«Բաբոն տե՛ր ա»․ կանայք կոչ են անում համախմբվել հանուն Արցախի

«Բաբոն տե՛ր ա»․ կանայք կոչ են անում համախմբվել հանուն Արցախի

Հայ կանայք ֆեյսբուքյան հարթակում նոր նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Բաբոն տե՛ր ա» անվանումով ու կարգախոսով։ Ինչպես նշված է տարածված հայտարարության մեջ, «անտարբեր չլինելով Հայաստանի եւ Արցախի ներկայի եւ ապագայի հանդեպ, չներկայացնելով որեւէ կուսակցության շահ, չունենալով որեւէ քաղաքական նկրտումներ, դեմ լինելով Արցախի հանձնմանը, ՀՀ Սահմանադրության ոտնահարմանը, երրորդ հանրապետության գոյության վտանգմանը, ինչպես նաեւ հասարակության պառակտմանը՝ կոչ ենք անում մեր հասարակությանը՝ միավորվել հայանպաստ եւ հանուն Արցախի բոլոր գաղափարների եւ նախաձեռնությունների շուրջ։ Կոչ ենք անում հայ կանանց՝ միանալ մեզ՝ կանգնելով մեր տղամարդկանց կողքին, եւ պայքարել Հայաստանի եւ Արցախի համար։ Կոչ ենք անում հայ տղամարդկանց՝ չհուսալքվել եւ շարունակել պայքարը․ մենք ձեր կողքին ենք։ Բաբոն տե՛ր ա։ Միացե'ք #բաբոնտերա նախաձեռնությանը»։

#բաբոնտերա հեշթեգն ու հայտարարությունն այս օրերին տարածվեցին հարյուրավոր մարդկանց էջերում, նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը եւս միացել է այս նախաձեռնությանը, ասում է՝ «Բաբոն տե՛ր ա» նախաձեռնությունը սպոնտան՝ մի խումբ կանանց կողմից ձեւավորվեց եւ սոցիալական մեդիայում քննարկվելով մի քանի հոգու շրջանում՝ մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցավ։ Նախաձեռնությանն արդեն միացել է շուրջ 500 կին․ «Շատ արագ՝ առցանց հարթակում քննարկումների արդյունքում, կանայք արդյունավետ ձեւով կարողացան այս նախաձեռնությունն առաջ տանել։ Հիմա, առաջիկայում նախատեսվում են նկարահանումներ՝ ուղերձի տեսքով, որն ավելի շատ տղամարդկանց եւ հայ հասարակությանը մոտիվացնող եւ ոգեշնչող դեր պիտի կատարի, կանայք, ապավինելով իրենց ուժերին, բոլոր մարտահրավերներին փորձում են ձեռնոց նետել եւ ասել, որ մենք տեր ենք Արցախին, ինչը չհուսահատվելու ու այս անորոշությունից դուրս գալու քայլ է»։

Առցանց հարթակից դուրս, ավելի գործնական մակարդակում է՞լ ինչ քայլեր են նախատեսվում՝ ակցիաներ, քննարկումներ։ «Այո, առաջիկայում՝ կիրակի օրը, տեղի է ունենալու արդեն օֆլայն՝ դեմ առ դեմ հանդիպում հենց այդ կանանց շրջանում, որի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը։ Արդեն իսկ նախատեսված են որոշակի ակցիաներ, որոնք քննարկման փուլում են գտնվում, բայց այս պահին դեռ չակերտներ չեմ բացի։ Բայց հաշվի առնելով, թե ինչ մեծ արագությամբ տարածվեց այս նախաձեռնությունը սոցիալական հարթակում, եւ ինչպիսի նախաձեռնողականություն ցուցաբերեցին բոլոր ակտիվ կանայք, ես վստահ եմ, որ այն հաջողություն ունենալու է»,- ասում է Ա․ Կոստանյանն ու նկատում, որ նախաձեռնության շուրջ հավաքված կանանց տարիքը շատ տարբեր է, հիմնականում երիտասարդ կանայք են, ովքեր հաջողություններ են ունեցել ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչեւ մշակույթ, նաեւ այնպիսիք, ովքեր իրենց ոլորտներում առաջնորդի դեր են ստանձնել եւ որոշակի ակտիվություն են ցուցաբերում։
Աննա Կոստանյանը չի բացառում, որ «Բաբոն տե՛ր ա» նախաձեռնությունն իր ջանքերն ու քայլերը հետագայում մեկտեղի «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության հետ․ «Նման քննարկում եւ ակնարկ արդեն իսկ եղել է, կարծում եմ՝ այս նախաձեռնությունը, ըստ էության, աջակցող դերակատարում պետք է ունենա բոլոր այն շարժումներին ու նախաձեռնություններին, որոնք միտված են պաշտպանելու Արցախը»