«Հետևանքը`արտեֆակտ». Պատերազմի շարունակությունը

«Հետևանքը`արտեֆակտ». Պատերազմի շարունակությունը

Օրեր առաջ տեղի ունեցավ «Հետեւանքը` արտեֆակտ» բազմաֆորմատ նախագծի ներկայացումը, որը նախ մեկնարկեց «Մոսկվա» կինոթատրոնում, ապա շարունակվեց Նկարիչների միությունում: Նախագիծը փորձ է՝ առաջարկելու այլընտրանքային տեսանկյունով քննել հակամարտությունը՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետեւանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը: Իրականացնողներն արվեստագետ Էդիկ Պողոսյանն ու լուսանկարիչ Արեգ Բալայանն են, ովքեր հակամարտության հետ կապված նյութական վկայություններն ամիսներ շարունակ հավաքել եւ վերափոխել են արվեստի գործերի: 

«Հետեւանքը՝ արտեֆակտ» նախագիծն իր մեջ 3 բաղկացուցիչ տարր ունի` ինստալյացիաներ, լուսանկարներ եւ ֆիլմ (ռեժիսոր` Հրայր Սարգսյան), որի դիտմանը ներկա էր երկրի թե՛ մշակութային, թե՛ քաղաքական վերնախավը` ի դեմս ԱԺ պատգամավորների եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ով 25 րոպե սպասեցնել տվեց ներկաներին:    

Դոկումենտալ ժանրում նկարված ֆիլմը, ըստ էության, ֆիլմ է ֆիլմի մասին, թե ինչպես ծնվեց ու հասունացավ այս գաղափարը, որը միաժամանակ ցույց է տալիս նաեւ լուսանկարների եւ ինստալյացիաների ստեղծման խոհանոցը:  

Ֆիլմի 10 հերոսները ներկայացվում են մետաղի ջարդոնների ֆոնին։ Նրանք բոլորը տուժել են պատերազմից` կորցնելով աչքը, թեւը, ոտքերը, առողջությունը, ավելին` նրանք էլ «մետաղի ջարդոններ» են, ովքեր չունեն անուն, ազգանուն, հասցե։ Նրանք պատերազմի կենդանի արտեֆակտներն են, ովքեր, սակայն, չեն խոսում առաջին դեմքից․ նրանց մասին պատմում է լուսանկարիչ Արեգ Բալայանը` հուզական ու երբեմն էլ կենցաղային մակարդակում․ «կայֆ տիպ ա», «հետաքրքիր աղջիկ ա»։ Մի պահ թվում է` անփութություն է, որ մոռացել են էկրանին ավելացնել հերոսների անուն-ազգանունները, տարիքը, ընդհանրապես՝ նկարահանումների տեղանքը, բայց Նկարիչների միությունում ծանոթանալով հերոսներից յուրաքանչյուրի ֆոտոպատմությանը, որտեղ միտումնավոր ջնջված են նրանց անուն-ազգանունները, հասկանում ես, որ նրանք ոչ թե հերոսներ են, ովքեր ունեն անուն-ազգանուն, հասցե, այլ` արտեֆակտներ, ինչպես որ նախագծի հեղինակները` Արեգ Բալայանը, ով մասնակցել է ապրիլյան պատերազմին, եւ Էդիկ Պողոսյանը, ով Իրան-իրաքյան պատերազմի վկա է: Նրանք ունեն սեփական փորձառությունը, անձնական հիշողությունը, պատերազմը հետեւանքներ է թողել նաեւ նրանց ներսում: Դրա մասին նրանք աստիճանաբար բացվում են ֆիլմում։  

Արեգ Բալայանը, օրինակ, ասում է, որ պատերազմն արթնացրել է իրեն, որտեղ ցավալիորեն հասկանում ես, որ մարդկային տեսակետից դու արժեք չես ներկայացնում, որովհետեւ պատերազմում քեզ չեն ճանաչում որպես մասնագետի կամ ընտանիքի հոր: Պատերազմի ժամանակ է, որ «ես»-դ մաքրվում է, եւ վերադառնում ես նախասկիզբ` այնպես, ինչպես ծնվել ես. «Եթե չլիներ այդ զրոյացումը, եթե դու չդառնաս ոչինչ, չես էլ հասկանա, որ հենց այդ ոչինչն է ամեն ինչը: Ես այդ կետում եղա, ու քիթս կպավ այդ ոչնչին, ուղղակի դրա գինն է շատ թանկ»:

Պատերազմը բոլոր ժամանակներում ֆետիշացրել են` գրքերում, բանաստեղծություններում, երգերում, ֆիլմերում, որին ակամայից մասնակցում են նաեւ իրենք` հեղինակները. «Ծնվում ենք, ու մեզ արդեն սկսում են պատերազմ սովորեցնել, մենք էլ արդեն փոքրուց երազում ենք այդ պատերազմի մեջ լինել, որովհետեւ պատերազմի ժամանակ են հերոսանում, պատերազմի ժամանակ ես ամենակարեւորը լինում,- ասում է ֆիլմում Արեգը։- Խելագարվելու էսթետիկ բան է պատերազմը, այ, էդ ֆենոմենալ բանն է` ոչ մեկս չենք ուզում պատերազմ, բայց մեր ուշքը գնում է պատերազմի համար»: 

Լուսանկարներն իրենց էսթետիկայով, մատուցման ձեւով սիրուն են, բայց «սիրուն»-ն այս դեպքում չի նշանակում ոչ հավաստի, կեղծ, արհեստական, ճիշտ հակառակը` կենդանի դիալոգի մեջ են մտնում հետդ, որովհետեւ դրանք որքան պատերազմի մասին են, նույնքան էլ` կյանքի:

Էդիկ Պողոսյանի համար, ում մոտ գաղափարը ծնվել է դեռ 2-3 տարի առաջ, սա փորձ էր ու հնարավորություն՝ ներկայացնել հակամարտությունն առհասարակ, ոչ միայն ղարաբաղյանը, այլեւ դրա հիման վրա՝ համամարդկային կոնֆլիկտը` մարդ-պատերազմ հարաբերության մեջ:

Ֆիլմում Էդիկը խոստովանում է` պատերազմն իր մեջ դեռ չի ավարտվել, ու դրա հետ որքան դժվար է ապրելը, նույնքան բարդ է նաեւ խոսելը, բայց անհրաժեշտ է նաեւ կիսվել, հենց թեկուզ քեզ համար: Նա գնում է այդ քայլին եւ սկսում հավաքել պատերազմի մասին վկայող ցանկացած կենցաղային իր, ջարդոն, որոնք արդյունքում դարձնում է ինստալյացիաներ. «Սովորական դարձած հետեւանքի դիրքից փորձում եմ բարձրացնել եւ բերել ներկայացնել դրանք որպես արտեֆակտ, որին նորովի մարդիկ կնայեն, եւ գուցե ինչ-որ չափով հաղթահարվի ինչ-որ բան,- ասում է Էդիկը, ով, ինչպես ինքն է նկատում, չի փորձել գեղարվեստականացնել մետաղական ինստալյացիաները։- Իրանք հենց այդ պատմությունն են, նաեւ` պատերազմն ու շարունակությունը կյանքի»:

Ֆիլմի վերջում Էդիկն անկեղծանում է․ հիմա արդեն, երբ նախագիծն ավարտին է հասցրել, չգիտի՝ իր ներսի «բացերի» հետ սեփական հաշիվները մաքրե՞ց, թե՞ ոչ, իսկ կարո՞ղ է նաեւ նոր «բացեր» ստեղծվեցին. «Այլեւս չեմ ուզում, որ «հետեւանքը» լինի պարզապես հետեւանք, ուզում եմ այն գա առաջին պլան, ինչպես որ ժամանակին կանգնել է ճակատի ամենաառաջնային գծում` կրելով պատերազմի հետքերն իր վրա»:  

 «Հետեւանքը` արտեֆակտ» նախագծի հանրային ցուցադրությունից հետո տարբեր կարծիքներ եղան՝ թե՛ դրական, թե՛ բացասական, ու լավ է, որ եղան։ Դա նշանակում է, որ ասելիքն անձնապես հուզել է բոլորին, խոսակցության համար թեմա բացել, մի բան, որ վերջին տարիներին գրեթե չի հաջորդում որեւէ ֆիլմի, ցուցահանդեսի կամ ներկայացման: Ի դեպ, ֆիլմը շարունակվում է ցուցադրվել «Մոսկվա» կինոթատրոնում (փետրվարի 14, 15), իսկ ցուցահանդեսը բաց կլինի Նկարիչների միությունում մինչեւ փետրվարի 28-ը: