հնարավոր միջոցները։ Հիմա երբ Նարեկ Սամսոնյանը քայլում է, պարզ է դառնում, որ նա ոչ մի ոչ մի հանցանք չի գործում, ոչ մի կարգ չի խախտում։ Եթե իր նկատմամբ կա քրեական վարույթ, ապա ծանուցագիր ուղարկիր, առաջարկիր, որ մարդը ներկայանա նախաքննական մարմին։ Եթե այդ մարդը չներկայանա, ոստիկանութունը գա, իրեն բերման ենթարկի: Եւ եթե ինքը ոստիկանության ծառայողների դեմ ուժ գործադրի, ոստիկանները ստիպված լինեն ինքնապաշտպանության դիմել և այլն, այդ դեպքերում կարելի է մտածել, որ իրենք ուժ են կիրառել, որովհետև այլ կերպ անհնար է եղել։ Բայց ոչինչ չարած մարդու նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, խմբով հարձակվել նրա վրա, տապալել գետնին, ձեռնաշղթաներ հագցնել․․․։ Նույն բանը տեղի է ունեցել ինձ հետ 2022 թ. սեպտեմբերի 15-ին, երբ ես Աժ ընդունարանից դուրս եմ եկել, և մի հատ դիմակավորված բանդա, որոնք պարզվեց` ոստիկաններ են, հարձակվել են ինձ վրա, նույն ձևով հագցրել են ձեռնաշղթաներ, տարել են ոստիկանության բաժին։ Սա իրավապահ համակարգի հետ բացարձակ կապ չունեցող վարքագիծ է, այսինքն՝ այդ կադրերը եթե համադրում ենք Քննչական կոմիտեի տված մեկնաբանության հետ, ապա հանգիստ կարելի է պարզ եզրահանգում անել, որ ՀՀ ոստիկանությունը այսօր Հայստանում գործող ամենամեծ ու վտանգավոր հանցավոր խումբն է, որն իրականացնում է քաղաքացիների օրինական շահերի ոտնահարում»,- ասաց Ղազարյանը։ 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանին հարցրինք՝ նկատե՞լ է խուլիգանություն Սամսոնյանի հանրային խոսքում․

«Բացարձակ։ Խուլիգանության հանցակազմը հստակ սահմանում է, թե ինչ է խուլիգանությունը։ Ես իրենց գործողություններում խուլիգանության հանցակազմ չեմ տեսնում, այլ խնդիր է, որ իրենց ելույթները ոմանց համար անընդունելի են, բայց իրենք քաղաքացի են, ունեն իրենց կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունք, որը ամրագրված է Սահմանադրության 42-րդ հոդվածով, և իրենք ընդամենը օգտվել են իրենց իրավունքներից։ Եթե ձերբակալողները շատ են ուզում խորանալ, թող խորանան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մեջ, որ ասում է՝ «Ես ընդդիմադիրներին շինելու եմ»։ Հիմա էդ ո՞նց է․ Սահմանադրությունն ասում է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, էդ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել՝ ես բոլորին շինելո՞ւ եմ, իսկ Նարեկ Սամսոնյանին իր կարծիքն արտահայտելու համար ձերբակալե՞ն։ Դա անհավասար մոտեցում է, սա քաղաքական հետապնդում է, և սա քաղաքական նոր բանտարկյալներ ունենալու փորձ է»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ Պետրոսյանն ասաց․ «Նախ դեռ պետք է պարզվի՝ ձերբակալությունն ինչքանով է օրինական, որովհետև Քրեական օրենսգրքում հոդված կա` Ակնհայտ ապօրինի ձերբակալելու և կալանավորելու համար։ Հիմա տեսնենք առաջիկա 3 ժամը ի՞նչ են որոշում ձերբակալողները, առաջիկա 72 ժամվա ընթացքում կորոշվի՝ կալանքի տանե՞լ, թե՞ ազատ արձակել, ըստ այդմ էլ կկողմնորոշվենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել, բայց որ այստեղ ակնհայտ քաղաքական հետապնդում է․․․։ Էդ ո՞նց է իրենց էն փռչոտ մի հատ պատգամավոր ունեն՝ Արթուր Հովհաննիսյան է, ինչ զահրումար է, որ ասում է՝ ականջդ կկտրենք։ Սա ակնհայտ բռնություն գործադրելու սպառնալիք է, բա ո՞ւր է քրեական հետապնդումը։ Այսինքն՝ մենք ապրում ենք երկակի ստանդարտների երկրում, ապօրինությունների, բռնապետության երկրում։ Սա բռնապետության բաստիոն է, և դրա դրսևորումներից մեկն էլ այսօրվա մեր լսած միջադեպն է»,- ասաց Պետրոսյանը։ 

