Օրբելյանն օպերային թատրոնը կառավարում է հեռավար՝ ԱՄՆ-ից

Օրբելյանն օպերային թատրոնը կառավարում է հեռավար՝ ԱՄՆ-ից

Կորոնավիրուսն այս օրերին մեծ վնասներ է հասցրել բոլոր ոլորտներին` տնտեսությունից մինչեւ մշակույթ։ Ակնհայտ է նաեւ, որ մշակութային օջախները ֆինանսական մեծ կորուստների առաջ են կանգնելու, եթե արդեն չեն կանգնել, որոնց հետ կապված, սակայն, դեռ որեւէ հաշվարկ չկա։ 
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին 3 ամիսների ընթացքում թատրոնն իր գործունեությունն իրականացրել է առցանց հարթակում՝ թատրոնի ֆեյսբուքյան էջով հեռարձակվում են ներկայացումների տեսագրությունները՝ փորձելով այդկերպ պահպանել հանդիսատեսի հետ կապը, բայց, անշուշտ, ֆինանսական եկամուտներ դա չի ապահովում։ «Տոմսերի վաճառքից մեր եկամուտն ու արտաբյուջեն չի կատարվում, համապատասխանաբար, ծախսերն էլ չեն կատարվում»,- ասում է Կիրակոսյանն ու նշում, որ ԿԳՄՍ նախարարությունը փոխհատուցել է թատրոնին այս ամիսների արտաբյուջեի կորուստը․ «Աշխատավարձի այն մասը, որը վճարվում էր թատրոնի արտաբյուջետային միջոցներից, փոխհատուցվեց ՀՀ պետական բյուջեի միջոցներից»։ 

Օրեր առաջ, պարետի որոշմամբ, մշակութային օջախներին թույլատրվեց փոքր խմբերով փորձեր անել, ինչն օպերային թատրոնի դեպքում դարձյալ խնդրահարույց է, քանի որ գործ ունենք մեծ կոլեկտիվի հետ․ «Փոքր խմբերով կազմում ենք նաեւ մեր աշխատանքային գրաֆիկը եւ փոքր խմբերով էլ փորձում ենք կազմակերպել մեր աշխատանքը, բայց, ամեն դեպքում, մեր կոլեկտիվը շատ մեծ է։ Եվ անգամ փոքր խմբերով ու հերթափոխներով աշխատելու դեպքում սկսում է շատ մարդ թատրոն մտնել ու դուրս գալ, ըստ այդմ՝ համավարակով վարակվելու վտանգն էլ մեծանում է։ Իհարկե, ձեռնարկում ենք նաեւ հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ ախտահանում, դիմակ, փորձում ենք սոցիալական հեռավորություն պահպանել»։ 

Ինչ վերաբերում է թատրոնի ստեղծագործական հարցերին, ապա թեպետ շատ են հետ ընկել, բայց մշտական կապի մեջ են թատրոնի գեղղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ, ով մարտի սկզբից մեկնել է ԱՄՆ, եւ ում հետ թատրոնը հեռավար կապի մեջ է այս օրերին, ինչը, ըստ Կիրակոսյանի, որեւէ ձեւով չի խոչընդոտում աշխատանքային ընթացքին․ «Մարդիկ անգամ երկրում գտնվելով այս օրերին՝ միմյանց հետ շփվում են օնլայն, հեռավար սկզբունքով, մենք էլ նույնձեւ պարոն Օրբելյանի հետ ենք շփվում՝ հեռավար»։ Հնարավո՞ր է այլեւս չվերադառնա Հայաստան, քանի որ նման խոսակցություններ եւս շրջանառվում են։ «Ոչ, նման խոսակցություն չկա, գոնե ես տեղյակ չեմ դրան»։ Հավելեց․ ինքը տեղյակ չէ՝ այդ շշուկները մարդկանց մտավախություննե՞րն են, թե՞ ցանկությունները։