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի համար անընդունելի է, երբ խոսքի համար անձի դեմ քրեական գործ են հարուցում․ «Ինձ համար անընդունելի է, երբ չկա գործողություն, այլ ընդամենը կա հայտարարություն, քրեական գործ են հարուցում։ Դա ազատ խոսքին ու ազատ մամուլին դեմ է։ Սա նորամուծություն է, նախկին իշխանությունների ժամանակ նման օրենսդրական կարգավորում չկար, այլ նման դեպքերում քաղաքացիական հայցով այն մարդը, ում նման կերպ էին անվանել` դիմում էր դատարան՝ պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար։ Նման օրենսդրական փոփոխություն մտցնելը նշանակում է, որ ազատ խոսքը, ազատ մամուլը փորձում են սահմանափակել»,- ասաց Վարդազարյանը։ 

Վարդազարյանի  խոսքով՝ «ասֆալտին փռելու» մեխանիզմը շատ վատ հետևանքներ է ունենալու ապագայում․

«Բերման ենթարկելու այդ լկտի մեխանիզմը՝ «ասֆալտներին փռելու», այս պահին դա գործում է, բայց որոշ ժամանակ անց այս պրակտիկան պտտվելու է ասֆալտին փռողների դեմ, սա շատ հեռուն գնացող հետևանքներ է ունենալու։ Իմ կարծիքով՝ սա խիստ անթույլատրելի է, խսիտ դատապարտելի է, և ինձ շատ զարմացնում է միջազգային կառույցների, դիվանագիտական կառույցների լռությունը սրա կապակցությամբ, որովհետև նման բան միայն բռնապետություններում է ընկալելի ու ընդունելի։ Այն երկրները, որոնք անվանվում են ժողովրդավարության բաստիոն, նման մեխանիզմով քաղաքացուն բերման ենթարկելը խիստ դատապարտելի է»։

Պատմաբան Հայկ Դեմոյանին հարցրինք, թե ի՞նչ կարող է ասել դեպքի վերաբերյալ․ «Այս պահին միակ բանը որ ես կարող եմ ասել, տարակուսանք հայտնելն է, թե արդյոք համաչա՞փ է դա` «ասֆալտին փռելու» պարկտիկ գործողություններ են ուզում ցույց տալ, ուժի ցուցադրություն է․․․, Չգիտեմ, ամեն դեպքում շատ տհաճ է։ Եթե իրավապահ մարմիններն ունեն այլ փաստեր, որոնք կարող են ապացուցվել և արդարացնել այդ ոչ համաչափությունը, ես չգիտեմ, այս պահին չեմ կարող ասել, բայց տեսարանը, իհարկե, շատ վատ տպավորություն է թողնում»,- ասաց Դեմոյանը։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը եթերում հայհոյել են Նիկոլ Փաշինյանին և դա է նրանց կատարած «խուլիգանությունը»։ Այս մասով Դեմոյանն ասաց․ «Ես ավելի վատ բաներ եմ ասում՝ տալիս եմ փաստերի վրա հիմնված ձևակերպումներ, և նույնիսկ դրանք հանրային հնչեցրել եմ, դրանք ապացուցելի են։ Բազմաթիվ փաստերի հիման վրա կարելի է քրեական հետապնդում սկսել, այսինքն՝ հարուցել քրեական գործ, և պետության դեմ իրականացվող քայքայիչ գործունեության, հակապետական գործունեության հետ կապված այդ նույն անձի և նրա շրջապատի բազմաթիվ անձանց հանդեպ իրականացնել կոնկրետ իրավական գործողություններ, բայց քանի որ հասկանալի է, թե որ երկրում ենք ապրում և ինչ միջավայրում, միամտություն կլինի դա ակնկալելը, բայց եթե իրավապահներին հետաքրքիր է, ես կարող եմ տալ հիմնավորում՝ և գիտական և՛ իրավաբանական»: